Հայաստանի զբոսաշրջային ուղեցույց. կարևոր հարցերի պատասխանները

Պլանավորում եք ուղևորություն դեպի Հայաստա՞ն: Հյուր սերվիս-ում մենք հավատացած ենք, որ յուրաքանչյուր ճամփորդ ժամանում է որպես հյուր, իսկ մեկնում՝ արդեն որպես ընկեր: Ձեր ճամփորդությունն առավել հարմարավետ դարձնելու համար Ձեզ ենք ներկայացնում զբոսաշրջիկների կողմից ամենահաճախ տրվող հարցերը վիզաների, անվտանգության, տրանսպորտի, սննդի, մշակույթի, արժեքների և լավագույն տեսարժան վայրերի վերաբերյալ: Այս էջում կիսվում ենք Ձեզ հետ ամենակարևոր խորհուրդներով, տեղական «գաղտնիքներով» ու տալիս գործնական պատասխաններ:

Մեր ընկերության էքսկուրսիաների ամրագրման մանրամասներին, վճարման եղանակներին և չեղարկման քաղաքականությանը ծանոթանալու համար խնդրում ենք այցելել Հաճախ տրվող հարցեր (ՀՏՀ) էջը:

Անկախ նրանից՝ փնտրում եք Արարատ լեռան տեսարանով հիանալու լավագույն վայրը, թե ցանկանում եք իմանալ որտեղ համտեսել ամենահամեղ տեղական խորովածը, կամ պարզապես փորձում եք պատկերացում կազմել առաջիկա ուղևորության մասին՝ մինչև ժամանելը, այս ուղեցույցը կօգնի Ձեզ վստահ կերպով ծրագրել Ձեր հանգիստը և բացահայտել Հայաստանը՝ ճիշտ տեսանկյունից:
Ավելին Ծածկել
  • Ուղևորության պլանավորում

    Հայաստանը դեպի ծով ելք չունեցող երկիր է Հարավային Կովկասում՝ տեղակայված Արևելյան Եվրոպայի և Արևմտյան Ասիայի խաչմերուկում: Այն սահմանակից է Վրաստանին, Իրանին, Թուրքիային և Ադրբեջանին:

    Հայաստան այցելելու լավագույն ժամանակը.

    • Սեպտեմբեր - հոկտեմբեր. հաճախ անվանվում է «Ոսկե աշուն»՝ շնորհիվ մեղմ կլիմայի, բերքահավաքի տոների և գինու փառատոնների:
    • Մայիս - հունիս. կանաչ, գեղեցիկ բնապատկերներ, ծաղկող վայրի բույսեր և հիանալի եղանակ տեսարժան վայրեր բացահայտելու համար:
    • Հուլիս - օգոստոս. տաք ամառային օրեր, որոնք կատարյալ են լեռնային արշավների և Սևանա լիճ այցի համար:
    • Դեկտեմբեր - փետրվար. ձմեռային ճամփորդություններ և դահուկային հանգիստ այնպիսի առողջարաններում, ինչպիսիք են Ծաղկաձորը կամ Մայլեռ լեռնային հանգստավայրը:

    Հայաստանը գրավիչ է տարվա ցանկացած շրջանում, և Դուք կարող եք հեշտությամբ բացահայտել երկրի տեսարժան վայրերը՝ միանալով Երևանից մեկնարկող մեր խմբային էքսկուրսիաներին:
    Հայաստանն աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկն է, որը ճամփորդներին առաջարկում է հնագույն պատմության, տպավորիչ բնապատկերների և մշակութային հարուստ ավանդույթների եզակի համադրություն: Զբոսաշրջիկները գալիս են Հայաստան՝ բացահայտելու պատմական վանքերը, համտեսելու ավանդական խոհանոցը և զգալու երկրի հանրահայտ հյուրընկալությունը:

    Հայաստանի ամենաուշագրավ առանձնահատկություններից են.

    • Աշխարհում առաջին երկիրը, որը 301թ.-ին ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն:
    • Պատմական վանքեր, ինչպիսիք են Տաթևի և Գեղարդի վանքերը: Վանքերից շատերը գտնվում են յուրահատուկ լեռնային տեղանքներում:
    • Բիբլիական Արարատ լեռան հիասքանչ տեսարանները, որոնք գերակշռում են Երևանի համայնապատկերներում:
    • Սևանա լիճը՝ աշխարհի բարձրլեռնային քաղցրահամ լճերից մեկը:
    • 6000-ամյա գինեգործության ավանդույթը, որը սկիզբ է առել Արենի-1 քարանձավում. վերջինս համարվում է աշխարհի հնագույն գինեգործարանը:

    Պատմությունից և գեղատեսիլ բնությունից զատ՝ Հայաստանն առանձնանում է իր հյուրընկալությամբ, հարուստ մշակույթով և եզակի խոհանոցով: Այս ամենի շնորհիվ է Կովկասով հետաքրքրվող զբոսաշրջիկների համար մեր երկիրը դարձել այդքան գրավիչ ուղղություն:
    Ճամփորդների մեծ մասը Հայաստանում անցկացնում է 3-ից 7 օր, ինչը բավարար է հիմնական մշակութային և բնական տեսարժան վայրերին ծանոթանալու համար:

    Երևանից մեկնարկող մեկօրյա երթուղիներում հնարավոր է ներառել ամենահայտնի տեսարժան վայրերի այցերը՝ Խոր Վիրապի վանք, Գեղարդի վանք, Գառնիի տաճար, Սևանա լիճ և այլն:

    • 3-4 օրյա այց. ուսումնասիրեք Երևանը և մոտակայքում գտնվող առավել հայտնի տեսարժան վայրերը
    • 5-7 օրյա այց. հավելեք Ձեր ուղևորությունը Դիլիջանի, Սևանի և Հայաստանի հարավային շրջանների այցերով
    • 8-10 օրյա այց. հիանալի տարբերակ մշակութային և բնության լիարժեք փորձառության համար

    Փոքր երկրի առավելություններից մեկն այն է, որ բազմաթիվ տեսարժան վայրեր հնարավոր է լինում այցելել Երևանից մեկնարկող խմբային էքսկուրսիաների շրջանակներում:
    Շատ ճանապարհորդներ սկսում են Հայաստանի բացահայտման ուղին Երևանից՝ հյուրանոցների, ռեստորանների և զարգացած տրանսպորտային կապի շնորհիվ:

    Որպես այլընտրանք կարելի է դիտարկել՝

    • Դիլիջանը – բնության սիրահարների և անտառում խաղաղ հանգիստ վայելել նախընտրողների համար
    • Գյումրին – կհետաքրքրի նրանց, ովքեր ցանկանում են ուսումնասիրել 19-րդ դարի ճարտարապետությունը և արվեստով հագեցած մթնոլորտը:
    Ոչ: Հայաստանը, բազմաթիվ եվրոպական երկրների համեմատ, ընդհանուր առմամբ համարվում է մատչելի զբոսաշրջային ուղղություն: Այստեղ կարելի է գտնել գիշերակացի տարբերակների լայն ընտրանի՝ բյուջետային հյուրատներից մինչև շքեղ հյուրանոցներ Երևանում:

    Սովորաբար ծախսերը ներառում են.

    • Սնունդ ռեստորանում՝ 4000 AMD - 10000 AMD
    • Տաքսի Երևանում՝ 1000 AMD - 2500 AMD
    • Հյուր սերվիս-ի կողմից առաջարկվող խմբային էքսկուրսիաներ՝ հիմնականում 8900 AMD - 22900 AMD՝ մեկ անձի համար
    • Գիշերակաց հյուրանոցում՝ սկսած 16000 AMD-ից (բյուջետային տաբերակներ), սկսած 29000 AMD-ից (միջին կարգի հյուրանոցներ), սկսած 90000 AMD-ից (շքեղ հյուրանոցներ)

    Այսպիսով, Հայաստանը գրավիչ ուղղություն է ինչպես բյուջետային ճամփորդների և ընտանիքների, այնպես էլ շքեղ հանգստի սիրահարների համար:

    Տարբեր կատեգորիաների հյուրանոցների մասին մանրամասն տեղեկությունները հասանելի են Հյուրանոց Հայաստանում էջում:
  • Մուտք և անվտանգություն

    Շատ երկրների քաղաքացիներ կարող են այցելել Հայաստան առանց մուտքի վիզայի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Եվրոպական միության երկրների, Միացյալ Թագավորության և Պարսից ծոցի մի քանի երկրների քաղաքացիները (սովորաբար տարեկան մինչև 180 օր ժամկետով):

    Այն դեպքում, եթե վիզան անհրաժեշտ է, ճամփորդները կարող են դիմել էլեկտրոնային վիզայի (e-Visa) համար առցանց՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքի միջոցով:
    Այո, Հայաստանը պարբերաբար դասվում է աշխարհի ամենաանվտանգ երկրների տասնյակում:

    • Անվտանգություն՝ գիշերը. Երևանը գիշերային աշխույժ կյանքով քաղաք է. Դուք կարող եք նույնիսկ գիշերը ժամը 2-ին սովորական և անվտանգ զբոսանք ունենալ քաղաքում:
    • Միայնակ ճամփորդություն. քաղաքն անվտանգ է միայնակ ճամփորդող կանանց համար. տեղացիները մշտապես պատրաստակամ են հյուրերին օգնություն ցուցաբերել:
    • Հանգիստ՝ ընտանիքով. զբոսայգիները, սրճարանները և հուշահամալիրները հասանելի են և հյուրընկալ երեխաների համար:
    Այո: Ադրբեջանի մուտքի կնիք ունենալը Հայաստան մուտք գործելու մերժման իրավական հիմք չէ: Սահմանին Ձեզ կարող են որոշ հարցեր ուղղել, սակայն դա չի անդրադառնա երկիր մուտք գործելու վրա:

    Նշում. երկու երկրների միջև ցամաքային սահմանը շարունակում է փակ մնալ:
    Ճամփորդական ապահովագրությունը պարտադիր պայման չէ Հայաստան այցելելու համար, սակայն վերջինս խորհուրդ է տրվում արտասահմանից ժամանող զբոսաշրջիկներին:

    Սովորաբար ապահովագրության փաթեթը հոգում է ՝

    • Բժշկական անհետաձգելի օգնության ծախսերը
    • Ուղևորության չեղարկման կամ հետաձգման հարցերը
    • Ուղեբեռի կորստի հարցերը
    • Ակտիվ հանգստին վերաբերող հարցերը (օրինակ՝ արշավներ կամ դահուկավազք)

    Թեև Հայաստանում կան որակյալ մասնավոր բժշկական հաստատություններ, ճամփորդական ապահովագրությունը կարող է Ձեզ լրացուցիչ հանգստություն ապահովել ուղևորության ընթացքում:
    • Հրշեջ ծառայություն – 101
    • Ոստիկանություն – 102
    • Շտապ բժշկական օգնություն – 103
    • Գազի վթարային ծառայություն – 104
    • Արտակարգ իրավիճակների արագ արձագանքման ծառայություն – 911, 112
    • Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ – 108
    • ՀՀ Օմբուդսմեն (մարդու իրավունքների պաշտպան) թեժ գիծ – 116
    Երևանի ժամանակակից հատվածներում հասանելիությունը հետզհետե բարելավվում է:

    Այնուամենայնիվ, շատ միջնադարյան վանքեր կառուցված են լեռնային տեղանքներում և այնտեղ հնարավոր է՝ լինենանհարթ աստիճաններ կամ սահմանափակ հասանելիություն:

    Շարժողական խնդիրներ ունեցող ճամփորդներին խորհուրդ է տրվում դիտարկելհատուկ մշակված անհատական էքսկուրսիաները:

    Հայաստանի շատ տեսարժան վայրեր (եկեղեցիներ, վանքեր, քարանձավներ, ջրվեժներ և այլն) գտնվում են լեռնային գոտիներում և կարող են դժվարահասանելի լինել սայլակից օգտվողների համար: Անվասայլակ կամ այլ սարքավորումներ վարձակալելու անհրաժեշտության դեպքում կարող եք անցնել «Wheels On Wheels» ընկերության ֆեյսբուքյան հղումով և ծաղոթանալ բոլոր մանրամասներին: Կոնտակտային հեռախոսահամար՝ +37491016565:
  • Գումար, կապ և ամենօրյա հարցեր

    Հայաստանի դրամական միավորը կոչվում է հայկական դրամ (AMD):

    Գումարը կարելի է փոխանակել հետևյալ վայրերում.

    • Բանկեր
    • Արժույթի փոխանակման կետեր
    • Սուպերմարկետներում գործող փոխանակման կետեր (օրինակ՝ ՍԱՍ կամ Երևան Սիթի սուպերմարկետների ցանցերում)

    Փոխարժեքները քաղաքում սովորաբար մրցունակ են և հաճախ ավելի շահավետ, քան օդանավակայանի փոխանակման կետերում:

    Տարադրամների այսօրվա մոտավոր փոխարժեքները՝

    {rate_block}
    Այո: Բանկային քարտերը և անհպում վճարումները, ինչպիսիք են Apple Pay-ը և Google Pay-ը, լայն կիրառություն ունեն Երևանում:

    • Երևանում. ռեստորանների, խանութների և հյուրանոցների մեծ մասն ընդունում է քարտային վճարումներ:
    • Մարզերում. փոքր խանութներում, շուկաներում կամ հյուրատներում հնարավոր է՝ կանխիկ դրամի անհրաժեշտություն լինի:

    Մայրաքաղաքից դուրս ճամփորդելիս խորհուրդ է տրվում վերցնել որոշակի քանակությամբ կանխիկ հայկական դրամ:
    Հայաստանում SIM քարտ գնելը շատ պարզ գործընթաց է. Ձեզ անհրաժեշտ է միայն վավեր անձնագիր:

    Քարտերը կարող եք ձեռք բերել՝

    • Զվարթնոց միջազգային օդանավակայանում
    • Երևանի բջջային օպերատորների սպասարկման կենտրոններում

    Հեռահաղորդակցման օպերատորներն են.

    • Վիվա Արմենիա
    • Թիմ Տելեկոմ Արմենիա
    • Յուքոմ

    4G/LTE ծածկույթը հուսալի է գրեթե բոլոր մարզերում, մինչդեռ 5G ցանցն ակտիվորեն ընդլայնվում է Երևանում և մեծ քաղաքներում:
    Այո: Երևանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն է՝ օպտիկամանրաթելային ինտերնետի լայն կիրառմամբ: Կենտրոնի սրճարանների և հյուրանոցների մեծ մասն առաջարկում են 50-100 Մբիթ/վ արագություն, ինչի շնորհիվ Երևանը հեռավար աշխատանքի համար շատ հարմար ընտրություն է:
    Հայաստանում օգտագործվում են եվրոպական ստանդարտի C և F տիպի վարդակներ (երկու կլոր անցքով)՝ 220 Վ լարմամբ։ ԱՄՆ-ից կամ Միացյալ Թագավորությունից ժամանող ճամփորդներին անհրաժեշտ կլինի ստանդարտ փոխարկիչ։
    Այո: Հայաստանի ծորակի ջուրն անվտանգ է և համեղ:

    Պուլպուլակներ. փնտրեք այս փոքրիկ քարե աղբյուրները գրեթե յուրաքանչյուր փողոցի անկյունում: Դրանք հանրությանն ապահովում են անվճար, սառը խմելու ջրով:
    Այո: Երևանի սուպերմարկետների մեծ մասը (ՍԱՍ, Երևան Սիթի, Գուրմենիա, Զովք) և դեղատները բաց են շաբաթվա բոլոր օրերին, հաճախ՝ 24/7 ռեժիմով: Խոշոր առևտրի կենտրոնները (մոլերը) բաց են ամեն օր մինչև ժամը 22:00-ն:
  • Ուղևորափոխադրումը Հայաստանում

    Հայաստանում և Երևանում տեղաշարժվելը համեմատաբար հեշտ է՝ շնորհիվ երկրի փոքր տարածքի և տրանսպորտային միջոցների բազմազանության:

    • Զվարթնոց միջազգային օդանավակայանից. քաղաքի կենտրոն հասնելու ամենաապահով և հարմարավետ տարբերակը տաքսի հավելվածներից՝ ինչպիսիք են GG-ն կամ Yandex Go-ը, օգտվելն է (ուղեվարձը կազմում է մոտավորապես 3500 - 4500 AMD): Մեկ այլ տարբերակ է օդանավակայանից նախապես տրանսֆեր ամրագրելը կամ էլ օդանավակայանի ժամանման սրահում գործող պաշտոնական տաքսի ծառայությունից օգտվելը: Ճամփորդներին խորհուրդ է տրվում հրաժարվել տերմինալի ներսում անհատ վարորդների առաջարկներից:
    • Տաքսի հավելվածներ. տաքսի հավելվածները, ինչպիսիք են, օրինակ, GG-ն և Yandex Go-ը, մատուցում են մատչելի ծառայություն և լայն կիրառություն ունեն Երևանում: Դրանք ամենահարմար տարբերակն են քաղաքում տեղաշարժվելու կամ մոտակա տեսարժան վայրեր այցելելու համար:
    • Հյուր սերվիս-ի կողմից իրականցվող էքսկուրսիաներ. ամենօրյա խմբային էքսկուրսիաներին միանալը Հայաստանի ամենահայտնի տեսարժան վայրերը, ներառյալ՝ Գառնիի տաճարը, Գեղարդի վանքը, Սևանա լիճը, Խոր Վիրապը և Տաթևի վանքը բացահայտելու ամենահեշտ ձևերից մեկն է: Էքսկուրսիաները ներառում են հարմարավետ տրանսպորտ և հմուտ էքսկուրսավարի ծառայություն:
    • Մեքենաների վարձույթ. մեքենա վարձելը հարմար տարբերակ է այն ճամփորդների համար, ովքեր նախընտրում են ազատություն և պլանավորում են այցելել հեռավոր շրջաններ կամ լեռնային վայրեր:

      Դուք կարող եք վարձակալել տարբեր տեսակի մեքենաներ, ամենագնացներ, մինիվեններ, միկրոավտոբուսներ կամ ավտոբուսներ: Կարող եք ծանոթանալ պայմաններին և գներին Հյուր սերվիս կայքի Տրանսպորտ – Ժամով վարձույթ բաժնում:

      Այն դեպքում, եթե նախընտրում եք ինքնուրույն վարել մեքենան, անհրաժեշտ է ունենալ վավեր վարորդական իրավունք՝ լատինատառ կամ կիրիլիցա գրառումներով: Մեքենաների վարձույթի համար կարող եք դիմել Քարավան ավտովարձույթ ընկերությանը:
    • Հանրային տրանսպորտ. միջքաղաքային միկրոավտոբուսները (երթուղայինները) և գնացքները միացնում են Հայաստանի խոշոր քաղաքներն ու շրջանները: Թեև վերջիններս մատչելի են, սակայն զբոսաշրջիկների համար կարող են այդքան էլ հարմարավետ չլինել՝ համեմատած խմբային էքսկուրսիաների կամ անհատական տրանսֆերների հետ:

    Հայաստանի տարածքի փոքր չափսերի շնորհիվ երկրի ամենահայտնի տեսարժան վայրերից շատերը կարելի է հեշտությամբ այցելել Երևանից՝ մեկօրյա հարմարավետ ուղևորության շրջանակներում:
    Միջքաղաքային երթուղայինները մեկնում են երկու հիմնական կայարաններից.

    • Կիլիկիա կենտրոնական ավտոկայան. դեպի հարավային և արևմտյան ուղղություններ (Էջմիածին, Գյումրի, Խոր Վիրապ):
    • Հյուսիսային ավտոկայան. դեպի հյուսիսային ուղղություններ (Սևան, Դիլիջան):

    Օգտակար է իմանալ. ուղեվարձը վճարվում է կանխիկ՝ վարորդին, տրանսպորտային միջոց նստելիս:

    Հայաստանով ավտոբուսով կամ գնացքով ճամփորդությունը պլանավորելու, ինչպես նաև հասարակական տրանսպորտի չվացուցակների մասին մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք օգտվել հետևյալ կայքից:
    Այո: Երևանի մետրոն արագ է, մաքուր. այն դասական խորհրդային շրջանի փորձառություն է հաղորդում: Բաղկացած է մեկ գծից, իսկ մեկ ուղևորության արժեքն ընդամենը 150 AMD է կազմում: Մետրոյից օգտվելը քաղաքի կենտրոնական խցանումներից խուսափելու լավագույն միջոցն է:
    Ամենատարածված տարբերակներն են անհատական տրանսֆերները, երթուղայինները և գիշերային գնացքները:

    • Հյուր սերվիս-ի կողմից իրականացվող տրանսֆեր. Երևանից Թբիլիսի անհատական տրանսֆերը Հայաստանի և Վրաստանի միջև ճամփորդելու ամենահարմարավետ և ճկուն միջոցն է: Հմուտ վարորդի և «հասցեից հասցե» ծառայության շնորհիվ ճամփորդները կունենան հանգիստ ուղևորություն, ճանապարհին հնարավորություն կունենան կանգ առնել լուսանկարվելու կամ կարճատև այցերի համար և հատել սահմանը՝ չմտահոգվելով չվացուցակների մասին: Այս տարբերակը հիանալի է ընտանիքների, փոքր խմբերի կամ այն զբոսաշրջիկների համար, ովքեր նախընտրում են հարմարավետություն և անհատական մոտեցում:
    • Երթուղային (մինիվեն). պարբերաբար մեկնում են Երևանի «Կիլիկիա» կենտրոնական ավտոկայանից: Ուղևորությունը սովորաբար տևում է 5-6 ժամ՝ կախված երթևեկությունից և սահմանն անցնելու ժամանակից:
    • Գիշերային գնացք. Երևանի և Թբիլիսիի միջև գործում է գիշերային գնացք՝ սեզոնային չվացուցակով (զույգ/կենտ օրերին): Այն թույլ է տալիս ճամփորդներին խնայել ցերեկային ժամերը՝ ճանապարհորդելով գիշերվա ընթացքում:
  • Ի՞նչ տեսնել և ինչո՞վ զբաղվել

    • Խոր Վիրապ. Արարատ լեռան ամենագեղեցիկ ու խորհրդանշական տեսարանի համար:
    • Գառնի և Գեղարդ. առաջին դարի հեթանոսական տաճար և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցանկում ներառված ժայռափոր վանք:
    • Տաթև. այստեղ է գտնվում «Տաթևեր» հետադարձելի ճոպանուղին, որն ամենաերկարն է աշխարհում:
    • Սևանավանք. այստեղից բացվում են հիասքանչ տեսարաններ դեպի Հայաստանի «կապույտ մարգարիտ»-ը՝ Սևանա լիճը:
    Արարատ լեռը տեսանելի է Հայաստանի բազմաթիվ վայրերից, հատկապես Երևանից և Արարատյան դաշտավայրից, սակայն անթերի լուսանկարի համար լավագույն տեղանքները հետևյալներն են.

    • Խոր Վիրապի վանք. այստեղ Ձեզ են սպասում լեռան ամենամոտ և լավագույն տեսարանները: Վանքը գտնվում է լեռան ստորոտին (սահմանի մոտ)՝ ապահովելով անմոռանալի և խորհրդանշական համայնապատկեր:
    • Կասկադ համալիր (Երևան). ամբողջական քաղաքի տեսարանի համար վաղ առավոտյան բարձրացեք Կասկադի աստիճանների վերնամաս: Լեռը վեր է խոյանում Երևանի համայնապատկերին՝ ստեղծելով տպավորիչ տեսարան:
    • Չարենցի կամար. գտնվում է դեպի Գառնի տանող ճանապարհին: Այս քարե կամարը կառուցվել է հատուկ լեռը «շրջանակի մեջ» առնելու համար: Այստեղ կարող եք վայելել Արարատյան դաշտավայրի գողտրիկ և հիասքանչ տեսարան:
    • Հաղթանակի զբոսայգի (Մայր Հայաստան). այս վայրն առաջարկում է Արարատի Մասիս և Սիս գագաթներով զարդարված ողջ քաղաքի հիացնող տեսարաններ:
    • Արարատյան դաշտավայրի խաղողի այգիներ. եթե ուղևորվում եք դեպի Հին Արենի գինու գործարան կամ հարավային ուղղությամբ, կարող եք ուսումնասիրել դաշտավայրի նմանը չունեցող տեսարանները

    Խորհուրդ ճանապարհորդներին. լեռն առավել տեսանելի է վաղ առավոտյան (արևածագից անմիջապես հետո) կամ ուշ կեսօրին: Օրվա կեսին մշուշը կամ ամպերը երբեմն կարող են թաքցնել գագաթները, ուստի պլանավորեք Ձեր լուսանկարահանումները համապատասխանաբար:
    Այո: Շնորհիվ լեռնային լանդշաֆտների՝ Հայաստանը քայլարշավների հիանալի հնարավորություններ է ընձեռում:

    Քայլարշավային հայտնի ուղիներից են.

    • Դիլիջան ազգային պարկը
    • Սյունիքի մարզը

    Անդրկովկասյան արահետը նույնպես Հայաստանով է անցնում է՝ միացնելով մի քանի գեղատեսիլ շրջաններ:

    Դուք կարող եք գտնել հետաքրքիր քայլարշավային երթուղիներ Հյուր սերվիսի անհատական էքսկուրսիաների ցանկում:
    • Փառատոներ. այցելեք Հյուր սերվիս-ի կայքի Փառատոներ էջը կամ Armenia.travel պաշտոնական կայքը՝ 2026 թվականի օրացույցին ծանոթանալու համար, ներառյալ Երևանի գինու օրերը (մայիս) և Վարդավառի փառատոնը (հուլիս):
    • Մշակութային միջոցառումներ. hամերգասրահների, թատրոնների, ինչպես նաև կինոթատրոնների, սպասվող համերգների, ներկայացումների և ֆիլմերի մասին մանրամասն տեղեկությունները կարող եք գտնել հետևյալ կայքերում՝ Toms.am կամ Tomsarkgh.am:
    Հայաստանը հայտնի է իր բարձրորակ ձեռագործ աշխատանքներով և յուրահատուկ համերով: Ահա լավագույն նվերները, որոնք կարող եք Ձեզ հետ հայրենիք տանել.

    • Աշխարհահռչակ խմիչքներ. հայկական կոնյակ (Արարատ կամ Դվին), նռան գինի կամ ավանդական մրգային օղիներ (թթի կամ հոնի):
    • Ձեռագործ զարդեր. արծաթյա ուրույն նմուշներ՝ զարդարված այնպիսի խորհրդանիշներով, ինչպիսիք են նուռը կամ հայկական հավերժության նշանը: Լավագույն տեսականին կգտնեք Վերնիսաժում:
    • Սնունդ. չրեր, թթու լավաշ (մրգային պաստեղ) և քաղցր սուջուխ (խաղողի հյութի մեջ թաթախված ընկույզներ):
    • Արհեստը խորհրդանշող իրեր. ձեռագործ հայկական գորգեր, ձեռքով նկարազարդված կերամիկա կամ դուդուկ (ծիրանափող):
    • Հրաբխային քար. տեղական օբսիդիանից (հրաբխային ապակի) պատրաստված գեղեցիկ զարդեր կամ գրասենյակային պարագաներտեղական օբսիդիանից (հրաբխային ապակի) պատրաստված գեղեցիկ զարդեր կամ գրասենյակային պարագաներ:

    Խորհուրդ ճանապարհորդներին. ձեռագործ աշխատանքներն ու արվեստի գործերն ուսումնասիրելու համար այցելեք Վերնիսաժ հանգստյան օրերին: Թարմ քաղցրավենիք և համեմունքներ գնելու համար ԳՈՒՄ-ի շուկան լավագույն վայրն է:
  • Սնունդ, մշակույթ և տեղական կյանք

    Հայաստանի եկեղեցիները գործող հոգևոր վայրեր են:

    • Հագուստ. տղամարդիկ և կանայք պետք է խուսափեն կարճ կիսատաբատներից, իսկ կանանց ուսերը ծածկված պետք է լինեն:
    • Գլխաշորեր. զբոսաշրջիկների համար պարտադիր պայման չէ, կիրառվում են որպես հարգանքի նշան:
    • Վարքագիծ. պահպանեք լռություն և խուսափեք լուսարձակով լուսանկարելուց արարողությունների ընթացքում:
    Հայկական խոհանոցը չափազանց բազմազան է՝ հարուստ թարմ կանաչիներով, բարձրորակ մսով և հացահատիկներով: Թեև խորովածը համարվում է հայկական խոհանոցի ամենահայտնի ուտեստը, Ձեզ ենք ներկայացնում նաև այն ճաշատեսակները, որոնք անպայման պետք է փորձել ամբողջական փորձառություն ստանալու համար.

    Դասական հիմնական ուտեստներ և նախուտեստներ.

    • Տոլմա. բրնձով, մսով և կանաչիներով համեմված միջուկ՝ փաթաթված խաղողի տերևների մեջ կամ լցոնված պղպեղների ու լոլիկների մեջ:
    • Ղափամա. տոնական դդում՝ լցոնված բրնձով, չրերով (ծիրանաչիր, սալորաչիր), մեղրով և ընկույզով: Այս ուտեստն այնքան հայտնի է, որ վերջինիս մասին նույնիսկ երգ կա:
    • Հարիսա. ձավարից և հավի կամ գառան մսից պատրաստված թանձր կերակուր: Այն հոգին ջերմացնող ուտեստ է՝ պատմական խորը արմատներով:
    • Խաշ. ավանդական «ձմեռային ապուր»՝ պատրաստված տավարի կճղակներից, մատուցվում է սխտորով և չոր լավաշով: Սա պարզապես ուտեստ չէ, այլ, ասես, արարողություն, որը սովորաբար վայելում են վաղ առավոտյան:
    • Լահմաջո. հաճախ անվանում են «հայկական պիցցա»՝ բարակ, խրթխրթան խմոր, որի վրա տարածված է մսի խճողակ՝ սխտորով և մաղադանոսով:
    • Բաստուրմա և սուջուխ. համեմված և չորացրած մսամթերք, որը հիանալի նախուտեստ է տեղական պանրեղենի համադրությամբ:

    Աղանդեր և ըմպելիքներ.

    • Գաթա. քաղցր, շերտավոր խմորեղեն՝ խորիզով (կարագ, ալյուր և շաքարավազ): Հայաստանի յուրաքանչյուր տարածաշրջան ունի գաթայի պատրաստման իր տարբերվող ոճը:
    • Արենի գինի. Հայաստանը աշխարհի հնագույն գինեգործարանի հայրենիքն է (6100 տարեկան): Բաց մի՛ թողեք տեղական Արենի (կարմիր) կամ Ոսկեհատ (սպիտակ) տեսակները համտեսելու հնարավորությունը:
    • Հայկական սուրճ. պատրաստում են տաք ավազի վրա, մատուցում՝ թունդ և տաք: Սուրճը հայկական հյուրասիրության անբաժանելի մասն է:

    Բուսակերների և վեգանների համար նախատեսված տարբերակներ
    Հայկական շատ ուտեստներ ինքնին հենց բուսակերների համար են նախատեսված: Հայտնի ճաշատեսակներից են պասուց տոլման (լոբազգիներով և ձավարեղենով լցոնված խաղողի տերևներ/կաղամբի թերթիկներ), ժենգյալով հացը (լեռնային կանաչիներով լցոնված հաց) և տարբեր բանջարեղենային նախուտեստներն ու աղցանները: Բուսակերների և վեգանների համար նախատեսված ռեստորանները գնալով մեծ տարածում են գտնում Երևանում:

    Հալալ սնունդ.
    Հալալ սննդի տարբերակներ կարելի է գտնել հիմնականում Երևանի կենտրոնում գտնվող մերձարևելյան և միջազգային խոհանոցներ մատուցող ռեստորաններում:

    Խորհուրդ ճանապարհորդներին. Հայաստանի իրական համը զգալու համար Ձեր կերակուրը մշտապես համադրեք թարմ լավաշի (լավաշի պատրաստման արվեստն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցանկում) և տեղական թթվի հետ:
    Հայաստանում սննդի առաքման համակարգը բավականին զարգացած է և մատչելի: Անկախ նրանից՝ նախընտրում եք ավանդական հայկական խոհանոց, միջազգային ուտեստներ, թե մթերք, կարող եք այդ ամենը հեշտությամբ պատվիրել բջջային հավելվածների միջոցով:

    • Լավագույն հավելվածները. ամենահայտնի և վստահելի ծառայություններն են մատուցում Menu.am-ը, Glovo-ն և Yandex Eats-ը:
    • Հասանելիություն. Երևանում նշված ծառայությունները գործում են 24/7 ռեժիմով, իսկ Գյումրիում կամ Դիլիջանում, օրինակ, ընտրությունը կարող է փոքր-ինչ սահմանափակ լինել:
    • Վճարում. բոլոր հավելվածներում հնարավոր է վճարում կատարել բանկային քարտերով, Apple Pay և Google Pay հավելվածների միջոցով, ինչպես նաև վճարել կանխիկ՝ առաքման պահին:
    • Մթերքի առաքում. եթե Ձեզ անհրաժեշտ է թեթև սնունդ, ըմպելիքներ կամ կենցաղային պարագներ, Glovo-ն և Yandex-ն ունեն հատուկ բաժիններ՝ տեղական սուպերմարկետներից արագ առաքում կազմակերպելու համար:
    • Լեզու. հավելվածները լիովին հասանելի են անգլերեն, ռուսերեն և հայերեն լեզուներով, ինչը շատ հարմար է զբոսաշրջիկների և հեռավար աշխատողների համար:

    Խորհուրդ ճանապարհորդներին. եթե բնակվում եք Երևանի կենտրոնում գտնվող հյուրանոցում կամ Airbnb-ի միջոցով ամրագրված բնակարանում, առաքումը հաճախ տևում է 30 րոպեից պակաս, իսկ առաքման վճարները շատ ցածր են՝ սովորաբար կազմելով 300 AMD - 800 AMD:
    Թեյավճարը ողջունելի է, սակայն պարտադիր պայման չէ:

    • Ռեստորաններ. Երևանի սրճարանների և ռեստորանների մեծ մասը հաշվին ավելացնում է 10% սպասարկման վճար: Որակյալ սպասարկման դեպքում հավելյալ 5-10% կանխիկ թեյավճարը մշտապես գնահատվում է:
    • Զբոսավարներ/վարորդներ. գերազանց անցկացրած էքսկուրսիաների համար ընդունված է թողնել 2000 AMD - 5000 AMD թեյավճար:
    Ոչ: Ծխելը (ներառյալ վեյփերը և IQOS-ը) Հայաստանի բոլոր փակ տարածքներում, ներառյալ՝ սրճարաններում, ռեստորաններում և բարերում, արգելված է: Ծխելը թույլատրվում է միայն դրսում՝ հատուկ հատկացված վայրերում:
    Հայաստանի պաշտոնական լեզուն հայերենն է՝ աշխարհի հնագույն լեզուներից մեկը, որն ունի իր հատուկ այբուբենը՝ ստեղծված 405թ.-ին:

    Այդուհանդերձ, այցելուների համար հաղորդակցվելը համեմատաբար հեշտ կլինի.

    • Ռուսերենը հասկանալի է և կիրառելի ողջ երկրի տարածքում
    • Անգլերենը լայնորեն տարածված է Երևանի զբոսաշրջային վայրերում: Շատ երիտասարդ հայեր վարժ տիրապետում են անգլերենին

    Միջազգային այցելուներին սպասարկող հյուրանոցների, ռեստորանների և տուրիստական ընկերությունների մեծ մասն ապահովում է ռուսախոս և անգլախոս անձնակազմ ու զբոսավարներ:
Տարածել՝

Հայաստան