Հայաստանն իսկական բացօթյա թանգարան է, որտեղ կարող եք տեսնել միջնադարյան վանքեր, խորը կիրճեր, առատ ջրվեժներ, հոյակերտ լեռներ։ Երկրի անկրկնելի բնությունն ու պատմությունն ավելի լավ ճանաչելու համար արժե ուսումնասիրել քարանձավները։
Արենի-1 (Թռչունների քարանձավ)
Թռչունների քարանձավը Հայաստանի ամենահայտնի քարանձավներից է։ Այցելելով այն՝ Դուք կկարողանաք պարզել, թե ինչպես են մարդիկ ապրել մոտ 6000 տարի առաջ։ Հենց այսպես են գնահատում գիտնականներն այստեղ հայտնաբերված գտածոները:Թռչունների քարանձավի մասին մի քանի հետաքրքիր տեղեկություն՝
- գտնվում է ծովի մակարդակից 1080 մ բարձրության վրա;
- քարանձավում հայտնաբերված ամենահին մշակութային շերտը թվագրվում է մ.թ.ա. 6-5-րդ դդ.-ով;
- Արենիի ստորգետնյա սրահների մակերեսը կազմում է մոտ 500 քմ;
- քարանձավի ուսումնասիրությունը շարունակվում է մինչ օրս;
- 2010թ.-ին այստեղ հայտնաբերվել է աշխարհի ամենահին կոշիկը, որը թվագրվում է մոտավորապես մ.թ.ա. 3500թ.-ով։
Կարծիք կա, որ կոշիկը պահպանվել է շնորհիվ քարանձավի յուրահատուկ միկրոկլիմայի և ծղոտով խիտ լցված լինելու։ Արենիի այս ցուցանմուշը կարելի է տեսնել Հայաստանի պատմության թանգարանում։
Հետազոտողներն ապացուցել են, որ հին ժամանակներում քարանձավի տարածքում կար գինեգործարան, որը համարվում է աշխարհում առաջինը։ Հնագետներն այստեղ հայտնաբերել են խմորման տակառներ, մամլիչներ, ինչպես նաև գինու պահեստավորման անոթներ։
Թռչունների քարանձավ կարելի է այցելել էքսկուրսիայի շրջանակներում։ Հմուտ էքսկուրսավարը կկիսվի այս զարմանահրաշ վայրի հետ կապված հետաքրքիր տեղեկություններով, կներկայացնի պատմությունն ու կծանոթացնի առասպելներին։

Արենի-1 (Թռչունների քարանձավ)
Վարպետ Լևոնի աստվածային գետնափորը
Վարպետ Լևոնի աստվածային գետնափորը, կամ ավելի ճիշտ՝ մի ամբողջ լաբիրինթոս, որը 21 մ խորությամբ գետնի տակ է, գտնվում է Երևանի հարակից գյուղում՝ Առինջում։ Զբոսաշրջիկներին զարմացնում է քարանձավի զարդարանքը՝ կոկիկ խորշերը, սյուները, պատերի փորագրությունները։ Թվում է, թե այստեղ ճարտարապետների մի ամբողջ թիմ է աշխատել, այնինչ, իրականում, այս ամենը մի հոգու աշխատանք է: Լևոն Առաքելյանին ընդհանուր առմամբ 23 տարի պահանջվեց սա իրագործելու համար։Ամեն ինչ շատ պարզ էր սկսվել. 1985թ.-ին Լևոնի կինն իր ամուսնուն խնդրում է նկուղ կառուցել։ Վերջինս, սկսելով փորելու գործընթացը, հասնում է մի քարի։ Դա չի կանգնեցնում իրեն, և նա որոշում է կայացնում քարի մեջ սրահ փորել։
Ժամանակի ընթացքում Լևոնն այնքան է տարվում կառուցման գործընթացով, որ դուրս է գալիս աշխատանքից և իր ժամանակն ամբողջապես նվիրում քարանձավի կառուցմանը։ Յուրաքանչյուր օր նա 18 ժամ տրամադրում էր փորելու գործընթացին՝ օրական խորանալով ոչ ավելի, քան 10 սմ։
10 տարի անց վարպետին հաջողվում է հաղթահարել բազալտե շերտը, որից հետո աշխատանքը սկսում է ավելի արագ ընթանալ, քանի որ նշված շերտի հետևում ավելի հեշտ փորվող տուֆ էր։2008թ.-ին Լևոնը կյանքից հեռացավ։ Սակայն նրա կառուցած քարանձավը շարունակում է գրավել զբոսաշրջիկների և վառ պահել այս յուրահատուկ մարդու հիշատակը։ Քարանձավով էքսկուրսիան անցկացնում են վարպետի կինն ու դուստրը:

Վարպետ Լևոնի աստվածային գետնափորը
Մագելի (Մագելանի) քարանձավ
Մագելի (Մագելանի) քարանձավը Հայաստանի ամենամեծ քարանձավներից մեկն է։ Այն կարստային կառուցվածքով քարանձավ է, որտեղ կան բազմաթիվ ստալակտիտներ և ստալագմիտներ։Բնության հուշարձանն իր անունը ստացել է հովիվ Մագելան Առաքելյանի պատվին, ով հայտնաբերել է քարանձավը 1980թ.-ին։ Ներկայումս ուսումնասիրվել է վերջինիս 2 կմ-ից էլ պակաս հատված, որի մեծ մասն անանցանելի է։
Գիտնականները քարանձավների սրահներում հայտնաբերել են կենդանիների մնացորդներ և հինավուրց գործիքներ։ Այս հայտնագործությունները թույլ տվեցին հետազոտողներին արձանագրել, որ տեսարժան վայրը վերաբերում է նեոլիթյան ժամանակաշրջանին։
Քարանձավի ներսում ջերմաստիճանը մշտապես նույնն է՝ 14 աստիճան Ցելսիուս։ Շատ ցածր կամարները թույլ չեն տալիս մարդկանց անցնել ամբողջապես կանգնած դիրքով՝ որոշ տեղերում շարժվել հնարավոր է միայն սողալով կամ ծնկի իջնելով։
Բացի մեծ թվով ստալակտիտներից և ստալագմիտներից, քարանձավը հայտնի է որպես չղջիկների ութ տեսակի բնակավայր, որոնցից վեցը ներառված են Հայաստանի Կարմիր գրքում։

Մագելանի քարանձավ

Մագելանի քարանձավային մարգարիտներ
Մոզրովի (Արջի) քարանձավ
Մոզրովի քարանձավը հայտնաբերվել է Մագելանի քարանձավի հետ նույն թվականին։ Ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում մասնագետները պայթեցման աշխատանքներ են իրականացրել։ Պայթյուններից մեկի հետևանքով առաջացավ խառնարան, որը բացեց անցուղի դեպի ստորգետնյա տարածության խոռոչը։Մոզրովն ունի երկրաջերմային ծագում, ինչը նշանակում է, որ վերջինս առաջացել է ստորգետնյա տաք աղբյուրների շնորհիվ, որոնք երկար ժամանակ շարունակ «ողողում էին» հողը։ Քարանձավի ներսում խոնավության աստիճանը բարձր է, իսկ քարերը ծածկված են կալցիտի շերտով, ինչը դժվարացնում է բնական հուշարձանի թվագրումը որոշելը։
Քանի որ քարանձավը մուտք չուներ, մարդիկ այն անվանում էին «Կույր»։ Այսօր Դուք հնարավորություն ունեք մտնելու այս քարանձավը՝ 30 մ երկարությամբ կտրուկ ներքև տանող ճանապարհով։ Վերին հարկի ստորգետնյա անցման երկարությունը ~260 մ է։ Կա մեկ այլ՝ ստորին շերտ, սակայն այն դեռևս չի ուսումնասիրվել։
Մոզրովի քարանձավում կարող եք ուսումնասիրել բազմաթիվ ստալակտիտներ և ստալագմիտներ։ Դրանցից մի քանիսը, իրենց ուրվագծերի շնորհիվ, ստացել են հետևյալ անունները՝ «Կոկորդիլոսի երախ», «Երգեհոն», «Մամոնտի գանգ», «Ադամ և Եվա»։

Մոզրովի քարանձավ

Մոզրովի քարանձավի ստալակտիտներն ու ստալագմիտները
Լաստիվերի քարանձավ
Եթե ցանկանում եք այցելել քաղաքակրթությունից կտրված վայր, հիանալ լեռնային կիրճերով, տպավորիչ ջրվեժներով և սաղարթախիտ անտառներով, ապա այցելեք Լաստիվեր։Տարածքի մարգարիտը համանուն քարանձավն է։ Այն գտնվում է կիրճի ուղղահայաց լանջին՝ դրան հասնելու համար անհրաժեշտ է հատել ժայռի եզրով անցնող արահետը։ Հին ժամանակներում այս քարանձավ մտնելու համար մարդիկ գերաններից աստիճաններ էին կառուցում։ Կառույցը նմանվում էր լաստի, այդ պատճառով էլ քարանձավը ստացել էր «Լաստիվեր» անունը։
Քարանձավը ներառում է 12 սրահ, որոնք գտնվում են երկու հարկերում։ Ներսում հայտնաբերված գտածոների հիման վրա գիտնականներն առաջ են քաշել վարկած, համաձայն որի քարանձավը բնակեցված է եղել հին ժամանակներում։ Բացի այդ, կա ենթադրություն, որ հենց այստեղ են թաքնվել տեղի բնակիչները 13-14-րդ դարերում թաթար-մոնղոլների արշավանքների ժամանակ։
Բնական հուշարձանի պատերին կարելի է տեսնել բազմատեսակ բարձրաքանդակներ։ Դրանց թվում է կանանց պատկերող տեսարան, որը հետազոտողները մեկնաբանում են որպես հարսանեկան արարողություն։ Բարձրաքանդակների հեղինակը, ենթադրաբար, այստեղ ապրող մի ճգնավոր է եղել։

Լաստիվերի քարանձավ

Լաստիվերի քարանձավի առեղծվածային կերպարները
Խնձորեսկի հին քարանձավային քաղաքը
Խնձորեսկը քարանձավային քաղաք է, որտեղ մարդիկ ապրել են ընդհուպ մինչև 1950-ական թթ.-ը։ Քաղաքը գտնվում է երկու բլուրների լանջին։ Հարթ տեղանքի բացակայության պատճառով այստեղ դասական տիպի կառույցներ կամ տներ կառուցելն անհնար էր, այդ պատճառով էլ անհրաժեշտ էր քարանձավներ կառուցել։ Հին ժամանակներում դա նույնիսկ ավելի հարմար տարբերակ էր, քանի որ վերջիններս թույլ էին տալիս պատսպարվել թշնամիներից։ Հետագայում՝ խաղաղ ժամանակներում, քաղաքակրթությունից հեռու գտնվելը դարձավ խնդիր, և, այդպիսով, մարդիկ ստիպված եղան լքել այս վայրը։Քարանձավային քաղաքի երկարությունը ~3 կմ է, ընդհանուր առմամբ ժայռերի մեջ կառուցվել է մոտ 3000 բնակավայր։ Ծաղկունքի շրջանում այստեղ ապրում էր մոտ 15000 մարդ։
18-րդ դարի Սյունիքի ազգային-ազատագրական շարժման ժամանակ Խնձորեսկը վերածվեց անառիկ ամրոցի։ Քաղաքի տարածքում թաղված է հայոց գերագույն հրամանատար Մխիթար Սպարապետը։ Նրա կողքին հանգչում են կինը և որդին։Այսօր Խնձորեսկ այցելող զբոսաշրջիկները հնարավորություն ունեն տեսնելու տեղի մեկ այլ տեսարժան վայր՝ 160 մ երկարությամբ ճոճվող կամուրջը, որը գտնվում է կիրճի վերևում՝ ամենախորը կետից 63 մ բարձրության վրա։ Այն կարող է միաժամանակ տեղավորել մինչև 700 մարդ։
Դուք կարող եք անցնել այս յուրահատուկ կամրջի երկայնքով և այցելել հին քարանձավային քաղաքը «Հյուր սերվիս» ընկերության էքսկուրսիայի միջոցով։

Խնձորեսկի քարանձավերը