HyurService Logo

Հայաստանի թոփ հնագույն տաճարները՝ մանրամասն ուղեցույց

Նորույթ

Calendar 22 Հոկ, 2025 Calendar 13-15 րոպե Calendar 6 անգամ
Վարկանիշ. 5
Ու՞ր այցելել Հայաստանում
Հայաստանի թոփ հնագույն տաճարները՝ մանրամասն ուղեցույց
Հայաստանը երկիր է, որտեղ պահպանվել են հազարամյա պատմություն ունեցող եկեղեցիներ ու տաճարներ։ Կրոնը բնակչության համար մշտապես եղել է հայկական ինքնության խորհրդանիշը, որը հայերը բազմիցս պաշտպանել են թշնամիների հարձակումների ընթացքում։ Մեր ընտրանին ներառում է հայկական թոփ հնագույն տաճարները, որոնք մեր օրեր են հասել դարերի միջով՝ միաժամանակ պահպանելով իրենց եզակիությունը:

Էջմիածնի Մայր Տաճար

Հասցե՝ Արմավիրի մարզ, քաղաք Վաղարշապատ
Էջմիածինը պարզապես եկեղեցական համալիր չէ՝ այն ողջ հայ ժողովրդի հոգևոր մայրաքաղաքն է։ Հենց այստեղ է գտնվում Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրը։
Էջմիածնի Մայր տաճարը կառուցվել է Հայ առաքելական եկեղեցու հիմնադիր՝ Գրիգոր Լուսավորչի կողմից՝ 4-րդ դարում։ Այն կառուցել են հեթանոսական տաճարի հիմքի վրա, ինչից հետո վերջինս դարձել է կրոնափոխության խորհրդանիշ։

Ըստ ավանդության՝ Սուրբ Գրիգորը երկար ժամանակ չէր կարողանում ընտրել տաճարի կառուցման վայրը։ Երազում նա տեսիլք է ունենում, որում Հիսուսը ցույց է տալիս, թե որտեղ պետք է կառուցվի տաճարը:
Ի դեպ, համալիրի անվանումը թարգմանվում է որպես «Աստծո Միածին Որդու իջնելը»։
Իր գոյության ընթացքում տաճարը բազմիցս ավերվել է։ Սակայն այն միշտ վերականգնվել է։ Ավելին, տաճարի ներկայիս տեսքն ամբողջությամբ կրկնում է Գրիգոր Լուսավորչի հատակագծի բնօրինակը: Հայաստանի հնագույն տաճարները՝ Գառնի, Զվարթնոց և այլն: Էջմիածնի Մայր Տաճար

Էջմիածնի Մայր Տաճար

Էջմիածնի Մայր Տաճարն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:
Բացի տաճարից, համալիրի տարածքում կարելի է տեսնել՝

  1. Միջնադարյան արվեստի թանգարանը: Այստեղ պահվում են եզակի ցուցանմուշներ՝ հռոմեացի զինվորի կողմից Հիսուս Քրիստոսի կողը խոցած Սուրբ Գեղարդի մասունքը, Նոյյան տապանի մի մասնիկ, ինչպես նաև Հովհաննես Մկրտչի մասունքակիր աջը:
  2. Էջմիածնի տպարանը: 1772թ.-ին հիմնադրված տպարան, որ գործում է մինչ օրս։
  3. Կաթողիկոսի նստավայրը: Այն գտնվում է Էջմիածնի վանքի բակում։
  4. Սուրբ Էջմիածնի Հոգևոր ճեմարանը: Այստեղ պատրաստում են հոգևորականների՝ շարունակելով հոգևոր դաստիարակության դարավոր ավանդույթները։
Ինչպես հասնել
Համալիրը գտնվում է Երևանից 20 կմ հեռավորության վրա։ Սրբավայր կարելի է հասնել ավտոբուսով, մեքենայով կամ գնացքով: Երևանի կենտրոնական ավտոկայանից այստեղ են տանում 202 և 203 երթուղիները, իսկ եթե նախընտրությունը տրվի երկաթուղուն, ապա հարկավոր է նստել գնացք՝ Երևան-Արաքս կամ Երևան-Գյումրի երթուղով:

Գառնու տաճար

Հասցե՝ Կոտայքի մարզ, գյուղ Գառնի
Գառնին Հայաստանի միակ տաճարն է, որը վերագրվում է հեթանոսական ժամանակաշրջանին։ Այն կառուցվել է 1-ին դարում հայոց Տրդատ թագավորի կողմից՝ ի պատիվ արևի աստծո։ Երբ հայերը ընդունեցին քրիստոնեությունը, տաճարը սկսեց օգտագործվել որպես թագավորական ամառային նստավայր։
Մոխրագույն բազալտից այս կառույցը վերապրել է բազմաթիվ դարաշրջաններ և գոյություն է ունեցել մինչև 1679թ.-ի ավերիչ երկրաշարժը։ Պատմական կառույցը վերականգնվել է միայն 1966-1976թթ.-ին։

Առանձնահատուկ հիշատակման է արժանի տաճարի տեղակայվածությունը։ Այն կանգնած է բարձունքում, որից բացվում են տպավորիչ տեսարաններ դեպի լեռներն ու կիրճը։ Ուստի, այստեղ գալով, կարելի է հիանալ նաև բնության գեղեցիկ անկյուններով:

Գառնու տաճարից 50 մ հեռավորության վրա են գտնվում 3-րդ դարով թվագրվող հնագույն բաղնիքները։ Այդ տարածքում ամենաարժեքավորը խճանկարային հատակն է, որի նախշերը պահպանվել են՝ մնալով անփոփոխ:
Ինչպես հասնել
Հայաստանի մայրաքաղաքից Գառնի հեռավորությունը կազմում է 30 կմ։ Այստեղ հնարավոր է գալ մեքենայով կամ 266 և 284 ավտոբուսներով։ Վերջիններս մեկնում են Գայի ավտոկայանից։ Ճանապարհին ծախսած ժամանակը՝ մոտ 40 րոպե: Հայաստանի հնագույն տաճարները՝ Գառնի, Զվարթնոց և այլն: Գառնի

Գառնի

Զվարթնոցի տաճար

Հասցե՝ Արմավիրի մարզ, Վաղարշապատ համայնք
Ըստ ավանդության՝ այն վայրում, որտեղ գտնվում է Զվարթնոցը, տեղի է ունեցել հանդիպում երկար բանտարկությունից հետո ազատված Գրիգոր Լուսավորչի և ծանր հիվանդ Տրդատ Երրորդ թագավորի միջև։ Սուրբը բժշկել է թագավորին, վերջինս էլ քրիստոնեությունը դարձրել է Հայաստանի կրոնը:
Տաճարը սկսել է կառուցվել 643թ.-ին։ Իսկ 9 տարի անց այն օծվել է Գրիգոր Լուսավորչի անունով։ Այդ հանդիսավոր արարողությանը ներկա է եղել Բյուզանդիայի կայսր Կոնստանդ Երկրորդը։ Նա այնքան տպավորված էր կառույցով, որ ցանկացավ նմանատիպ տաճար կառուցել Կոստանդնուպոլսում։

10-րդ դարում կառույցը ոչնչացվել է: Գիտնականները դեռևս չեն կարողանում համաձայնության գալ տաճարի ավերման պատճառների շուրջ։ Վարկածներից մեկի համաձայն՝ պատճառը երկրաշարժն է եղել։ Իսկ մյուսի համաձայն՝ արաբ նվաճողների կողմից ավերածությունները։ Հայաստանի հնագույն տաճարները՝ Գառնի, Զվարթնոց և այլն: Զվարթնոց

Զվարթնոց

Հայտնի է միայն մեկ բան. երկար դարեր շարունակ այս եզակի կառույցի մնացորդները գետնի տակ էին։ Եվ միայն 1901-1907թթ.-ին կատարված պեղումների ընթացքում տաճարի ավերակները վեր հանվեցին։

Պեղումների ընթացքում հողից մաքրվել են տաճարի, պատրիարքական պալատի, բնակելի կառույցների, ինչպես նաև գինու հնձանի ավերակները։ Իսկ 1937թ.-ին համալիրին կից բացվել է թանգարան։ Այնտեղ կարելի է տեսնել.

  • տաճարային համալիրի քանդակային բեկորներ;
  • միջնադարյան կավե կարասներ;
  • հնագույն հարթաքանդակներ:
Տեսարժան վայրը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:
Ինչպես հասնել
Զվարթնոցը գտնվում է Վաղարշապատ քաղաքից 7 կմ հեռավորության վրա։ Ուստի, տաճար կարելի է հասնել Երևանից Վաղարշապատ (Էջմիածնի համալիր) ուղևորվող ցանկացած ավտոբուսով։ Օրինակ՝ 202 և 203։ Հարկավոր է մի քանի կանգառ շուտ իջնել։

Երերույքի տաճար

Հասցե՝ Շիրակի մարզ, գյուղ Անիպեմզա
Երերույքի տաճարը Հայաստանում համարվում է կարևորությամբ երկրորդը՝ Գառնու տաճարից հետո։ Այն կառուցվել է 5-րդ դարում և չի վերականգնվել։ Հնագույն քարերը պահում են ավելի քան մեկուկես հազար տարվա հիշողություններ: Միայն պատկերացրեք՝ դեռ ռուսական կայսրությունը գոյություն չուներ, ժողովուրդների Մեծ գաղթը դեռ չէր սկսվել, իսկ այս տաճարն արդեն կանգնած էր։
Կառույցի ճարտարապետության մեջ նկատելի են հնագույն զարդանախշեր: Կառույցը հիշեցնում է հին հունական և հին հռոմեական շինությունները։ Ապշեցնում է պահպանման մակարդակը. տանիքն ու ներքին հենարանները քանդվել էին, սակայն պատերն ու գմբեթները, ինչպես նաև դեկորատիվ տարրերը հիանալի տեսք ունեն նույնիսկ 21-րդ դարում։ Տաճարը կառուցվել է դիմացկուն կարմիր տուֆից, որի վրա պահպանվել են նույնիսկ հնագույն փորված արձանագրություններ՝ հատվածներ սաղմոսներից։ Պեղումների ժամանակ այստեղ հայտնաբերվել են մանուկների բազմաթիվ գերեզմաններ. ենթադրվում է, որ ծնողները չմկրտված երեխաներին թաղել են եկեղեցու մոտ գտնվող գերեզմանոցում: Այդ կերպ նրանք հույս ունեին, որ Աստված կպաշտպանի նրանց և կընդունի Երկնային Արքայություն: Հայաստանի հնագույն տաճարները՝ Գառնի, Զվարթնոց և այլն: Երերույք

Երերույք

Հայ ճարտարապետ Թորոս Թորամանյանը մասնակցել է բազիլիկի պեղումներին և կազմել վերակառուցման գծագրեր։ 2024թ.-ին սկսվեցին տաճարի վերականգնման աշխատանքները։ ԱՄՆ դեսպանատան մշակութային ժառանգության հիմնադրամը 175.000 դոլարի դրամաշնորհ է տրամադրել՝ հիմքն ու պատերն ամրացնելու համար: Հայ մասնագետները չեն նախատեսում շինությունն ամբողջությամբ վերակառուցել, նպատակն է՝ պահպանել այն ներկայիս տեսքով:
Ինչպես հասնել
Տաճարին ամենամոտ քաղաքն Արմավիրն է։ Այդտեղից կարելի է տաքսիով կամ գնացքով հասնել «Անի» կայարան, այնուհետև՝ մեկ այլ տաքսիով՝ տաճար։

Խոր Վիրապի վանք

Հասցե՝ Արարատի մարզ, գյուղ Լուսառատ
Խոր Վիրապը հնագույն վանք է, որը գտնվում է գեղատեսիլ Արարատ լեռան ստորոտին։ Վանական համալիրի դիտահարթակից հիասքանչ լեռնային տեսարաններ են բացվում, խաղողի այգիների համայնապատկերներ, վայելքի են արժանի նաև նախալեռնային անծայրածիր հարթավայրերը:
Խոր Վիրապը զարմացնում է ոչ միայն գեղատեսիլ բնությամբ, այլև հարուստ պատմությամբ։ Այն հիմնադրվել է 624թ.-ին Հայաստանի Այրարատ նահանգում: Այնտեղ գործում էր աստվածաբանական դպրոց, վանքը ծառայում էր որպես հայոց կաթողիկոսի նստավայր։
Խոր Վիրապ թարգմանաբար նշանակում է «խորը զնդան»: Եվ դա ամենևին էլ պատահական չէ: Բանն այն է, որ այս վայրն ի սկզբանե եղել է ստորգետնյա բանտ։ Հենց այստեղ է, որ Գրիգոր Լուսավորիչը 14 տարի բանտարկված է եղել՝ քրիստոնեություն քարոզելու համար։ Այս սրբի պատվին Ներսես Երրորդը 624թ.-ին այստեղ մատուռ է կառուցել։
Հայաստանի հնագույն տաճարները՝ Գառնի, Զվարթնոց և այլն: Խոր Վիրապ

Խոր Վիրապ

17-րդ դարում Խոր Վիրապը վերակառուցվել է, ընդարձակվել և շրջապատվել քարե պարիսպներով։ Այդ ժամանակվանից այն ստացել է վանքի կարգավիճակ և երբեք չի փոխել իր ճարտարապետական ​​տեսքը։

Այսօր վանական համալիրի այցելուները կարող են ուսումնասիրել զնդանը և պատկերացնել, թե ինչ պայմաններում է պահվել Գրիգոր Լուսավորիչը։ Բանտի տարածքն ունի մոտ 4.5 մ լայնություն և գտնվում է գետնից 6 մ խորության վրա։

Համալիրի տարածքում գտնվող մեկ այլ պատմական շինություն է Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը թվագրվում է 1662 թ.-ով։ Այն տարբերվում է հայկական տաճարների մեծ մասից նրանով, որ ուղղված ​​է դեպի հյուսիս և հարավ։
Ինչպես հասնել
Երևանից Խոր Վիրապ կարելի է հասնել մեքենայով կամ 467 ավտոբուսով։ Ավտոբուսը մեկնում է մետրոյի «Սասունցի Դավիթ» կայարանի հարևանությամբ գտնվող կայարանից։ Ճանապարհին ծախսած ժամանակը՝ 1 ժամից մի փոքր ավելի է:

Հաղարծնի վանք

Հասցե՝ Դիլիջան ազգային պարկ

Հաղարծնի վանքը գտնվում է Դիլիջան քաղաքից 15 կմ հեռավորության վրա։ Այն վեր է խոյանում Իջևանի լեռնաշղթայի զառիթափ լանջի վրա և բոլոր կողմերից շրջապատված է լեռներով։ Ժայռերով, կաղնու և հաճարենու անտառներով շրջապատված այս նշանավոր վանական համալիրը գեղեցիկ է տարվա ցանկացած եղանակին։
Վանքը կառուցվել է 9-11-րդ դդ-ում՝ Բագրատունիների օրոք։ Սկզբնապես այն ծառայել է որպես թագավորական ամառային նստավայր։ Այստեղ մինչ օրս պահպանվել են Սմբատ և Գագիկ Բագրատունիների գերեզմանատան տապանաքարերը։
Համալիրն իր զարգացման գագաթնակետին է հասել 12-13-րդ դդ.-ում, երբ վանքի վանահայրն էր Հայաստանի նշանավոր եկեղեցական գործիչ, բանաստեղծ և երաժիշտ Խաչատուր Տարոնացին։ Նրա օրոք Հաղարծնի տարածքում բացվել է երկրի առաջին կոնսերվատորիան։ Հայաստանի հնագույն տաճարները՝ Գառնի, Զվարթնոց և այլն: Հաղարծին

Հաղարծին

Վանքի տարածքում կարելի է տեսնել՝

  1. Սուրբ Գրիգոր եկեղեցին: Համալիրի տարածքում գտնվող ամենահին շինությունն է՝ կառուցված 9-10-րդ դդ.-ում։
  2. Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը թվագրվում է 1281թ.-ով: Այն վանքի ամենամեծ և գլխավոր շինությունն է։
  3. Սուրբ Ստեփանոս եկեղեցին՝ կառուցված 1244թ.-ին: Այն Սուրբ Աստվածածին եկեղեցու փոքր կրկնօրինակն է:
  4. Սեղանատունը: Կառուցվել է 1248թ.-ին։ Այն օգտագործվում է համերգների անցկացման և ընդունելությունների կազմակերպման համար։

Բացի այդ, Հաղարծնում պահպանվել են 13-րդ դ. մատուռը, Բագրատունիների տոհմի գերեզմանատունը, ինչպես նաև մի քանի խաչքարեր։
Ինչպես հասնել
Հաղարծինը գտնվում է Դիլիջանից 13 կմ հեռավորության վրա։ Այստեղ հասնելու ամենահարմար տարբերակը մեքենայով, տաքսիով կամ էլ զբոսաշրջային խմբով է: Եթե ավելի նախընտրելի է օգտվել հասարակական տրանսպորտից, ապա Դիլիջանում պետք է նստել 020 երթուղային տաքսին և հասնել Թեղուտ գյուղ։ Այդտեղից մինչև Հաղարծին պետք է անցնել 6 կմ՝ ոտքով կամ տաքսիով։
Լիլիթ Գևորգյան

Լիլիթ Գևորգյան

«Հյուր սերվիս» կայքի բովանդակության պատասխանատու

Տարածել՝

Հայաստան

map