HyurService Logo
Մարիաննա Քոսակյան

Մարիաննա Քոսակյան

«Հյուր սերվիս» ընկերության փոխտնօրեն

Հայաստանի քարանձավային քաղաքները՝ Խնձորեսկ, Խնածախ, Տեղ

Calendar 08 Սեպ, 2025 Calendar 8-10 րոպե Calendar 9 անգամ
Վարկանիշ. 5
Ու՞ր այցելել Հայաստանում Բնություն և ակտիվ հանգիստ
Հայաստանի քարանձավային քաղաքները՝ Խնձորեսկ, Խնածախ, Տեղ
Հայաստանի քարանձավները հայտնի են ամբողջ աշխարհում. այսպես, օրինակ, Արենի-1-ում (Թռչունների քարանձավ) հայտնաբերվել է ամենահին կաշվե ոտնամանը (5500-ամյա) և ամենահին գինեգործարանը (6100 տարեկան): Կխոսենք քարանձավային քաղաքների մասին. մարդիկ այստեղ ապրել են նույնիսկ 20-րդ դարում: Եկեք էքսկուրսիայի մեկնենք «Հյուր սերվիս» ընկերության հետ:

Հայաստանի քարանձավային քաղաքների պատմությունը

Հայերը քարանձավներն օգտագործել են հնագույն ժամանակներից. օդի նվազագույն հոսքի շնորհիվ դրանց մեջ ձմռանը տաք էր, իսկ ամռանը՝ զով։ Հետևաբար, վերջիններս ծառայել են և որպես կացարաններ, պաշարների պահեստ, անասունների համար նախատեսված տարածք, և որպես մենաստանի վայր՝ վանականների համար։ Մարդիկ ոչ միայն բնական ծագում ունեցող քարանձավներում են բնակվել, այլև սեփական ձեռքերով փորված քարանձավներում։ Հին հույն պատմաբան Քսենոփոնն իր «Անաբասիս» գրքում ստորգետնյա տները նկարագրում է որպես ջրհորի նման նեղ վերին մուտքով տարածք։ Մարդիկ իջնում էին աստիճաններով, մինչդեռ անասունների համար անցուղիներն առանձին էին փորվում:
Շինարարության գործընթացը մանրամասն նկարագրել է ճանապարհորդ Ռոբերտ Քերզոնն իր 1854թ.-ին գրված «Հայաստան. մեկ տարի Էրզրումում և Ռուսաստանի, Թուրքիայի և Պարսկաստանի սահմաններին» գրքում։ Նա պատմում էր, որ սկզբում ապագա սեփականատերը ընտրում էր փոքր իջվածքով լանջի վրա հստակ տեղը, ապա նոր սկսում ապագա տան չափով նախատեսված ստորգետնյա տարածք փորելը։ Բնակելի հատվածներն ու անասնանոցները բաժանվում էին փայտե պատերով և սյուների շարքերով։ Երբ ամեն ինչ պատրաստ էր, ծառի ճյուղերից «առաստաղ» էին պատրաստում։ Դե իսկ վերջնական փուլում «առաստաղ»-ը պատում էին փորելու ընթացքում հանված հողով և այն ծածկում խոտերով։ Դռները գտնվում էին գետնի մակարդակից մոտավորապես 1.2-1.5 մ բարձրության վրա։

Խնձորեսկ

Խնձորեսկ անվանման բացատրության մի քանի տարբերակ կա: Ամենատարածված վարկածի համաձայն՝ անունը պայմանավորված է տարածքում աճող բազմաքանաք խնձորենիներով: Բացատրության մեկ այլ տարբերակ է «խորը ձոր»-ը՝ որպես Խնձորեսկի ձևափոխված բառախաղ:
Հին Խնձորեսկը հայտնի է հայ պատմաբան Ստեփանոս Օրբելյանի գրառումներից, ինչպես նաև 13-րդ դարի հարկային ցուցակից. վերջինս հարկեր էր վճարում Տաթևի վանքին: Միջնադարում այն Արևելյան Հայաստանի ամենախիտ բնակավայրերից մեկն էր՝ իսկական ամրոց: Հայ կաթողիկոս Աբրահամ Կրետացու նշումներում քարանձավները բնորոշվում էին որպես ոչ միայն կեցավայր, այլև ապաստարան. մուտքը գտնվում էր մոտ 20-30 մ բարձրության վրա, բնակիչներն այնտեղ էին բարձրանում պարաններով: Բավական էր պարանն իջեցնել, և տները վերածվում էին անառիկ ամրոցի:
Հստակ տեղեկություն չկա այն մասին, թե երբ են այստեղ հայտնվել առաջին բնակիչները: Հնագիտական պեղումների համաձայն՝ Խնձորեսկի բնական քարանձավները բնակեցված են եղել դեռևս 3-4 հազար տարի առաջվանից: Այնուհետև, ամենայն հավանականությամբ, որսորդները դրանցում ապաստան էին գտնում՝ վաղ եղանակային պայմաններից ելնելով։ Հետագայում հայերը սկսել են ինքնուրույն խոռոչներ փորել ժայռերի մեջ՝ ներխուժողներից պաշտպանվելու նպատակով։
Միջնադարի ստորգետնյա բնակավայրերն իրենց հարդարանքով նման են ժամանակակից երկու կամ երեք սենյականոց բնակարանների. դրանցում կային ավանդական հայկական վառարաններ՝ թոնիրներ, որոնցից մեկում հաց էին թխում, իսկ մյուսում՝ ճաշ պատրաստում։ Քարանձավները գտնվում էին մեկը մյուսի վերևում. մեկի տանիքը մյուսի համար ծառայում էր որպես այգի կամ բակ, ինչի արդյունքում ամբողջ գյուղը նմանվում էր հսկայական բնակարանային համալիրի։
Հետաքրքիր է, որ մարդիկ այստեղ ապրել են մինչև 20-րդ դարի կեսերը։ Միայն 1958թ.-ին բնակիչները տեղափոխվեցին կիրճից վերև գտնվող Նոր Խնձորեսկ։ Տեղափոխության ճշգրիտ պատճառը մնում է անհայտ, մի տարբերակի համաձայն՝ 1931թ.-ի երկրաշարժը ոչնչացրեց քարանձավների մի մասը և, այդպիսով, դրանցում ապրելը դարձավ վտանգավոր։ Մեկ այլ տարբերակի համաձայն՝ խորհրդային իշխանությունները համարում էին, որ քարանձավային կացարանները սանիտարական նորմերին չէին համապատասխանում, ուստի և սկսել են վերաբնակեցման ծրագիր։

Իրականում, Խնձորեսկի քարանձավները բավականին հարմարավետ էին ապրելու համար։ Դրանցում կային խորշեր, կահույք, իսկ որոշներում՝ նույնիսկ էլեկտրականություն։ Դրանց վերևում հաճախ կառուցվում էին երկրորդ հարկեր և պատշգամբներ, և նաև ամբողջական տներ, որոնք ծառայում էին որպես քարանձավների տրամաբանական շարունակություն։ Այժմ լքված ստորգետնյա կացարանները բաց են այցելուների համար, և զբոսաշրջիկները երբեմն գիշերում են այնտեղ՝ զգալու համար, թե ինչպես են մարդիկ ապրել այստեղ ոչ այնքան վաղուց։ Քարանձավներից մի քանիսը դեռևս օգտագործվում են որպես անասնագոմեր։ Խնձորեսկ քարանձավային քաղաքը Հայաստանում: Խնձորեսկ

Խնձորեսկ

Ուրիշ ինչ հետաքրքիր վայրեր կան Խնձորեսկում այցելելու համար.
  1. Ճոճվող կամուրջը։ Կառուցվել է 2012թ.-ին ծնունդով Խնձորեսկից՝ գործարար Ժորա Ալեքսանյանի նախաձեռնությամբ։ 160 մ երկարությամբ կամուրջն անցնում է 63 մ ձգվող անդունդի վրայով, և հենց այս կամրջով կարելի է Նոր Խնձորեսկից քայլել դեպի Հին Խնձորեսկ։
  2. Ինը մանկան աղբյուրը։ Տեղական ավանդության համաձայն՝ Խնձորեսկի վրա հարձակման ժամանակ կանայք հավասարապես կռվել են տղամարդկանց հետ։ Ինը երեխաների մայրը՝ Սոնան, մահացել է, իր հայրն այստեղ աղբյուր է գտել, տեղադրել կանացի կրծքի նմանվող մի կարաս և այսպես աղոթել. «Թող՝ ջուրը կաթ դառնա և կերակրի իմ որբ թոռներին»։ Ասում են, որ դրանից հետո ջուրն իսկապես կաթի է վերածվել։
  3. Հին եկեղեցիները՝ Սբ. Հռիփսիմե, Սբ. Թադևոս և այլն։ Այս կառույցներն ավելի քան 400 տարեկան են, հետաքրքիր է, որ դրանք կանգուն են մնացել 1931թ.-ի երկրաշարժից հետո, այստեղ նույնիսկ պատարագներ են մատուցվում։ Իսկ 9-10-րդ դարերին վերագրվող մեկ այլ հինավուրց եկեղեցի վատ է պահպանվել, և զբոսաշրջիկները հազվադեպ են այցելում այն։
  4. Խնձորեսկի ամրոցը։ Այն ծառայել է հայ զորավար Մխիթար Սպարապետի համար որպես ռազմական բազա՝ Օսմանյան տիրապետության դեմ ազգային-ազատագրական շարժման ժամանակ: Մխիթարը, ինչպես նաև իր կինն ու որդին, թաղված են մոտակայքում։ Ամրոցը մասամբ է պահպանվել, սակայն այն շարունակում է մնալ Հայաստանի պատմության անբաժան վկան։
  5. Խնձորեսկի թանգարանը։ Քարանձավներից մեկի տարածքում տեղի բնակիչները բացել են քարանձավային կյանքը ներկայացնող թանգարան, որտեղ կարող եք ուսումնասիրել վերաբնակեցումից հետո մնացած կեցավայրի ներքին հարդարանքի իրերը և սարքավորումները։ Տեղի բնակիչներից մեկը, ով մեծացել է Խնձորեսկում, կարող է էքսկուրսիա կազմակերպել Ձեզ համար և պատմել քարանձավներում անցնող կյանքի մասին:

Խնձորեսկը գտնվում է Գորիսից ոչ հեռու։ Այստեղ հասնելու ամենահեշտ ճանապարհը մեքենայով կամ տաքսիով է. գնացեք Գորիսի մայրուղով մինչև Նոր Խնձորեսկ, որից առաջ կլինի աջ շրջադարձ, և ապա հարկավոր կլինի մոտ 2.5 կմ անցնել գրունտային ճանապարհով։

Խնձորեսկ քարանձավային քաղաքը կարելի է այցելել «Հյուր սերվիս»-ի կողմից կազմակերպվող էքսկուրսիայի շրջանակներում։ Խնձորեսկ քարանձավային քաղաքը Հայաստանում: Խնձորեսկի ճոճվող կամուրջը

Խնձորեսկի ճոճվող կամուրջը

Խնածախ

Խնածախի պատմությունը սերտորեն կապված է Մելիք-Հայկազյան հայ ազնվական տոհմի հետ։ 16-րդ դարում Մելիք Հայկազը մելիքության կենտրոնը Քաշաթաղից տեղափոխեց Խնածախ և այստեղ նոր կալվածք կառուցեց։ Այդպիսով, գյուղը դարձավ շրջանի կարևոր վարչական և մշակութային կենտրոն։
Խնածախի քարանձավները կոչում են Ագռավների քարանձավներ. տեղի բնակիչները պատմում են, որ դրանցում ապրել են գուշակներ, որոնք ագռավի թռիչքով կանխատեսել են ապագան։ Այժմ դրանք վաղուց լքված են, տարածքը զբոսաշրջային վայր չէ, յուրաքանչյուրը կարող է տեղում ուսումնասիրել դրանք։
Բացի այդ, Խնածախում և շրջակա տարածքում են գտնվում.

  1. Միջնադարյան գերեզմանատունը։ Գտնվում է գյուղի հարավարևմտյան մասում, գործում է 12-րդ դարից մինչև մեր օրերը։ Գերեզմանոցը զբաղեցնում է մոտ 1.4 հեկտար տարածք և արտացոլում է Մելիք-Հայկազյան իշխանների թաղման ավանդույթներն ու հուշերը։
  2. 19-րդ դարի Մեջի մահլի աղբյուրը։ Այն գտնվում է գյուղի կենտրոնում և մինչ օրս օգտագործվում է խմելու ջրի մատակարարման նպատակով։ Բաղկացած է կամարակապ սրահից՝ քարե ջրամբարներով: Ջուրը մատակարարվում է ստորգետնյա թունելով։
  3. Բլուրների վրա գտնվող չորս խաչքարերը։ Գյուղի շրջակա բլուրների վրա տեղադրված են 14-17-րդ դարերին վերագրվող խաչքարեր։ 1620թ.-ի խաչքարի վրա կան հայերեն ու պարսկերեն երկար արձանագրություններ, որոնք վկայում են տարածաշրջանի բարդ քաղաքական և մշակութային կապերի մասին։

Խնածախը գտնվում է Գորիսից՝ 28 կմ, Տեղ գյուղից՝ 17 կմ և Խնձորեսկից՝ 25 կմ հեռավորության վրա։ Խնձորեսկ քարանձավային քաղաքը Հայաստանում: Խնածախի քարանձավները

Խնածախի քարանձավները

Տեղ

Տեղ բնակավայրը, ըստ Ստեփանոս Օրբելյանի, հիմնադրվել է հայոց թագուհի Շահանդուխտի կողմից: 998թ.-ին վերջինս այն նվիրաբերել է Տաթևի վանքին, ինչը հաստատվում է 13-րդ դարի հարկային գրառումներով: Սուրբ Գևորգ եկեղեցին՝ մասամբ կառուցված 4-5-րդ դարերում, պահպանվել է մինչ մեր օրեր: Տեղում, այնուամենայնիվ, ամենահետաքրքիրը քարանձավներն են: Հեշտ էր աշխատել ծակոտկեն հրաբխային ապարների հետ, ուստի և շինարարներն այստեղ ստեղծել են մի ամբողջ ստորգետնյա քաղաք՝ լաբիրինթոսներով:
Մի շարք պատմաբանների կարծիքով՝ այս համալիրը կարող է լինել Հայաստանի ամենահին բնակավայրը:
Տեղի քարանձավները լիովին ուսումնասիրված չեն և դրանք դեռևս շատ գաղտնիքներ ունեն:

Տեղը գտնվում է Հայաստանի հարավում՝ Գորիս քաղաքից 20 կմ հեռավորության վրա՝ Որոտան գետի մոտ: Խնձորեսկից մինչև Տեղ՝ 12 կմ է: Գյուղը գտնվում է M12 մայրուղու երկայնքով, որտեղից երևում են ամենամեծ քարանձավների մուտքերը: Տեղի բնակիչները դրանցից մի քանիսը դեռևս օգտագործում են տնտեսական նպատակներով:

Բացի այդ, Տեղում պահպանվել են.

  • հին գերեզմանատներ (պատմաբանները դրանք վերագրում են Երկաթի դարին);
  • հին շինություններ, այդ թվում՝ 18-րդ դարի Մելիք-Բարխուդարյանի կալվածքը;
  • ուրույն խաչքարեր՝ գյուղի հյուսիսային մասում։
Հայաստանի քարանձավային քաղաքները պարզապես լեռներում գտնվող քարե խոռոչներ չեն, այլ հազարամյա պատմության, հուշերի և վարպետության կենդանի հուշարձաններ։ Այստեղ մարդիկ բնակվել են, թաքնվել, աղոթել, երեխաներ մեծացրել, հաց թխել, ինչպես նաև ամրոցներ կառուցել՝ ժայռի մեջ։ «Հյուր սերվիս»-ը կազմում է երթուղիներ՝ ամենահետաքրքիր տեսարժան վայրերով և ցույց է տալիս Ձեզ Հայաստանն իր ողջ հմայքով։ Մեզ հետ Ձեր ճանապարհորդությունները միշտ հարմարավետ և անվտանգ կլինեն։
Խնձորեսկ քարանձավային քաղաքը Հայաստանում: Տեղի քարանձավները

Տեղի քարանձավները

Տարածել՝

Հայաստան

map