Զանգեզուրի ժառիվեր լեռնաշղթաների մեջ՝ խոր կիրճերի ու ոլորուն լեռնային ճանապարհների վերևում վեր է խոյանում Տաթևի վանական համալիրը՝ հայկական միջնադարյան ճարտարապետության անզուգական գլուխգործոցը։ Հին հեթանոսական սրբավայրի տեղում 9-րդ դարում հիմնադրված այս միաբանությունը դարձավ Սյունիքի իշխանության հոգևոր և քաղաքական կենտրոնը։ Վանական պարիսպները, կանգնած անդունդի եզրին, կարծես միաձուլվում են լեռների քարեղեն զանգվածին, իսկ դրանց շահավետ դիրքը գրեթե անառիկ էր դարձնում վանքը թշնամիների համար։
Բարդ ժամանակներում Տաթևը վերածվում էր ամրոցի, որի հզոր պատերի ներսում ծաղկում էր ոչ միայն վանական կյանքը, այլև պահվում էին երկրի գանձերն ու սրբությունները։ Գաղտնի պահեստներն ու ստորգետնյա անցումները, որոնք կապում էին վանքը արտաքին աշխարհի հետ, հնարավորություն էին տալիս վանքին կանգուն մնալ պաշարման օրերին: Լեգենդը պատմում է, որ հենց դրանց շնորհիվ էին պահպանվում սրբավայրի մասունքներն ու ձեռագրերը։
Տաթևը դարեր շարունակ եղել է այն վայրը, որտեղ ճառագող հավատը միաձուլվում էր իմաստության ու քաղաքական զորության հետ, իսկ նրա պատերը լսել են և՛ աղոթքներ, և՛ ճակատագրական խոսքեր, որոնք որոշել են Սյունիքի ապագան:
Վանական համալիրի տարածքից դուրս, սակայն Որոտանի ժայռակոփ կիրճում գտնվում են այլ վանքեր, որոնք ավերվել են 1931 թվականի Զանգեզուրի երկրաշարժի ժամանակ։ Այս ամենին յուրահատուկ հմայլք են հաղորդում ձորի խորքում գտնվող Սատանի անձեռակերտ կամուրջը և Սյունյաց մեծ անապատը։ Վերջինս ավելի քան կես կիլոմետր երկարությամբ գետնուղով կապված էր Տաթևի վանքին, որը ևս վնասվել է երկրաշարժի պատճառով և փակվել քարերով։