Ծովի մակարդակից 4090 մետր բարձրության վրա խոյացող Արագած լեռը Հայաստանի Հանրապետութան ամենաբարձր գագաթն է և մեր երկրի ամենահիասքանչ բնական կոթողներից մեկը։ Այս հանգած հրաբուխը տպավորում է իր խառնարանի արտասովոր ձևով: Նրա շուրջ, ինչպես հսկայական քարե ծաղկի թերթիկներ, վեր են խոյանում չորս գագաթները. հյուսիսայինը՝ 4090 մ, արևմտյանը՝ 3995 մ, արևելյանը՝ 3908 մ և հարավայինը՝ 3888 մ։
Լեռան գեղագիտությունը լրացնում է Քարի լիճը, որը գտնվում է ծովի մակարդակից 3250 մ բարձրության վրա: Մոտ 1150 մ շրջագծով այս լիճը արևոտ օրերին իր արտացոլանքում պահում է երկնքի կապույտը և Արագածի գագաթները՝ ստեղծելով երազ հիշեցնող տեսարան։ Ձյան հալոցքից հարստացող առվակներն ու գետերը սնուցում են հայկական քաղաքակրթության բնօրրանը՝ Արարատյան դաշտը, իսկ լեռան ծոցից առաջացող հրաբխային տուֆով կառուցվում են երկրի գրեթե բոլոր շինությունները՝ դրանց տալով բազմագույն ու հմայիչ տեսք։
Հնագիտական գտածոները վկայում են, որ մարդիկ դեռևս հնագույն ժամանակներից բնակվել են լեռան լանջերին՝ հասնելով 3000 մ-ից էլ փոքր-ինչ ավել բարձրության։ Այստեղ պահպանվել են հին բնակավայրերի, ամրոցների և պաշտամունքային կառույցների հետքեր։
Արագածը միշտ էլ հայերի համար եղել է ուժի և վեհության խորհրդանիշ։ Այսօր այն գրավում է արշավականներին, լեռնագնացներին և լուսանկարիչներին՝ առաջարկելով Արարատյան դաշտի և հարակից լեռնաշղթաների լայնաշունչ տեսարանները։ Արագածի վերելքը ոչ միայն բնության հմայք է, այլև ճանապարհորդություն Հայաստանի հինավուրց պատմության խորքեր։