Մուղնուց հյուսիս՝ Գեղատեսիլ Քասաղի կիրճի եզրին վեր է խոյանում Սաղմոսավանքը, որի անունը հնչում է հենց որպես աղոթք։ XII-XIII դարերում Վաչուտյան ազնվականների կողմից հիմնադրված այս վանքը դարեր շարունակ եղել է ոչ միայն հոգևոր կենտրոն, այլև կրթության կարևոր օջախ. այստեղ գրվել ու պահպանվել են անգին ձեռագրեր։ Համալիրը բաղկացած է չորս շինություններից՝ վեհաշուք Սուրբ Սիոն գլխավոր եկեղեցուց, գավիթից, ընդարձակ մատենադարանից և համեստ Սուրբ Աստվածածին մատուռից։ Կիրճի եզերքին կանգնած վանքի քարե պատերը դարերի ընթացքում ականատես են եղել ժամանակների հոսքին՝ պահելով աղոթքների զորությունն ու բնության մեղմ ձայնը։
1988 թվականի երկրաշարժը մեծ վնաս հասցրեց վանքին, և թվում էր՝ քարերը երկար լռելու են։ Սակայն արդեն 1998 թվականին սկսվեց վանքի վերականգնման հսկայական աշխատանքները, և 2000 թվականի դեկտեմբերին վանքը նորից կանգնեց իր երբեմնի փառքով։
Այսօր Սաղմոսավանքը դիմավորում է իր այցելուներին լեռների ու կիրճի հիասքանչ տեսարաններով։ Նրա ներսում տիրող լռությունը նման է սաղմոսի, ասես հողն ինքը երգում է հավերժական սաղմոս։ Երբ կանգնում ես կիրճի եզրին ու նայում անսահման հովտին, զգում ես, որ այս վայրը ծնված է աղոթքի, մտորումների և հոգու խաղաղության համար։