HyurService Logo
Լիլիթ Գևորգյան

Լիլիթ Գևորգյան

«Հյուր սերվիս» կայքի բովանդակության պատասխանատու

Երևանի լավագույն թանգարաններն ու պատկերասրահները

Calendar 13 Հլս, 2025 Calendar 9-12 րոպե Calendar 1 անգամ
Վարկանիշ. 5
Ու՞ր այցելել Հայաստանում
Երևանի լավագույն թանգարաններն ու պատկերասրահները
Երկրների պատմությունը, մշակույթն ու ավանդույթներն ուսումնասիրելու լավագույն տեղը թանգարաններն են։ Այստեղ Դուք ոչ միայն չոր տվյալներ եք ստանում, այլև սեփական աչքերով ականատես եք լինում անցյալ դարերի «փաստեր»-ին, որոնք հասել են մեր օրեր: Մենք Ձեզ համար կազմել ենք Երևանի ամենահետաքրքիր թանգարանների ցանկը՝ ազգային խոշոր թանգարաններից մինչև փոքր թեմատիկ թանգարաններ։

ԹՈՓ-5 պարտադիր այցելության թանգարաններ

Այս ցանկում մենք ներառել ենք թանգարաններ, որոնք կօգնեն Ձեզ ծանոթանալ Հայաստանի և Երևանի պատմությանը, տեսնել մշակույթն ու տեղական ավանդույթները, ինչպես նաև ծանոթանալ հայկական անցյալի մութ էջերին։ Ընդհանուր առմամբ, սա այսպես կոչված must-see ցանկ է նրանց համար, ովքեր առաջին անգամ են ճամփորդում Հայաստան:

Հայաստանի պատմության թանգարան Երևանի թանգարանները. ո՞ր թանգարաններն արժե այցելել զբոսաշրջիկին: Հայաստանի պատմության թանգարան

Հայաստանի պատմության թանգարան

Այն Հայաստանի Հանրապետության առաջին թանգարանն է, որը հիմնադրվել է 1919թ.-ին՝ լինելով երկրում ամենահանրաճանաչը։ Այստեղ ցուցադրված են եզակի հնագիտական ​​ցուցանմուշներ, որոնք թվագրվում են նախապատմական ժամանակներով:
«Քարի դար» մշտական ​​ցուցադրության շրջանակներում կարելի է տեսնել հնագույն գործիքներ ու զենքեր, որոնք ստեղծվել են մոտավորապես կես միլիոն տարի առաջ. նման ժամանակաշրջան դժվար է նույնիսկ պատկերացնել։ Խորհուրդ ենք տալիս ուսումնասիրել Ուրարտուի ցուցանմուշների հավաքածուն: Վերջինս ամենահզորներից մեկն էր Հին Արևելքում, ոչնչացել է մ.թ.ա. 6-րդ դարում:

Բացի այդ, այստեղ ցուցադրվում է 18-19-րդ դդ. հայկական ազգային տարազների, ինչպես նաև հագուստի առանձին կտորների և զարդերի մեծ հավաքածու։ Մեկ ուրիշ ցուցադրություն ներառում է 14-20-րդ դդ. հայկական գորգերի մանրակրկիտ արվեստը՝ համեմատելով այն քանդակի և մանրանկարչության հետ։ Զարդանախշերի մեջ թաքնված են սուրբ սիմվոլներ, որոնք «կարդալով» հնարավոր է պատկերացում կազմել այդ ժամանակաշրջանի հավատալիքների ու պաշտամունքի մասին։

Թանգարանը գտնվում է Հանրապետության հրապարակում՝ երգող շատրվանների ետնամասում։ Բաց է երեքշաբթիից կիրակի, և փակ՝ երկուշաբթի օրերին:

Հայաստանի ազգային պատկերասրահ Երևանի թանգարանները. ո՞ր թանգարաններն արժե այցելել զբոսաշրջիկին: Հայաստանի ազգային պատկերասրահ

Հայաստանի ազգային պատկերասրահ

Այն գտնվում է նույն շենքում, որտեղ և Հայաստանի պատմության թանգարանը։ Թանգարանը զբաղեցնում է 3-ից 8-րդ հարկերը։ Սա երկրի ամենատպավորիչ թանգարաններից է, ԱՊՀ-ի ամենամեծ թանգարաններից մեկը և բոլոր արվեստասերների ամենասիրելի վայրը։ Պատկերասրահի այցելուներն ընդգծում են որմնանկարների հիասքանչ պատկերասրահը, հայկական արվեստի աշխարհի ամենամեծ հավաքածուն, ինչպես նաև Այվազովսկու ստեղծագործությունների հիանալի հավաքածուն: Իտալական հավաքածուն ներառում է Տինտորետտոյի, Ֆ. Գվարդիի, Ա. Տուրչիի, Ջ. Կավեդոնեի, ինչպես նաև այլ վարպետների բնօրինակները։ Հոլանդական և ֆլամանդական արվեստի բաժնում կարելի է տեսնել մեծանուն Պետեր Ռուբենսի, Յան վան Գոյենի, ինչպես նաև Կասպար Նետշեի բնօրինակները։ Պատկերասրահն ունի նաև ֆրանսիացի նկարիչների բավականին մեծ հավաքածու՝ Ժան Ֆրագոնար, Ֆրանսուա Դրուա, Ժան Բատիստ Գրյոզ:

Դեկորատիվ-կիրառական արվեստի հավաքածուն ներառում է մ.թ.ա 2-7-րդ հազարամյակներում ստեղծված դիմակներ, արձանիկներ և գործվածքներ։ Բացի այդ, պատկերասրահում կարող եք տեսնել Դոնատելլոյի, Լուկա դելլա Ռոբբիայի և այլ մեծ քանդակագործների արհեստանոցում ստեղծված քանդակի նմուշներ։

Պատկերասրահը գտնվում է Հանրապետության հրապարակում՝ երգող շատրվանների ետնամասում։ Ինչպես և թանգարանը, պատկերասրահն ընդունում է այցելուներին երեքշաբթիից կիրակի, և փակ է երկուշաբթի օրերին:

Էրեբունի թանգարան և ամրոց Երևանի թանգարանները. ո՞ր թանգարաններն արժե այցելել զբոսաշրջիկին: Էրեբունի թանգարան և ամրոց

Էրեբունի թանգարան և ամրոց

Էրեբունի պատմահնագիտական ​​արգելոց-թանգարանը կարևոր մշակութային և գիտական ​​կենտրոն է՝ նվիրված Էրեբունի բերդաքաղաքի (հիմնադրվել է մ.թ.ա. 782թ.-ին՝ Ուրարտուի թագավոր Արգիշտի I-ի կողմից) հնագույն պատմությանը։ Թանգարանը բացվել է 1968թ.-ին՝ քաղաքի հիմնադրման 2750-ամյակին։
Արին-Բերդ բլրի վրա գտնվող ամրոցի պեղումները, որոնք մեկնարկել էին դեռ 19-րդ դարում և վերսկսվել 1950-ական թթ.-ին, հանգեցրին բազմաթիվ եզակի հնագիտական ​​գտածոների բացահայտմանը, այդ թվում՝ Էրեբունու հիմնադրման մասին սեպագիր արձանագրությանը, գտնվեցին նաև ուրարտական, հելլենիստական ​​և վաղ հայկական ժամանակաշրջաններին պատկանող իրեր։

Թանգարանային հավաքածուն ներառում է մոտ 12.000 ցուցանմուշ, որոնցից կարելի է առանձնացնել քարե և կավե արձանները, բրոնզե իրեր՝ սեպագրությամբ, ինչպես նաև զենքեր։ Թանգարանի ցուցանմուշները պարբերաբար ցուցադրվում են համաշխարհային հայտնի թանգարաններում, ինչպիսիք են Լուվրը և Էրմիտաժը: Տարեկան կտրվածքով թանգարան այցելում է մոտ 15.000 զբոսաշրջիկ, կրթական ծրագրի շրջանակներում անցկացվում են ուրարտերենի դասընթացներ։

Էրեբունի թանգարանը գտնվում է Էրեբունու 38 հասցեում: Բաց է երեքշաբթիից կիրակի, հանգստյան օրը երկուշաբթին է:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Հայոց ցեղասպանության զոհերի թանգարան Երևանի թանգարանները. ո՞ր թանգարաններն արժե այցելել զբոսաշրջիկին: Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Այն Հայաստանի պատմության ողբերգական էջերին նվիրված հուշարձան է։ Համալիրի ստեղծման նպատակն է պահել 20-րդ դարի Ցեղասպանության ընթացքում զոհված 1.5 միլիոն հայերի հիշատակը։ 2014թ.-ին "Forbes" ամսագիրը թանգարանն անվանել է պարտադիր այցելության 9 թանգարաններից մեկը:
Հայոց Ցեղասպանություն կոչում են գոյատևելու համար անհնարին պայմաններում բռնի տեղահանումը («մահվան երթեր»), ինչպես նաև Օսմանյան կայսրության վերահսկողության տակ գտնվող տարածքների բնակիչների զանգվածային սպանությունները: Իշխանությունները ծրագրում էին ամբողջությամբ մաքրել հայերով բնակեցված շրջանները:

Թանգարանը ստորգետնյա է, զբաղեցնում է երկու հարկ։ Այստեղ պահվում են այն տարիներին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ բազմաթիվ փաստագրական վկայություններ, այդ թվում՝ սպանվածների և փախստականների քարավանների լուսանկարներ, խոշտանգումների ապացույցներ, նամակներ և այլ փաստաթղթեր: Երևանի թանգարանները. ո՞ր թանգարաններն արժե այցելել զբոսաշրջիկին: Հայոց ցեղասպանության զոհերի թանգարան

Հայոց ցեղասպանության զոհերի թանգարան

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն առանձնանում է 44 մ բարձրությամբ կոթողով։ Մոտ գալով՝ տեսանելի է դառնում հիմքից մինչև գագաթ ձգվող մի ճեղք՝ հայ ժողովրդի պառակտման խորհրդանիշը: Կողքին քարե սալերն են, որոնց կենտրոնում Հավերժական կրակն է: Համալիրը գտնվում է բլրի վրա, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Երևանը և Արարատ լեռը։ Տեղակայված է Հանրապետության հրապարակից ոչ հեռու. զբոսանքը կտևի ավելի քիչ, քան մեկ ժամ:

Թանգարանի հասցեն է՝ Ծիծեռնակաբերդի խճուղի 8/8: Այն աշխատում է երեքշաբթիից կիրակի, երկուշաբթին հանգստյան օր է:

Մատենադարան՝ հին ձեռագրերի թանգարան Երևանի թանգարանները. ո՞ր թանգարաններն արժե այցելել զբոսաշրջիկին: Մատենադարան

Մատենադարան

Այն աշխարհի ձեռագրերի ամենախոշոր պահեստներից մեկն է։ Թանգարան-ինստիտուտը կոչվել է հայոց գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի պատվին։
Ներսի թվով 15 սրահներում հազարավոր ցուցանմուշներ են ցուցադրված։ Դրանց թվում են հին երգարաններ, բանաստեղծություններ, մարդկանց և կենդանիների կառուցվածքի մասին պատկերազարդ հրատարակումներ, կենսագրություններ, որոնք գրվել են շատ դարեր առաջ: Վերջիններս իսկական արվեստի գործեր են։
Մանրամասն ներկայացված է աշխարհում գրքի տպագրության պատմությունը, կան բազմաթիվ հետաքրքիր կրոնական հրատարակություններ։ Բացի այդ, այստեղ կարելի է տեսնել ամենամեծ գիրքը՝ «Մշո ճառընտիր»-ը, որը կշռում է գրեթե 30 կգ, և ամենափոքրը՝ «Տոնացույց»-ը՝ 20 գրամից պակաս կշիռով։ Ձեռագրերի պահպանվածության աստիճանն ապշեցնում է. նույնիսկ ամենահին ձեռագրերը, որոնք թվագրվում են 5-6-րդ դդ.-ով, համեմատաբար լավ վիճակում են հասել մեր օրեր:

Թանգարանը գտնվում է «Կասկադ»-ից 10 րոպե ոտքով քայլելու հեռավորության վրա՝ Մաշտոցի 53 հասցեով: Բաց է երեքշաբթիից շաբաթ: Երկուշաբթին և կիրակին հանգստյան օրեր են:

Երևանի հետաքրքիր թեմատիկ թանգարանները

Բացի ընդհանուր պատմական ուղղվածությամբ թանգարաններից, Երևանում առանձնանում են նաև նեղ ուղղվածությամբ թանգարաններ։ Մենք Ձեզ կպատմենք այն թանգարանների մասին, որոնք մեր կարծիքով ամենահետաքրքրականն են:

«ԱՐԱՐԱՏ» թանգարան և կոնյակի գործարան Երևանի թանգարանները. ո՞ր թանգարաններն արժե այցելել զբոսաշրջիկին: ԱՐԱՐԱՏ թանգարան և կոնյակի գործարան

ԱՐԱՐԱՏ թանգարան և կոնյակի գործարան

«ԱՐԱՐԱՏ» գործարանի կոնյակը ոչ միայն Երևանի, այլ ամբողջ Հայաստանի այցեքարտերից է։ Այն արտադրվում է 19-րդ դարից սկսած՝ օգտագործելով դասական ֆրանսիական տեխնոլոգիան։ «Դվին», «Երևան», «Ախթամար» լեգենդար խառնուրդները մինչ օրս ամենաբարձր գնահատականներն են ստանում այս թունդ ըմպելիքը գնահատողների կողմից։ Դուք կարող եք ծանոթանալ կոնյակի պատմությանը, ինչպես նաև համտեսել լավագույն տեսակները՝ «ԱՐԱՐԱՏ» թանգարանում էքսկուրսիայի ընթացքում:
Էքսկուրսավարները կպատմեն, թե ինչպես է արտադրվում խաղողի սպիրտը, ինչպես է կոնյակը պահվում և հնեցվում, որտեղից են բերվում տակառները և որ տեսակի փայտն է լավագույնս համապատասխանում դրանց: Շրջայցն ավարտվում է համտեսով և ֆիրմային խանութ այցով, որտեղից կարող եք գնել կոնյակ թե Ձեր, թե ընկերների համար:

Թանգարանի հասցեն է՝ Ծովակալ Իսակովի 2: Բաց է յուրաքանչյուր օր:

Մեգերյան Կարպետ գորգերի գործարան-թանգարան Երևանի թանգարանները. ո՞ր թանգարաններն արժե այցելել զբոսաշրջիկին: Մեգերյան Կարպետ գորգերի գործարան-թանգարան

Մեգերյան Կարպետ գորգերի գործարան-թանգարան

Այն գործարան և թանգարան է, որտեղ կարելի է հետևել ձեռագործ գորգերի արտադրության գործընթացին։ Գործարանը մասնագիտացած է միայն նշված տեխնոլոգիայում՝ օգտագործելով բնական հումք և ներկանյութեր։ Ներկերը ստացվում են բույսերից և ամրացվում գաղտնի բաղադրանյութի միջոցով, որին որպես հիմք են ծառայում շիբը, կրաքարը և այլ բաղադրիչներ։ Ասում են, որ այսպես գորգը դարերով չի կորցնում իր գույնը, և դրա իրական ապացույցը կա. «Մեգերյան» թանգարանի ամենահին ցուցանմուշը ավելի քան 400 տարվա պատմություն ունեցող գորգ է։

Հավաքածուներում ներկայացված են ցուցանմուշներ, որոնք իրենց սեփական պատմությունն են ներկայացնում: Այսպես, օրինակ, գորգերից մեկն օգնեց վերամիավորվելու մի ընտանիքի, որը փրկվել էր Հայոց ցեղասպանությունից: Քույրերը ստիպված են եղել բաժանվել միմյանցից, և յուրաքանչյուրն իր հետ վերցրել է մեկ գորգի կեսը, իսկ հետո Նյու Յորքում քույրերը միմյանց ճանաչել են հենց այդ գորգի մասերով։

Թանգարանը գտնվում է Մադոյան 9 հասցեում՝ Սասունցի Դավիթ արձանի հարևանությամբ: Բաց է երկուշաբթիից շաբաթ: Կիրակին հանգստյան օր է:

Երևանի պատմության թանգարան Երևանի թանգարանները. ո՞ր թանգարաններն արժե այցելել զբոսաշրջիկին: Երևանի պատմության թանգարան

Երևանի պատմության թանգարան

Երևանը քաղաք է, որը գրեթե 3000 տարեկան է։ Հիմնադրման պաշտոնական տարեթիվը մ.թ.ա. 782թ.-նն է, սակայն այստեղ մարդիկ ապրել են ավելի վաղ շրջանից, ըստ հետազոտողների՝ դեռ մ.թ.ա. 3000 տարի առաջվանից: Պատմության թանգարանում Դուք կտեսնեք Հայաստանի մայրաքաղաքի կազմավորման և զարգացման բոլոր փուլերը՝ սկսած հնագույն բերդաքաղաք Էրեբունիից մինչև մեր օրերը։ Ամենահին ցուցանմուշները վերաբերում են նախապատմական ժամանակներին, օրինակ,այստեղ ներկայացված է Շենգավիթի կերամիկան, որն ավելի հին է, քան եգիպտական ​​բուրգերը՝ Շենգավիթ բնակավայրը գոյություն է ունեցել մ.թ.ա. 4-2-րդ հազարամյակներում։ Թանգարանում ներկայացվում են նաև Բյուզանդիայի, Հին Հռոմի, Հին Հունաստանի և այլ երկրների մետաղադրամների մեծ հավաքածուներ, որոնք հայտնաբերվել են Երևանի տարածքում պեղումներ իրականացնելու ընթացքում:

Բացի այդ, թանգարանում կազմակերպվում են ինտերակտիվ խաղեր և կրթական ծրագրեր երեխաների և մեծահասակների համար՝ քաղաքն ավելի լավ ճանաչելու համար, ինչպես նաև տեղեկացված լինելու այնպիսի իրադարձությունների մասին, որոնք չեն լուսաբանվում զբոսաշրջային ուղեցույցներում:

Երևանի պատմության թանգարանը գտնվում է Արգիշտի 1 հասցեում՝ Հայաստանի ազգային պատկերասրահից 15 րոպե ոտքով քայլելու հեռավորության վրա: Աշխատում է երկուշաբթիից շաբաթ, իսկ կիրակին հանգստյան օր է:

Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարան Երևանի թանգարանները. ո՞ր թանգարաններն արժե այցելել զբոսաշրջիկին: Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարան

Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարան

Լուսիկ Ագուլեցին նկարչուհի է, հավաքորդ, ինչպես նաև Հայաստանի ավանդույթների պահպանողը։ Նա հավաքում էր հայկական ազգային տարազներ և հենց տարազով էլ շրջում էր Երևանում։ Բացի այդ, նրա տուն-թանգարանում ցուցադրվում են հնաոճ տիկնիկների, կենցաղային իրերի, զարդերի հավաքածուներ և շատ ավելին: Մարդիկ գալիս են նրա տուն՝ սուզվելու անցյալում, տեղի լեգենդների մասին իմանալու համար, ինչպես նաև այստեղ կարելի է ուսումնասիրել ծիսական առարկաներ, զգալ այն ժամանակվա ոգին և հասկանալ, թե ինչպես են ապրել նախկինում հայերը։ Կարող եք Ձեր տպավորությունները քննարկել արտ-սրճարանում. ամռանը սեղանները դուրս են բերվում այգի, իսկ ցուրտ սեզոնին Դուք կարող եք նստել երկրորդ հարկում՝ ցուցանմուշների մեջ:

Տուն-թանգարանի հասցեն է՝ Մուրացանի 79: Բաց է յուրաքանչյուր օր:

Սերգեյ Փարաջանովի թանգարան Երևանի թանգարանները. ո՞ր թանգարաններն արժե այցելել զբոսաշրջիկին: Սերգեյ Փարաջանովի թանգարան

Սերգեյ Փարաջանովի թանգարան

Սերգեյ Փարաջանովը խորհրդային շրջանի ռեժիսոր է, իսկական անունը՝ Սարգիս Հովսեփի Փարաջանյան։ Հայտնի է «Նռան գույնը», «Աշուղ-Ղարիբ», «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմերով։ Լինելով վարպետ և նկարիչ՝ (նրա խորհրդանշական դեկորացիաները կարելի է տեսնել թանգարանում) Փարաջանովը նկարահանումների համար անպատկերացնելի դեկորացիաներ էր ստեղծում։ Նրա դժվարին պատմությանն ու ստեղծագործական կյանքի զարգացմանը կարելի է հետևել թանգարանային սրահներում։ Այցելուներն ասում են, որ պարտադիր չէ այստեղ էքսկուրսիա պատվիրել, կարելի է նաև ինքնուրույն շրջել: Թանգարանն այնքան «խոսուն» է, որ թվում է, թե Փարաջանովն ինքն է պատմում իր մասին։ Այստեղ գալու համար պարտադիր չէ նրա ֆիլմերի երկրպագու լինել. եթե Ձեզ դուր են գալիս անսովոր և ստեղծագործ անհատականություններ ու նրանց ինքնարտահայտման ձևերը, ապա Դուք անպայման պետք է այցելեք այս թանգարանը: Դուք կստանաք ոգեշնչման գաղափարներ և կտեսնեք, թե ինչպես կարելի է սովորական իրերից գլուխգործոցներ ստեղծել:

Թանգարանը գտնվում է Ձորագյուղի 15/16 հասցեում՝ «ԱՐԱՐԱՏ» թանգարանից ոչ հեռու: Բաց է յուրաքանչյուր օր:

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան Երևանի թանգարանները. ո՞ր թանգարաններն արժե այցելել զբոսաշրջիկին: Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան

Այս թանգարանում Դուք կհայտնվեք այլ աշխարհում՝ նկարած Սարյանի գույներով։ Նրան անվանում էին գույնի վարպետ իր հարուստ, վառ երանգների և անիրական բնապատկերների համար:
Նա դարձավ հայ ազգային գեղանկարչության հիմնադիրներից մեկը, իր գործերի միջոցով փոխանցում էր հեքիաթներ ու երազներ, նկարների միջոցով ցույց էր տալիս սերը դեպի Հայաստան և փոխանցում ճանապարհորդություններից ստացված տպավորությունները։ Ի դեպ, նրա ծոռնուհին գրող Մարիամ Պետրոսյանն է՝ «Տունը, որտեղ…» գրքի հեղինակը։

Թանգարանում ցուցադրված են Սարյանի ոչ միայն ամենահայտնի աշխատանքները, այլև նրա անձնական նկարչական պարագաները, լուսանկարներն ու կենցաղային իրերը։ Տան բնակելի հատվածում ամբողջությամբ պահպանվել է ներքին հարդարանքը, որում ապրել է նկարիչը։ Նա ճանաչում է վայելել կենդանության օրոք, ուստի կահավորանքը, թեև արտաքուստ համեստ է երևում, սակայն իրականում բավականին ճոխ է։

Թանգարանը գտնվում է Սարյան 3 հասցեում՝ «Կասկադ»-ից ոչ հեռու: Աշխատում է ամեն օր, բացի հինգշաբթի օրերից:


Սա Երևանի թանգարանների ամբողջական ցանկը չէ։ Քաղաքի հետագա ծանոթության ընթացքում Դուք կբացահայտեք արվեստի նոր պատկերասրահներ, անվանի մարդկանց թանգարաններ, հուշանվերների խանութներ, որտեղ ներկայացված են տեղի արհեստավորների աշխատանքները և շատ ավելին: Վերը թվարկվածները, մեր կարծիքով, կարելի է համարել Հայաստանի մայրաքաղաքում լավագույնները։ Կապվեք մեզ հետ՝ մենք Ձեզ ավելի մանրամասն կպատմենք յուրաքանչյուրի մասին և կկազմենք Ձեր ճանապարհորդության անհատական ​​երթուղին:
Տարածել՝

Հայաստան

map