Երևանից 20 կմ հեռավորության վրա է գտնվում Հայ առաքելական եկեղեցու կենտրոնը` Էջմիածինը: Էջմիածնի Մայր տաճարը հիմնադրվել է 4-րդ դարի սկզբին, այն աշխարհի հնագույն եկեղեցիներից է: Ըստ ավանդության՝ եկեղեցին կառուցվել է այն տեղում, ուր մատնանշել է Գրիգոր Լուսավորչին երազում հայտնված Աստծո Որդին: Այստեղից էլ առաջացել է Էջմիածին անունը: Եկեղեցու պատերը ներսից ամբողջովին զարդարված են Հովնաթանյան ընտանիքի նկարիչների բարձրարվեստ որմնանկարներով: Մայր տաճարի հարակից տարածքում են գտնվում կաթողիկոսի նստավայրն ու հոգևոր ճեմարանը: Տեսարժան վայրն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում: