Կոտայքի կիրճի վայրի ժայռերի մեջ, որտեղ քամին բերում է քարի ու սոճու բույրը, Գեղարդի վանքը կեցած է այնպես, կարծես լեռը ինքն է կերտել այս սրբավայրը։ Նրա պարիսպները՝ կիսով չափ ամրոց, կիսով չափ քարանձավ, խոյանում են ժայռից՝ ինչպես քարացած աղոթք։ Այստեղ լռությունը կենդանի է՝ լեցուն դարավոր շարականների մեղմ արձագանքով։
12-13-րդ դարերում վանականները ստեղծեցին նմանը չունեցող մի աշխարհ: Եկեղեցիներն ու խցերը քանդակված էին հենց լեռան մեջ, որից էլ առաջացավ վանքի սկզբնական անվանումը՝ Այրիվանք «քարանձավային վանք»։ Ավելի ուշ վանքը ստացավ «Գեղարդ» անունը՝ ի պատիվ սրբազան գեղարդի, որով, ըստ ավանդության, խոցվեց Քրիստոսի մարմինը։
Համալիրը՝ Կաթողիկե գլխավոր եկեղեցին, իր ստվերոտ գավիթը, խորհրդավոր քարանձավային մատուռները, փոքրիկ ուխտասրահը և հնագույն՝ Սուրբ Աստվածածնի եկեղեցին երկխոսությունն են երկնքի ու երկրի միջև։ Լեռան սրտում փորագրված սառը սրահները, կարծես, շնչում ու պահպանում են անցյալի ուխտավորների շշուկները։ Ժայռափոր վանքերի ու խցերի մեջ առանձնանում է միջնադարյան հայկական զինանշանային արվեստը, որը ցուցադրում է հայ իշխանական տների հզորությունը, պալատական ճարտարապետության հմայքն ու շլացնող զարդանախշերը՝ Վերածննդի դարաշրջանից շատ առաջ։
Այսօր Գեղարդը պարզապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ընդգրկված հուշարձան չէ, այն կենդանի հրաշք է։ Երբ անցնում ես նրա քարաշեն կամարների տակով, ժամանակը կարծես կանգ է առնել։ Նեղ ճեղքերից ներս թափանցող լույսի շողերը ոսկեգույն են դարձնում քարանձավների պատերը, և թվում է՝ երկրայինն ու երկնայինը միաձուլվել են։