Արագած լեռ
Լեռը հայտնի է ոչ միայն նրանով, որ վերջինիս հյուսիսային գագաթը Հայաստանի ամենաբարձր կետն է՝ ծովի մակարդակից 4090 մ բարձրության վրա։ Անունը թարգմանվում է որպես «Արայի գահ», ենթադրաբար՝ ի պատիվ Արա Գեղեցիկի՝ պատմական հայ արքայի, որը կառավարել է մ.թ.ա. 9-րդ դարում։
Պատմիչ Մովսես Խորենացին (մ.թ. 5-րդ դար) իր «Հայոց պատմություն» աշխատության մեջ նշում է, որ Արագածը կոչվել է Հայկյան տոհմի թագավոր Արամանյակի անունով, որն առաջին հայ նահապետ Հայկի որդին էր։
Հին ավանդության համաձայն՝ Արարատը և Արագածը սիրող քույրեր էին, մինչև այն պահը, երբ վիճեցին նրա շուրջ, թե իրենցից ով է ավելի բարձր ու գեղեցիկ։ Վեճն այնքան սրվեց, որ քույրերը միմյանց անիծեցին. այդ ժամանակվանից ի վեր, ըստ լեգենդի, ոչ ոք չի կարող ոտք դնել Արարատի գագաթին, իսկ Արագածի վրա հայտնվեց արցունքներից գոյացած լիճ։ Մեկ այլ լեգենդի համաձայն՝ Գրիգոր Լուսավորիչն աղոթում էր լեռան գագաթին, և գիշերը նրան մի ճրագ էր լուսավորում, որը կախված էր երկնքում առանց պարանի։ Ասում են, որ ճրագը դեռ կարելի է տեսնել այնտեղ, բայց վերջինս տեսանելի է դառնում միայն ընտրյալներին և հսկում է հայ ժողովրդի կյանքը։
Կար ժամանակ, երբ Արագած լեռը հրաբուխ էր։ Ըստ հետազոտողների՝ այդ ժամանակ դրա բարձրությունը մոտենում էր 8000 մ-ի։ Ժայթքումից հետո այն կորցրեց իր բարձրության գրեթե կեսը և բաժանվեց չորս գագաթների, որոնց միջև կա 400 մ տրամագծով և 3 կմ խորությամբ հսկայական խառնարան։ Պատմաբանների կարծիքով՝ մարդիկ այստեղ ապրել են նախապատմական ժամանակներից։ Լեռան լանջերին պահպանվել են պաշտպանիչ մեգալիթյան ամրոցներ, ոռոգման հինավուրց համակարգի մնացորդներ, բազմաթիվ ժայռապատկերներ, վիշապաքարեր, ինչպես նաև բնակավայրերի հետքեր։Հետաքրքիր փաստ. 2005թ.-ի մայիսի 28-ին մոտ 250.000 հայ մասնակցեց «Միասնության շուրջպարին»։ Նրանց հաջողվեց Արագած լեռան շուրջը պար բռնել՝ 168 կմ երկարությամբ շրջանով։
Այժմ Արագածը հետազոտողներին գրավում է իր գրավիտացիոն անոմալիայով։ Այստեղ կան առվակներ, որտեղ ջուրը դեպի վեր է հոսում, այլ ոչ թե վար, նետված քարերը խախտում են ձգողականության կանոնները և նույնպես վեր են գլորվում, և նույնիսկ չեզոք դիրքում գտնվող մեքենան դանդաղորեն դեպի վեր է բարձրանում։ Կան բազմաթիվ ենթադրություններ, թե ինչ պատճառով է այս ամենը տեղի ունենում. ամենահավանականի համաձայն՝ գետնի տակ կա հզոր մագնիսական թիթեղ, որի ակտիվացումով էլ պայմանավորված է անոմալիան։ Այդուհանդերձ, մի շարք ֆիզիկոսներ կարծում են, որ նկարագրվածը զուտ օպտիկական խաբկանք է։ Նրանց կարծիքով՝ այս տեղանքի բլուրը թեքություն ունի, որը և ստեղծում է դեպի վեր ուղղության տեսողական խաբկանք՝ դա այսպես կոչված կեղծ հարթությունն է։
«Հյուր սերվիս»-ը հրավիրում է Ձեզ մասնակցելու դեպի Արագած լեռ էքսկուրսիաների։ Կարող եք ընտրել խմբային էքսկուրսիան, և, իհարկե, դիմել մեզ՝ անհատական երթուղի կազմելու համար. անպայման կտեսնեք գրավիտացիոն անոմալիան սեփական աչքերով, ինչպես նաև կայցելեք այլ տեսարժան վայրեր։

Արագած լեռ
Ամբերդի ամրոց
Սովորաբար, դեպի Արագած էքսկուրսիան սկսվում է հենց այս վայրի այցից:Ամբերդի ամրոցը (բառացի՝ «ամրոց ամպերի մեջ») գտնվում է ծովի մակարդակից 2300 մ բարձրության վրա: Այն կառուցվել է 7-րդ դարում՝ Կամսարական իշխանների կողմից որպես պաշտպանական կետ:
10-րդ դարում ամրոցն անցել է Պահլավունի իշխանների տիրապետության տակ, վերջիններս զգալիորեն ամրապնդել են այն՝ վերածելով անառիկ միջնաբերդի: 1026թ.-ին իշխան Վահրամ Պահլավունին մոտակայքում կառուցեց Վահրամաշեն եկեղեցին, որը հասել է մեր օրեր: 1196թ.-ին հայ-վրացական զորքերը՝ Զաքարե Զաքարյանի հրամանատարությամբ, ազատագրեցին ամրոցը սելջուկներից, որից հետո այն դարձավ Վաչուտյան թագավորության ադմինիստրատիվ կենտրոնը: 1236թ.-ին, սակայն, Ամբերդն ավերվեց մոնղոլների կողմից և կորցրեց իր ռազմավարական նշանակությունը:Ամրոցը կառուցվել է բազալտե հսկայական բլոկներից, պատերի հաստությունը հասնում էր 4 մ-ի, ինչը ապահովում էր հուսալի պաշտպանություն պաշարողական հարձակումներից:
Ջրամատակարարման յուրատեսակ համակարգը թույլ էր տալիս բնակիչներին դիմակայել երկարատև պաշարումներին. լեռնային աղբյուրներից և հալված ձյունից գոյացած ջուրը հասնում էր կավե խողովակներով, կար նաև գաղտնի ելք դեպի Արքաշեն գետը:
Մինչև մեր օրեր են հասել 10-11-րդ դարերի բաղնիքի ավերակները, որտեղ օգտագործվել էր «հիպոկաուստ» տեխնոլոգիան՝ հատակի և պատերի տաքացման համակարգը, որը փոխառված էր Հին Հռոմից:Այժմ ամրոցից միայն ավերակներն են պահպանվել, բայց ամեն դեպքում արժի գալ այստեղ, քանի որ հնարավորություն կա հնագույն քարերին դիպչելու, տարբեր ժամանակաշրջանների կապն ընկալելու, ինչպես նաև հիանալու ապշեցուցիչ համայնապատկերներով:

Ամբերդի ամրոց
Քարի լիճ
Սա բարձրլեռնային լիճ է, որը գտնվում է ծովի մակարդակից 3200 մ բարձրության վրա:Այստեղ թվում է, թե ձեռքով կարելի է հասնել երկնքին, իսկ պարզ ու մաքուր օդը, կարծես, ղողանջում է:
Բոլոր չլուծված հարցերն ու կարևոր գործերը մի պահ դառնում են անկարևոր, մինչ Դուք ուսումնասիրում եք թափանցիկ ջուրը, որի մեջ արտացոլվում են լեռան գագաթն ու երկինքը: Հատուկ ուշադրության է արժանի դեպի լիճ՝ հրաշալի տեսարանների միջով տանող ոլորապտույտ ճանապարհը:Քարի լճում չեն լողում, քանի որ ջուրը սովորաբար չափազանց սառն է: Ափին կա գիտական կայան, որը հիմնադրվել է 1943թ.-ին՝ Ալիխանյան եղբայրների՝ խորհրդային միության հայտնի ֆիզիկոսների կողմից: Այստեղ՝ առաջին անգամ ԽՍՀՄ-ում, հայտնվեց ամենամեծ մագնիսական սպեկտրոմետրը՝ մշտական մագնիսով:

Քարի լիճ
Բյուրականի աստղադիտարան
Եթե ցանկանում եք Ձեզ ավելի մոտ զգալ տիեզերքի գաղտնիքներին, ուղևորվեք Բյուրականի աստղադիտարան՝ Հայաստանի ամենահիասքանչ վայրերից մեկը։ Այն գտնվում է Արագած լեռան լանջերին և իդեալական է բնությունը, պատմությունն ու գիտությունը մեկ շրջագայության մեջ համադրելու համար։Աստղադիտարանը հիմնադրվել է 1946 թվականին լեգենդար աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի կողմից և շատ արագ դարձել է համաշխարհային գիտական կենտրոն։ Այստեղ գիտնականները կատարել են այնպիսի հայտնագործություններ, որոնք փոխել են մեր պատկերացումները աստղերի և գալակտիկաների մասին։
Այսօր Բյուրականը ոչ միայն գիտական կենտրոն է, այլև եզակի տեսարժան վայր Հայաստանի հյուրերի համար։ Աստղադիտակների և գմբեթների միջով քայլելիս Դուք հայտնվում եք իսկական «աստղերի քաղաքում»։ Երեկոյան հնարավոր է դիտել անծայրածիր երկինքը՝ լի միլիոնավոր լույսերով․ տպավորություն, որը կմնա հիշողության մեջ ամբողջ կյանքում։
Ինչու այցելել Բյուրականի աստղադիտարան․
- Գեղատեսիլ դիրք Արագած լեռան լանջին,
- Հնարավորություն իմանալ համաշխարհային նշանակության հայտնագործությունների մասին,
- Վիկտոր Համբարձումյանի ժառանգության ճանաչում,
- Ռոմանտիկ և ոգեշնչող աստղադիտումներ։
Բյուրականը Ձեր համար կդառնա Հայաստանի ուղևորության առանձնահատուկ պահերից մեկը՝ պարգևելով տիեզերքի հավերժական գաղտնիքներին հաղորդակից լինելու զգացում։

Բյուրականի աստղադիտարան
Սաղմոսավանք
Սաղմոսավանքը միջնադարյան հայկական ճարտարապետության հայտնի հուշարձաններից է: Մուգ երանգի տուֆից կառուցված այս տպավորիչ համալիրը վեր է խոյանում Քասախ գետի գեղատեսիլ կիրճի եզրին՝ Ամբերդի ամրոցից ~15 կմ հարավ:Ըստ ավանդության՝ 4-րդ դարում առաջին հայ կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը, Արագածի գագաթից նկատելով այս վայրը, եկել է այստեղ ու կառուցել եկեղեցի: Այնուհետև նա նույն տեղում հավաքել է քահանաներին և նրանց սաղմոսներ սովորեցրել: Հենց այստեղից էլ անվանումը՝ Սաղմոսավանք նշանակում է «սաղմոսների վանք»:
Պատմականորեն արձանագրված է, որ Սաղմոսավանքի գլխավոր տաճարը՝ Սբ. Սիոնը, կառուցվել է 1215թ.-ին՝ իշխան Վաչե Վաչուտյանի կողմից: Ավելի ուշ վերջինիս ավելացան.- Սբ. Աստվածածին եկեղեցին (1235թ.);
- նախագավիթը (1250թ.);
- գրադարանը (1255թ.):
Համալիրի գլխավոր տաճարը խաչաձև գմբեթավոր եկեղեցի է՝ գլանաձև թմբուկի նմանվող հսկայական գմբեթով։ Խորհուրդ ենք տալիս այցելել համալիրի գրադարանը, որի ճակատային մասը նույնքան խիստ և ասկետիկ ոճով է, որքան համալիրի մյուս կառույցները, սակայն ներքին հարդարանքը հարուստ է քանդակներով ու գունավոր քարերով։

Սաղմոսավանք
Կարմրավոր եկեղեցի
Սաղմոսավանքի մոտակայքում թաքնված է միջնադարյան ճարտարապետության փոքրիկ մարգարիտը՝ Կարմրավոր եկեղեցին (VII դար)։ Չնայած իր համեստ չափերին՝ այն զարմացնում է ներդաշնակությամբ ու նրբությամբ և առավելապես հայտնի է գեղեցիկ լեգենդով։Ըստ ավանդույթի՝ երեք քույր սիրահարվում են մեկ երիտասարդի։ Որպեսզի չվնասվեն քույրերի միջև կապերը, յուրաքանչյուրն ընտրում է կյանքից հեռանալու ճանապարհ։ Ավագը՝ սպիտակ հագուստով, խեղդվում է․ նրա հիշատակին կառուցվում է Սպիտակավոր եկեղեցին։ Միջնեկը՝ ծիրանագույն զգեստով, կրկնում է այդ ճակատագիրը․ նրան է նվիրված Ծիրանավոր եկեղեցին։ Փոքրիկը՝ կարմիրով, նույնպես չի կարողանում հաղթահարել իր զգացմունքները, և նրա անունով կառուցվում է Կարմրավոր եկեղեցին։
Այսօր այդ երեք եկեղեցիները կանգնած են հարևան բլուրների վրա և խորհրդանշում են քույրական սիրո ու զոհաբերության ուժը, իսկ Կարմրավորը առանձնապես պաշտելի է իր գեղեցկությամբ և հուզիչ պատմությամբ։

Կարմրավոր եկեղեցի
Այս ճանապարհորդության ընթացքում հնարավորություն կլինի ոչ միայն գեղեցիկ լուսանկարներ ստանալ, այլև սուզվել Հայաստանի հազարամյա պատմության մեջ։ Բացահայտեք Հայաստանի ամենահետաքրքիր անկյունները «Հյուր սերվիս»-ի միջոցով։