Հայաստանի մասին

  • Պետական խորհրդանիշեր
    Դրոշ Զինանշան Օրհներգ
    Դրոշ Զինանշան Օրհներգ
  • Աշխարհագրական տեղեկություններ
    Հայաստանը գտնվում է Հարավային Կովկասում. հյուսիսից սահմանակից է Վրաստանին, հարավից՝ Իրանին, հյուսիս-արևելքից և հարավ-արևմուտքից՝ Ադրբեջանին, արևմուտքից՝ Թուրքիային:

    Հայաստանի Հանրապետության տարածքը կազմում է 29 800 քառ. կմ, գտնվում է ծովի մակարդակից միջինը 1800 մ բարձրության վրա: Ամենաբարձր կետն Արագած լեռն է (4090 մ), իսկ ամենացածրը՝ Դեբեդ գետի կիրճը (400 մ):

    Մայրաքաղաքը Երևանն է:

    Ըստ 2019թ.-ի անցկացրած մարդահամարի տվյալների՝ բնակչության թիվը կազմում է 3 միլիոն, որից 1.1 միլիոնը ապրում է Երևանում:
  • Կառավարում
    • Նախագահը: Հանրապետության Նախագահը պետության գլուխն է: Նախագահն ընտրվում է յոթամյա ժամկետով և չի կարող վերընտրվել։ Նա իրականացնում է ներկայացուցչական գործառույթներ։ 2022թ.-ի մարտի 13-ին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից նախագահ է ընտրվել Վահագն Խաչատուրյանը:
    • Օրենսդիր իշխանությունը: Հայաստանում բարձրագույն օրենսդիր մարմինը միապալատ Ազգային Ժողովն է: Ազգային Ժողովն ընտրվում է համաժողովրդական ընտրությունների միջոցով՝ 5 տարի ժամկետով:
    • Գործադիր իշխանությունը: Հանրապետության Վարչապետը հանդիսանում է կառավարության գլուխը և ավագ նախարարը։ Վարչապետը նշանակվում է Հայաստանի նախագահի կողմից՝ Ազգային Ժողովի քվեարկության հիման վրա։ 2018թ.-ի մայիսի 8-ից ՀՀ գործող վարչապետն է Նիկոլ Փաշինյանը։
  • Կրոն
    Հայաստանում պետական կրոնը քրիստոնեությունն է, որն ընդունվել է 301թ.-ին: Քրիստոնեությունն այստեղ ունի բավականին խոր ու ամուր արմատներ: Հայաստանում բնակվող հայերի գերիշխող մեծամասնությունը պատկանում է Հայ Առաքելական Եկեղեցուն: Եկեղեցու գլուխ կանգնած է Ամենայն Հայոց Կաթողիկոսը, որի նստավայրը գտնվում է Էջմիածնում:
  • Լեզու
    Պետական լեզուն հայերենն է, որը հանդիսանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղ: Հայերենի այբուբենն արմատապես տարբերվում է մյուս լեզուների այբուբեններից: Պետական շենքերն ու հասարակական վայրերը հիմնականում ունեն նաև լատինատառ ցուցատախտակներ: Հայերենից բացի լայն կիրառություն ունեն նաև ռուսերենն ու անգլերենը:
  • Դրամ
    Հայկական դրամական միավորը կոչվում է «դրամ» (կոդը՝ AMD): Այն շրջանառության մեջ է դրվել 1993թ.-ից: Կան 1 000, 2 000, 5 000, 10 000, 20 000, 50 000, 100 000 արժեքների թղթադրամներ, ինչպես նաև 10, 20, 50, 100, 200, 500 արժողությամբ մետաղադրամներ: Տարադրամ կարելի է փոխանակել քաղաքում գտնվող բոլոր բանկերում և փոխանակման կետերում:

    Տարադրամների այսօրվա մոտավոր փոխարժեքները՝

    RUB
    RUB
    3.75 AMD
    USD
    USD
    386.1 AMD
    EUR
    EUR
    398.97 AMD

    Բոլոր տարադրամների ճշգրիտ փոխարժեքներին կարող եք ծանոթանալ՝ այցելելով ՀՀ Կենտրոնական Բանկի պաշտոնական կայք:
  • Բանկեր
    Հայաստանի բանկային համակարգը ձևավորված է 17 առևտրային բանկերով, որոնց գործունեությունը վերահսկում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը: Երևանում բանկերն աշխատանքային օրերին բաց են հիմնականում ժամը 10:00-ից մինչև 16:00-ն, որոշ բանկեր աշխատում են նաև շաբաթ օրերին: Ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել ՀՀ Կենտրոնական Բանկի պաշտոնական կայք: Կանխիկացման կետեր (բանկոմատներ) կան Երևանի բոլոր կենտրոնական փողոցներում:
  • Թռիչքներ
    Հայաստանն ունի երկու հիմնական օդանավակայան՝ գլխավորը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանն է, որը գտնվում է Երևանի կենտրոնից ~12 կմ հեռավորության վրա, իսկ երկրորդը՝ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանն է: Աշխարհի ավելի քան 40 քաղաքներից իրականացվում են ուղիղ թռիչքներ դեպի Երևան և հակառակը, այդ թվում՝ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Նովոսիբիրսկ, Փարիզ, Վիեննա, Հռոմ, Միլան, Վարշավա, Աթենք, Բեյրութ, Թեհրան, Դուբայ, Շարժա, Դոհա, Շարմ էլ Շեյխ, Ֆրանկֆուրտ, Թել Ավիվ, Աբու Դաբի, Լառնակա, Բրյուսել, Լիոն, Վենետիկ, Ակտաու, Վիլնյուս, Եկատերինբուրգ, Մինսկ, Սամարա, Ուֆա, Սոչի, Միներալնիե Վոդի, Թբիլիսի, Քիշնև, Ստամբուլ, Նիժնի Նովգորոդ, Վոլգոգրադ, Կազան, Չելյաբինսկ, Տյումեն և այլն:
  • Հյուրանոցներ
    Հայաստանն առաջարկում է հյուրանոցների մեծ բազմազանություն յուրաքանչյուր ճանապարհորդի համար՝ շքեղ հյուրանոցներից մինչև հարմարավետ հյուրատներ: Անկախ նրանից՝ փնտրում եք թանկարժեք, թե մատչելի տարբերակներ, Հայաստանի հյուրընկալության ոլորտը ապահովում է գերազանց ծառայություններ, բարձրակարգ սենյակներ և հյուրընկալ մթնոլորտ:
    Ամրագրումները պարզ են. շատ հյուրանոցներ ունեն առցանց ամրագրման համակարգեր, բացի այդ հաճախ կարող եք գտնել հատուկ զեղչեր մեր կայքում՝ Երևանի, Աղվերանի, Բյուրականի, Գյումրիի, Գորիսի, Դեբետի, Դիլիջանի, Ենոքավանի, Էջմիածնի, Ծաղկաձորի, Հաղպատի, Ձորագետի, Ջերմուկի, Սևանի, Օձունի և Սիսիանի հյուրանոցների համար:
  • Կլիմա
    Հայաստանյան կլիման չոր արևադարձային է: Տարվա մեջ գերիշխում են հիմնականում արևաշատ օրերը (ավելի քան 300 օր՝ 1 տարվա ընթացքում): Այստեղ շոգ ամառներ են, ջերմաստիճանը տատանվում է +22C-ից +36C-ի միջև: Ձմեռները հիմնականում ցուրտ են՝ միջինը -15C-ից մինչև -1C: Բարձր լեռների գագաթները պատված են հավերժական ձնաշերտով, մինչդեռ դրանց ստորոտներին ծավալվում են ալպյան մարգագետինները:

    Բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են լեռնադահուկային սպորտով և այլ ձմեռային մարզաձևերով, Հայաստանը ճիշտ ընտրություն է: Հայաստան այցելելու լավագույն սեզոնը համարվում է գարունը կամ աշունը, քանի որ այդ ժամանակ եղանակը մեղմ է, իսկ բնությունը՝ ոգեշնչող: Մինչդեռ, այն մարդկանց համար, որոնք գերադասում են արևը և տաք եղանակը, Հայաստանը կատարյալ է ամռան ընթացքում:

    Ամենօրյա եղանակային կանխատեսումներին կարելի է ծանոթանալ հետևյալ ինտերնետային կայքում:
  • Ժամային գոտի
    Գրինվիչի ժամանակ՝ +4 ժամ (GMT+4): 2012թ.-ից Հայաստանում ամառային և ձմեռային ժամանակների անցում չի կատարվում:
  • Վիզա
    Հայաստան մուտքի իրավունք (վիզա) տրամադրում է տվյալ երկրում (կամ նրան մոտ) գտնվող Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունը: Վիզայի կարիք չունեն ԱՊՀ երկրների, ԵՄ պետությունների, ինչպես նաև Շենգենյան դրույթները կիրառող պետությունների քաղաքացիները: Մի շարք երկրների քաղաքացիներ վիզա կարող են ստանալ Հայաստան ժամանելուց անմիջապես հետո՝ սահմանային անցակետերում: Սովորաբար այդ գործընթացը տևում է ~20-25 րոպե:

    Այն պետությունների քաղաքացիները, որոնց համար սահմանված է ՀՀ ժամանելու առանց մուտքի վիզայի ռեժիմ, ՀՀ տարածքում կարող են մնալ առավելագույնը 180 օր ժամկետով՝ մեկ տարվա ընթացքում, եթե ՀՀ միջազգային պայմանագրերով այլ ժամկետ սահմանված չէ:

    Վիզայի ժամկետը լրանալիս անհրաժեշտ է երկարաձգել այն Անձնագրային և վիզաների վարչությունում (Երևան, Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 շենք): Ժամկետանց վիզայի դեպքում քաղաքացին ենթարկվում է տույժի:

    Վիզա կարելի է ստանալ նաև նախքան ժամանումը՝ (էլեկտրոնային տարբերակով) դիմելով ՀՀ Արտաքին Գործերի Նախարարություն:

    Վիզաների տրամադրման վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ՀՀ Արտաքին Գործերի Նախարարության ինտերնետային կայքում:
  • Դեսպանություններ և հյուպատոսություններ
    Հայաստանում դեսպանությունների և հյուպատոսությունների ցանկը ներկայացված է ՀՀ Արտաքին Գործերի Նախարարության պաշտոնական կայքում:
  • Տրանսպորտ
    Գործում են տրանսպորտի հետևյալ տեսակները.

    • Մետրո: Երևանյան մետրոն ունի քաղաքի հյուսիսից-հարավ ձգվող մի երթուղի՝ 10 կայարաններով: Երթևեկության վարձը 100 AMD է:
    • Ավտոբուս: Ավտոբուսները երթևեկում են գլխավոր ուղղություններով, վարձը՝ 100 AMD:
    • Միկրոավտոբուս: 12-15 տեղանոց միկրոավտոբուսները երթևեկում են գրեթե բոլոր ուղղություններով, վարձը 100 AMD է:
    • Տաքսի: Կան տաքսի ծառայության շատ գրասենյակներ, որոնք պատվերն ընդունում են հեռախոսով՝ առաջարկելով հարմարավետ ավտոմեքենաներ: Գինը 1 կմ-ի դիմաց 100 AMD է (նվազագույն ուղեվարձը՝ 600 AMD): Փողոցների խաչմերուկներում և մարդաշատ վայրերում նույնպես կարելի է գտնել տաքսիներ: Բացի այդ, կան հատուկ բջջային հավելվածներ, օրինակ «GG տաքսի», «Յանդեքս տաքսի», «Յու տաքսի» և այլն (հասանելի Android-ի և iOS-ի համար), որոնց միջոցով հնարավոր է տաքսի պատվիրել:
  • Էլեկտրականություն
    Կենցաղում օգտագործվող էլեկտրականությունը 220 Վ, 50 Հց է, ինչպես գրեթե ողջ Եվրոպայում: Վարդակների ստանդարտը՝ CEE՝ հիմնականում առանց հողանցման: Տարբեր երկրների ստանդարտների փոխարկիչներ կարելի է գնել Երևանի գրեթե բոլոր խանութներում, որտեղ վաճառվում են կենցաղային սարքավորումներ և էլեկտրոնիկա:
  • Հեռահաղորդակցություն
    Հայաստանի կոդը 374 է, իսկ Երևանինը՝ 10, 11, 12, 60:
    Հայաստանից արտերկիր կարելի է զանգահարել՝ հավաքելով 00, երկրի կոդը, քաղաքի կոդը և հեռախոսահամարը:

    Հայաստանի գրեթե ողջ տարածքում գործում են 3 բջջային օպերատորներ՝ «Բիլայն», «Վիվա Սելլ», «Յուքոմ», որոնց քարտերը կարելի է ձեռք բերել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից, այդ օպերատորների գրասենյակներից կամ մեծ խանութներից՝ ներկայացնելով անձնագրի պատճենը: Քարտերը ապահովում են 3G/4G կապ և գերարագ ինտերնետ: Բջջային հեռախոսից Երևանի քաղաքային ցանցի հեռախոսահամարներին զանգահարելիս պետք է հավաքել 0, քաղաքի կոդը, այնուհետև հեռախոսահամարը:
  • Կարևորագույն հեռախոսահամարներ
    • Հրշեջ ծառայություն – 101
    • Ոստիկանություն – 102
    • Շտապ բժշկական օգնություն – 103
    • Գազի վթարային ծառայություն – 104
    • Արտակարգ իրավիճակների արագ արձագանքման ծառայություն – 911, 101
    • Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ – 108
    • ՀՀ Օմբուդսմեն (մարդու իրավունքների պաշտպան) թեժ գիծ – 116
  • Փոստատներ
    Հայաստանում փոստատներն աշխատում են ամեն օր՝ ժամը 09:00-ից մինչև 19:00-ն, բացի կիրակի օրերից: Գլխավոր փոստատներից մեկը գտնվում է Հանրապետության Հրապարակում՝ Կառավարության շենքի դիմաց:
  • Թեյավճար
    Հյուրանոցային ծառայությունը, ռեստորաններում տրվող հաշիվները, տաքսիների ուղեվարձերը, էքսկուրսավարի, վարորդի ծառայությունները և այլն Հայաստանում սովորաբար ներառում են սպասարկումը և հարկերը: Թեյավճարները պարտադիր բնույթ չեն կրում, սակայն հաճախ տրվում են՝ մատուցված որակյալ ծառայության համար գոհունակություն արտահայտելու նպատակով:
  • Տոներ և ոչ աշխատանքային օրեր
    Հայաստանում տոնվում են թե աշխարհիկ, և թե եկեղեցական տոներ: Խանութներն ու ռեստորանները հիմնականում աշխատում են նաև տոն օրերին:

    Ոչ աշխատանքային են հետևյալ տոնական օրերը.

    • Ծննդյան տոներ և Ամանոր՝ (դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 6-ը),
    • Բանակի օր՝ հունվարի 28,
    • Կանանց միջազգային տոն՝ մարտի 8,
    • Աշխատանքի օր՝ մայիսի 1,
    • Հաղթանակի և խաղաղության տոն՝ մայիսի 9,
    • Հանրապետության տոն՝ մայիսի 28,
    • Սահմանադրության օր՝ հուլիսի 5,
    • Անկախության տոն՝ սեպտեմբերի 21:
    • Ոչ աշխատանքային է նաև ապրիլի 24-ը՝ Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրը:
  • Փառատոններ
    Ամեն տարի Հայաստանում անցկացվում են տարատեսակ փառատոններ՝ նվիրված ազգային խորհրդանիշներին, արտադրատեսակներին, ինչպես նաև մթերքին: Փառատոններին մասնակցելը հիանալի հնարավորություն է ծանոթանալու հետաքրքիր ավանդույթներին, համտեսելու ազգային ուտեստներ և պարզապես վայելելու բոլորովին նոր և աշխույժ մթնոլորտ: Փառատոնները հետաքրքիր են և տպավորիչ, ուղեկցվում են երգերով, պարերով ու երաժշտությամբ: Փառատոնների մասին մանրամասն տեղեկություններ ստանալու, ինչպես նաև դրանց մասնակցության պայմաններին ծանոթանալու համար կարող եք այցելել մեր կայքի Փառատոններ էջը:
  • Խոհանոց
    Հայկական ավանդական խոհանոցն ունի ճաշատեսակների մեծ բազմազանություն: Թարմ բանջարեղենն ու միսն ամենասիրելի կերակուրների ցանկում են: Հայկական որևէ տոնակատարության սեղան անհնար է պատկերացնել առանց խորովածի, քյուֆթայի, հարիսայի, սպասի, դոլմայի, խաշլամայի կամ ղափամայի: Ճաշկերույթը նախատեսում է մեծ ծիսակատարություն՝ սկսած պատրաստման ընթացքից մինչև սեղանի շուրջ անցկացրած վերջին վայրկյանը: Երևանի բազմաթիվ ռեստորաններ առաջարկում են տեղական ուտեստների յուրահատուկ ընտրանի: Կարելի է ճաշակել նաև համաշխարհային ճանաչում ձեռք բերած տարբեր խոհանոցների ուտեստներ: Երևանի ռեստորանների, սրճարանների և ժամանցի վայրերի մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ մեր կայքի Ռեստորաններ էջից:
  • Հայտնի մարդիկ՝ Հայաստանի մասին
    Երբ հայերը կանգնում են ձեռք-ձեռքի բռնած, ուս-ուսի տված և հողը ոտքի տակ տալիս թմբուկների ու ծիրանափողի ձայների ներքո, ավելի շուտ իմ պալատի սյուները փոշու հատիկների կվերածվեն, քան որևէ մեկը ի զորու կլինի նրանց կանգնեցնել:
    Գայոս Հուլիոս Կեսար

    Կարծում եմ, որ հրաբխային տուֆից կառուցված և վարդի պես ներդաշնակ Երևանը աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկն է:
    Պաբլո Ներուդա, չիլիացի բանաստեղծ, Նոբելյան մրցանակի դափնեկիր

    Աշխարհի երեսին չկա մեկ ուրիշ երկիր, որ այդքան հագեցած լինի հրաշքներով, ինչքան՝ հայերի երկիրն է:
    Ջորջ Գորդոն Բայրոն, անգլիացի բանաստեղծ

    Հայաստանը բիբլիական երկիր է: Նրա ընդերքում կյանք է եռում: Այդ է պատճառը, որ այստեղ գետինն այդքան ջերմ է, իսկ ջուրը՝ այդչափ տաք: Հայաստանի ընդերքում ես կյանքն եմ զգում:
    Անդրեյ Տարկովսկի, սովետական շրջանի կինոռեժիսոր, սցենարիստ

    Եթե ինձ հարցնեն, թե աշխարհում որտեղ կարելի է ականատես լինել անթիվ հրաշքների, ես կասեմ՝ Հայաստանում: Ակամայից զարմանում ես, թե ինչպես է հնարավոր աշխարհի այս փոքր անկյունում գտնել այս քանակով արձաններ և հանդիպել այսքան մեծ թվով մարդկանց, որոնք կարող են ողջ աշխարհի զարդն ու պարծանքը դառնալ:
    Ռոքվել Քենթ, ամերիկացի նկարիչ, գրող

    Հայաստանը քաղաքակրթության օրրան է, հին աշխարհի առաջատար և զարգացած երկրներից մեկը:
    Ֆրանց Վերֆել, ավստրիացի վիպասան, բանաստեղծ
Տարածել՝

Հայաստան