Հայերը հպարտանում են դարերի միջով անցած իրենց ավանդույթներով ու սովորույթներով։ Տեղացիները, ինչպես նախկինում, հարգում են իրենց մեծերին, կապված են ընտանիքներին և հյուրընկալ են։ Նրանք մեծ շուքով նշում են տոները և հաճույքով պատրաստում ազգային ուտեստներ։ Խոսելու ենք Հայաստանի մշակույթի, սովորույթների, ինչպես նաև ավանդույթների մասին։
Փոխհարաբերություններ, մտածելակերպ
Հայերի մտածելակերպը ձևավորվել է պետության պատմության ազդեցության տակ և հիմնված է դարավոր ավանդույթների վրա։ Հայ ազգը հպարտ է իր ծագմամբ, նվիրված է ընտանիքին, հյուրընկալ է և ընկերասեր:
Ավանդույթներին հավատարիմ մնալուն և ազգապատկանելիության համար հպարտ լինելուն զուգահեռ՝ հայերն ազատասեր ժողովուրդ են: Նրանք չեն սիրում ենթարկվել և պատրաստ են պաշտպանել սեփական իրավունքները։ Վերջինս պայմանավորված է այն բազմաթիվ ճնշումներով, որոնցով անցել է Հայաստանը։ Հենց այս պատճառով էլ հայերն իրենց իսկապես ապահով և հարմարավետ են զգում միայն տանը։Հայաստանում կան բազմաթիվ ավանդույթներ և սովորույթներ՝ կապված մարդկային փոխհարաբերությունների հետ։ Այդ թվում՝
- Համբույրով ողջույն: Այտը համբուրելը ընկերներին և բարեկամներին ողջունելու ամենատարածված ձևն է: Բացի այդ, կանայք հանդիպելիս հաճախ իրար ձեռք են բռնում, ինչը համարվում է ջերմ հարաբերությունների նշան։ Մարդուն, ով ծանոթ չէ ավանդույթներին, կարող է թվալ, թե նրանք վաղուց չեն տեսնվել։ Սակայն հայերն այսպես են ողջունում միմյանց, եթե նույնիսկ հանդիպել են նախօրեին։
- Շնորհակալություն՝ ֆրանսերենով: Ի նշան երախտագիտության՝ հայերը հաճախ ասում են «շնորհակալություն» ոչ թե հայերեն, այլ ֆրանսերեն։ Հստակ հնարավոր չէ ասել, թե ինչու է ֆրանսերեն տարբերակն արմատավորվել Հայաստանում։ Բայց փաստը մնում է փաստ։ Ուստի չզարմանաք, եթե Ձեզ ասեն՝ «Մերսի, ջան:»։ «Ջան»-ը ստույգ թարգմանություն չունի, այս արտահայտությունն օգտագործվում է մտերիմ ու հարգված զրուցակցի նկատմամբ։
- Անձնական բնույթի հարցեր: Հայերը բաց են շփման համար և փոխհարաբերություններում պարզություն են սիրում: Զրույցի ընթացքում նրանք կարող են անձնական հարցեր տալ և զրուցակցին մանրամասնորեն հարցնել իր կյանքի մասին։ Դա չի դիտվում որպես անկիրթ վերաբերմունք, ընդհակառակը՝ ընկալվում է հոգատարության և անկեղծ կարեկցանքի դրսևորման ձև:
- Հարևանների հետ ջերմ հարաբերություններ: Հայաստանում հարևանները մտերիմ մարդիկ են՝ գրեթե ընտանիքի անդամների պես։ Նրանք կարող են հյուր գալ առանց հրավերի, նրանց հետ կիսվում են ուտելիքով և հանդիպում՝ միասին մի բաժակ սուրճ վայելելու:
- Ուշանալը նորմալ երևույթ է։ Հայերը չեն կարող պարծենալ ճշտապահությամբ: Նրանք ուշանում են թե տոնակատարություններից, թե պաշտոնական միջոցառումներից։ 15-20 րոպե ուշանալը համարվում է հարգելի։ Հետևաբար, եթե հային հյուր եք հրավիրում, ժամ նշելիս հաշվի առեք այս հանգամանքը:
Հայի ազգային հատկանիշներից մեկը մեծերի նկատմամբ հարգանքն է։ Մեծի հետ շփվելիս ընդունված չէ շատ խոսել, առավել ևս՝ ընդհատել։ Երբ տարիքով մարդը տուն է մտնում, երիտասարդները, ի նշան հարգանքի, ոտքի են կանգնում և նստում՝ միայն վերջինիս հրավերով:
Ավանդական ուտեստներ

Տոլմա խաղողի տերևներով
Հայկական հյուրընկալության անբաժանելի մասն է կազմում մեծ խնջույքը, որի ընթացքում մշտապես մատուցվում է լավաշ և ազգային խոհանոցի ուտեստներ։ Հայաստանում լավաշը պարզապես հաց չէ՝ այն երկրի մշակութային ժառանգությունն է: Պատահական չէ, որ 2014թ.-ին «Լավաշ հացի պատրաստումը, նշանակությունն ու արտաքին տեսքը՝ որպես հայկական մշակույթի դրսևորում» ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:
Հայկական ավանդական ուտեստները հագեցնող են և կալորիապես հարուստ: Տեղացիները սիրում են միս և թխվածք: Բացի այդ, նրանք շատ քանակությամբ աղ են օգտագործում: Այնքան, որ 2022թ.-ին երկրի սրճարաններում և ռեստորաններում արգելեցին աղամաններ դնելը:Հայաստանի ավանդական ուտեստներն են՝
- Հայկական խորոված: Պատրաստում են խոզի մսից, ոչ այդքան հաճախ նաև՝ գառան և հորթի մսից։ Մատուցում են մանղալի վրա պատրաստված բանջարեղենով՝ համեմված աղով և ճզմած սխտորով։
- Հարիսա: Ձավարից պատրաստվող հավով շիլա։ Ձավարը եփում են մարմանդ կրակի վրա՝ մինչև համասեռ զանգված դառնալը։ Այնուհետև ավելացնում են խաշած հավի միջուկը։
- Տոլմա: Բրնձով և աղացած մսով լցոնած խաղողի տերևներ։ Ուտեստի անվանումն առաջացել է «տոլի» բառից, որը նշանակում է «խաղողի ողկույզ»։
- Քյուֆթա: Տավարի աղացած մսից պատրաստվող խաշած կոլոլակներ, որոնք մատուցվում են հալած կարագով և մանրեցված կանաչեղենով:
- Քյալլա: Գառան կամ տավարի գլուխ, որը համեմում են բանջարեղենով և եփում կավե ջեռոցում։ Ի սկզբանե այս ուտեստը պատրաստում էին աղքատ մարդիկ, որոնք որակյալ մսով սնվելու հնարավորություն չունեին։ Բայց այսօր ուտեստը համարվում է դելիկատես և մատուցվում է հայկական խոհանոցով ռեստորաններում։
- Ավելուկ: Ավելուկից (թրթնջուկ) պատրաստվող հայկական ավանդական ապուր:
- Բոզբաշ: Գառան մսով և սիսեռով պատրաստվող ապուր:
- Սպաս: Ապուր՝ կաթնաթթվային հիմքով:
- Խաշլամա: Տավարի կամ գառան մսով և մեծ քանակով բանջարեղենով պատրաստվող թանձր ապուր։ Այն ավելի շատ ռագու է հիշեցնում:
- Ղափամա: Դդում՝ լցոնած բրնձով, չրերով, ընկույզով և մեղրով։
- Բարուրիկ: Ռուլետ հիշեցնող քաղցր ուտեստ՝ ընկույզով, շաքարով և դարչնով միջուկով։
- Ալանի: Չորացրած դեղձ՝ լցոնած ընկույզով։
- Շարոց: Քաղցրավենիք, որի պատրաստման մեջ օգտագործվում է երեք համեմունքների խառնուրդ՝ դարչին, մեխակ, հիլ։ Շարոցը երբեմն նաև քաղցր սուջուխ են անվանում:
Հայաստանը հայտնի է ոչ միայն ավանդական ուտեստներով, այլև խմիչքներով։ Այստեղ նախընտրում են խմել սուրճ, թան, տեղական հանքային ջուր։ Եվ, իհարկե, ոչ մի մեծ խնջույք լիարժեք չէ առանց հայկական կոնյակի։

Հայկական ավանդական թոնրում լավաշի թխում
Ավանդական հագուստ
Հայկական ավանդական հագուստը կոչվում է տարազ։ Կանայք կրում էին ատլասե, մետաքսե կամ թավշյա զգեստներ։ Զգեստներն արձակ էին, թևերին բացվածքներ ունեին, կապվում էին ազգային նախշով գոտիով։ Վրայից գոգնոց էին հագնում։ Գույնով ու նախշերով կարելի էր հասկանալ, թե երկրի որ շրջանից էր հանդերձանք կրողը:Զգեստի տակ պարտադիր էր կրել ներքնազգեստ՝ հալավ կոչվող երկար շապիկ, ինչպես նաև փոխան։ Այս հագուստը կարվում էր բամբակյա գործվածքից։
Կանայք գլխին կրում էին պոշա՝ գլխարկի տեսակ՝ ասեղնագործված ուլունքներով և ոսկեգույն թելերով։ Այն փաթաթում էին մետաքսե թաշկինակի մեջ։ Հարավային շրջաններում պոշան ավելի բարդ ձևավորում ուներ՝ դրան ամրացվում էին երկար զարդեր, որոնք կախվում էին քունքերի մոտ և ճակատի դիմացի հատվածում։
Տղամարդկանց տարազը ներառում էր շապիկ, վերնազգեստ և տաբատ: Շապիկները պատրաստում էին չթից կամ մետաքսից և զարդարում կողային կոճակով կանգնած օձիքով։ Վերնազգեստը, որը հագնում էին շապիկի վրայից, կրում էին ավելի հարուստ բնակիչները:
Հայկական հագուստի մեջ առանձնահատուկ դեր էր խաղում զարդանախշը։ Այն ընկալվում էր որպես թալիսման և պաշտպանում չար աչքից: Ավանդական նախշերով զարդարում էին հագուստի թևերը, փեշերը, պարանոցի բացվածքները, գոտիները, ինչպես նաև գոգնոցները:
Հագուստի համար ամենատարածված գույներն էին կարմիրը, կապույտը, մանուշակագույնը և կանաչը: Կարմիրը խորհրդանշում էր կյանքը, պտղաբերությունը, ջերմությունը: Կապույտը և մանուշակագույնը օգտագործվում էին որպես հիվանդություններից պաշտպանվելու միջոց: Իսկ կանաչը համարվում էր երիտասարդության և ընտանիքի խորհրդանիշ:

Խումբ՝ հայկական ազգային տարազներով
Ազգային պարեր

Ազգային պար հայկական հարսանիքում
Հայերը սիրում են երգել ու պարել։ Հայաստանն ունի պարեր յուրաքանչյուր տոնի համար՝ լինի դա հարսանիք, թե հաղթանակի տոն: Դրանցից մի քանիսը պարում են պրոֆեսիոնալ խմբերը, պարերի մեծ մասը գիտեն ու պարում են սովորական մարդիկ:
Ազգային պարերն են՝- Քոչարի: Ուժ և մարտական ոգի խորհրդանշող պար։ Այն պատկերվել է Ռայխստագի պատերին՝ 1945թ.-ին։ Իսկ 2017թ.-ին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:
- Բերդ: Պար, որը թարգմանաբար նշանակում է «ամրոց»։ Եվ դա պատահական չէ: Պարող տղամարդիկ կանգնում են միմյանց ուսերին՝ այդպիսով պատ ստեղծելով։
- Յարխուշտա: Պար, որը սկիզբ է առել մարտերից առաջ մարտական ոգին բարձր պահելու համար: Պարողները ցուցադրում են մարտ և այլաբանորեն հարձակվում միմյանց վրա։
- Ուզունդարա: Այս պարը ավանդաբար հարսանիքի ժամանակ պարում է հարսը՝ միայնակ կամ ընկերուհիների հետ։ Պարի էությունը ծնողական տանը հրաժեշտ տալն է:
- Քերծի: Ռազմական պարի ուրույն տեսակ, որը երբեմն կոչում են որսորդական: Այս պարատեսակում պարաքայլի առաջ տանող քայլերը կիսակքանստած են կատարվում և մեկնաբանվում են որպես որսը չվախեցնելու նպատակով արվող որսի գնացողի գաղտագողի շարժումներ:
Այսօր հայկական ազգային պարերը որոշակիորեն փոխվել են։ Այսպես, օրինակ, տղամարդկանց մարտական պարերը կարելի է տեսնել կանանց և խառը խմբերի կատարմամբ։ Այդուհանդերձ, հայերին հաջողվել է պահպանել իրենց պատմական պարային ավանդույթները։
Ազգային երաժշտություն
Հայկական երաժշտությունն առանձնանում է ինքնատիպությամբ՝ մեծապես ազգային երաժշտական գործիքների կիրառման շնորհիվ՝- լարային՝ փանդիռ, տավիղ, քնար;
- փողային՝ դուդուկ, զուռնա, պկու;
- հարվածային՝ դհոլ:
Հայկական ազգային փողային գործիքներից առանձնահատուկ ուշադրության է արժանի դուդուկը։ Դուդուկը/ծիրանափողը (ծիրանենու փայտից պատրաստվող փողային գործիքը) հայկական երաժշտական ամենահին գործիքն է, որի նմանը չունեցող մեղեդին թվագրվում է մ.թ.ա. 95-55թթ.-ով՝ Տիգրան Մեծի օրոք: Դուդուկի առջևի կողմում 7 կամ 8 անցք կա, իսկ հակառակ կողմում՝ 1 կամ 2։ Դուդուկի մեղեդին ջերմ ու մեղմ հնչողություն ունի։ Առաջին անգամ դուդուկը հնչեց «Քրիստոսի վերջին գայթակղությունը» ֆիլմում՝ 1988թ.-ին: Այսօր այն կարելի է ունկնդրել այնպիսի աշխարհահռչակ ֆիլմերի սաունդթրեքներում, ինչպիսիք են «Ավատար»-ը, «Դա Վինչիի ծածկագիրը», «Գլադիատոր»-ը: Ամենանշանավոր ու տաղանդաշատ դուդուկահարը հայազգի Ջիվան Գասպարյանն է: Դուդուկի երաժշտությունն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:

Ջիվան Գասպարյանը՝ դուդուկով մեղեդի կատարելիս
Ընտանեկան ավանդույթներ
Ընտանիքն ու երեխաները հայ ազգի հիմնական արժեքներն են: Ընտանիքի գլուխը տղամարդն է։ Տիկինը օջախի պահապանն է, կինն ու մայրը։Հայերի ընտանեկան հիմնական ավանդույթներն են՝
- Հայաստանում ընդունված է ապրել ծնողների հետ: Որդիներն իրենց կանանց բերում են հայրական տուն։ Եթե ընտանիքում մի քանի տղա կա, ապա ծնողները սովորաբար ապրում են ավագ որդու ընտանիքի հետ:
- Հարսանիքը մեծ տոնական իրադարձություն է, որին հրավիրում են բոլոր բարեկամներին ու հարազատներին: Ամուսնությունից հետո նորապսակները ափսեներ են կոտրում՝ ի նշան հաջողության։ Իսկ տոնակատարության ժամանակ հարսի գիրկը տղա երեխա են տալիս, որպեսզի զույգի առաջնեկը տղա ծնվի։
- Հայաստանում շատ են սիրում երեխաներին, ուստի ընտանիքների կազմում հիմնականում շատ երեխաներ կան։ Առաջնեկ տղա երեխայի ծնունդը համարվում է լավ նշան, այն խորհրդանշում է բարեկեցություն ամբողջ ընտանիքին:
- Երեխայի մկրտությունը առանձնահատուկ տոն է համարվում։ Սովորաբար կնունքը երեխայի կյանքի 8-րդ օրն են նշում:
- Երբ երեխան հանում է իր առաջին ատամը, ծնողներն իրենց բոլոր հարազատներին հյուր են հրավիրում: Տոնակատարության ընթացքում մի ավանդույթ է ընդունված անցկացնել: Այն կոչվում է ատամհատիկ. երեխայի շուրջը դրվում են գործունեության տարբեր ոլորտների առարկաներ: Հավատում են, որ երեխայի ընտրած առարկան խորհրդանշում է իր ապագա մասնագիտությունը:
Հայերը շատ են կապված իրենց ընտանիքներին: Այդ պատճառով Հայաստանում ամուսնալուծությունների թիվը համեմատաբար ցածր է։ Թեև վերջին տասնամյակում այս ցուցանիշը սկսել է սրընթաց աճել։

Տրնդեզը Հայաստանում՝ ընտանեկան ավանդույթների տոն
Հայկական հյուրընկալություն
Հայերը հյուրընկալ ազգ են: Հայաստանում հյուրերին դիմավորում են սրտաբաց, ջերմությամբ և լի սեղանով։ Ավելին, ամեն ոք, ով հատում է հայկական տան շեմը, հյուր է դառնում։
Երբ հայկական տուն ես մտնում, չես կարող հրաժարվել հյուրասիրությունից։ Դա համարվում է անհարգալից վերաբերմունք տան տիրոջ նկատմամբ: Ուստի, եթե Ձեզ հյուր են հրավիրել հայերի տուն, ավելի լավ է նախօրոք ախորժակ պահել և պատրաստվել ճաշակելու բոլոր տեսակի ազգային ուտեստներ:

Հայկական հյուրընկալություն՝ առատ սեղան և լեգենդար կոնյակ