«Հյուր սերվիս»-ի հետ ճանապարհորդելը հիանալի հնարավորություն է թե սիրո խոստովանություն անելու, առաջարկություն անելու, և թե պարզապես երկուսով ժամանակ անցկացնելու Հայաստանի ամենառոմանտիկ անկյուններում։ Այսօր մենք Ձեզ հրավիրում ենք Երևանով զբոսանքի. կազմել ենք մեկ օրվա երթուղի և ներկայացրել, ժամադրության համար նախատեսված լավագույն վայրերը:
Սիրահարների այգի
Այս այգին ավելի քան 100 տարի է՝ շարունակում է մնալ Երևանի զույգերի սիրելի վայրերից մեկը։ Այգին բացվել է դեռ 18-րդ դարում՝ այն ժամանակ վերջինս հայտնի էր որպես Կոզեռնի այգիներ (Կոզեռնի շրջանի անվանումից)։ 1949թ.-ին այն վերանվանվել է «Պուշկինի այգի», իսկ 1970 թ.-ին՝ «Բարեկամության այգի»՝ ի պատիվ ԽՍՀՄ ժողովուրդների բարեկամության։ Եվ միայն 1995թ.-ին՝ Հայաստանի անկախության հռչակումից հետո, այգին պաշտոնապես ստացավ այն անունը, որը վաղուց գոյություն ուներ ժողովրդի մեջ՝ Սիրահարների այգի։
Սիրահարների այգի
2007թ.-ին մեկնարկեց այգու բարելավման և վերաձևավորման նախագիծը՝ շվեյցարացի ճարտարապետ Պիեռ Ռամբախի նախագծի համաձայն՝ հիմք ընդունելով ավանդական արևելյան այգիները։ Այն հիանալի «օազիս» է ժամանակակից մայրաքաղաքի կենտրոնում՝ բազմաթիվ քանդակներով, արհեստական լճով ու ջրվեժներով։ Այգու ընդհանուր մակերեսը՝ 1.6 հա։Տեղակայվածությունը՝ Մարշալ Բաղրամյան պողոտայի երկայնքով՝ Հայաստանի Ազգային ժողովի շենքին հարակից։
Հանրապետության հրապարակի երգող և պարող շատրվանները
Գեղեցիկ շոու է, որն անցկացվում է ամեն օր ապրիլից/մայիսից մինչև սեպտեմբեր/հոկտեմբեր ամիսները, ճշգրիտ գրաֆիկը կախված է եղանակից: Շատրվաններն աշխատում են ողջ օրը, լուսավորությունն ու երաժշտությունը միանում են ժամը 20:00/21:00-ից: Երեքշաբթի օրը մաքրման օր է:
Հանրապետության հրապարակի շատրվանները
Համալիրը կառուցվել է 1953թ.-ին կուսակցական առաջնորդ Գրիգոր Հարությունյանի հրամանով: Այդ ժամանակ դրանք պարզ շատրվաններ էին, բայց 60-ական թթ.-ի սկզբից հայ ինժեներների մի խումբ սկսեց մշակել ջրային շիթերի, լուսավորության և երաժշտական նվագակցության համաժամանակեցման համակարգ, և ահա 1970թ.-ին շատրվանները «երգեցին»: Իրենց եզակի մշակման համար թիմը ստացավ Հայկական ԽՍՀ պետական մրցանակ:
Այժմ շատրվանները պարում և երգում են 20-21-րդ դարերի յուրօրինակ հիթերի ներքո:
Կասկադ համալիր՝ Արարատի տեսարանով
Կասկադը համարվում է Երևանի խորհրդանիշներից մեկը. այն հսկայական համալիր է՝ հինգ տեռասներով, որի վերին հարկից բացվում է քաղաքի և Արարատ լեռան գեղեցիկ տեսարան:
Համալիրում տեղակայված է Գաֆէսճեան արվեստի կենտրոնը՝ ժամանակակից արվեստի ցուցահանդես, որը կարելի է ուսումնասիրել ինչպես բաց տարածքում, այնպես էլ Կասկադի ներսում: Աստիճանի վերջին երկու հարկերը դեռևս ավարտին հասցված չեն, բայց արդեն եղածը բավարար է՝ բացահայտելու այգի-քաղաքի գաղափարը՝ մարդու և բնության ուրույն միասնությունը: Եթե դեռ չեք հասցրել այստեղ լինել, անպայման ընդգրկեք այս տեսարժան վայրը Ձեր ցանկում:Տեղակայվածությունը՝ Թամանյան փող., Օպերայի և բալետի թատրոնի շենքի դիմաց:
Երևանը Կասկադից. Արարատի համայնապատկերը
Անգլիական այգի և Պլանետարիում
Անգլիական այգին հիմնադրվել է 19-րդ դարի կեսերին՝ բարձրաստիճան պաշտոնյա Աստաֆևի հրամանով: Այն հանգստի վայր էր Երևանի աշխարհիկ հասարակության համար՝ իր զուսպ, պատշաճ դիզայնի շնորհիվ էլ, հավանաբար, այգին անվանվել է Անգլիական: 2000-ականների սկզբին այգու տարածքը զգալիորեն կրճատվեց, մի մասը տրամադրվեց Երևանի 2800-ամյակի այգուն: Ժամանակակից Անգլիական այգին կարողացավ պահպանել իր գեղեցկությունը և ուրույն մթնոլորտը: Թվում է, թե տեղափոխվել եք անցյալ ժամանակաշրջան, երբ մարդիկ կախվածություն չունեին գաջեթներից, չէին մրցում կարիերայի համար և ազատ ժամանակ նախընտրում էին գնալ զբոսանքի:
Անգլիական այգի և Պլանետարիում
Տեսեք, թե ինչպես է աշխատում հին ժամանակներից պահպանված շատրվանը, կարդացեք հուշարձանների վրայի արձանագրությունները և այցելեք պլանետարիում՝ «հասնելու աստղերին»: Պլանետարիումն առաջարկում է գմբեթավոր էկրանի ներքո վայելել հետաքրքիր տիեզերական շոու՝ տիեզերքի ծագման, Արեգակնային համակարգի, ինչպես նաև տիեզերական առաքելությունների մասին: Հիանալի վայր է հանգստանալու և քաղաքի սրտից դեպի տիեզերք «ճանապարհորդելու» համար:
Տեղակայվածությունը՝ Իտալիայի և Գր. Լուսավորիչ փողոցների խաչմերուկում:
Սրճարաններ և բարեր՝ ռոմանտիկ ժամանցի համար
Ընտրեք հաճելի երեկոյի համար Ձեր տրամադրությանը համապատասխան վայրը. մենք Ձեզ համար կազմել ենք Երևանի և շրջակայքի ամենահետաքրքիր սրճարանների ու ռեստորանների ցանկը։Բար "The Beach"
Այստեղ Դուք կհայտնվեք իսկական լողափին գտնվող բարում. ավազով, փայտե կահույքով և լեռների համայնապատկերային տեսարանով։ Այն գտնվում է "ArtFactory"-ի տանիքին. այստեղ կազմակերպվում են երեկույթներ, ելույթ են ունենում համաշխարհային մակարդակի դիջեյներ, Դուք միանշանակ հրաշալի ժամանց կունենաք:
Հասցե՝ Աշտարակի խճուղի 7/1։
Բար "The Bird Cage"
Փորձարարական բար է՝ ֆրանս-պոլինեզիական խոհանոցով: Ֆիրմային կոկտեյլները անվանակոչվել են թռչունների անուններով և պատրաստվում են տվյալ թռչունների բնակավայրին բնորոշ բաղադրիչներից: Ներսում մեղմ լուսավորություն է, հաճելի երաժշտություն, ելույթ են ունենում դիջեյներ: Հետևեք բոլոր թարմացումներին բարի սոցիալական հարթակներում:
Հասցե՝ Աբովյան 10:
The Bird Cage
Բար «Ին Վինո»Այս վայրը կգնահատեն գինու սիրահարները, սա ոչ միայն բար է, այլև Հայաստանում առաջին գինու ակումբը, որտեղ ներկայացված է այս ազնվական խմիչքի ավելի քան 800 տեսակ։ Կարող եք թե համտեսել տեղում, և թե գնել շշով գինի։ Գինու հետ Ձեզ կառաջարկեն նախուտեստներ և կպատրաստեն ֆիրմային սենդվիչ, որը վաճառվում է սանտիմետրերով. այն կպատրաստեն Ձեր ախորժակին համապատասխան:)
Հասցե՝ Սարյան 6:
Ին Վինո
Սրճարան-ռեստորան «Շառլ»Այստեղ հայկական և ֆրանսիական խոհանոցն ու մշակույթը միաձուլվում են գեղեցիկ սիմֆոնիայի մեջ։ Սրճարանն ունի նրբագեղ ինտերիեր և բացօթյա տեռաս՝ դրսի հատվածում (երեկոյան այստեղ լապտերներ են վառվում)։ Համեղ ուտեստները, բարձրակարգ գինիները, կենդանի երաժշտությունը նպաստում են հաճելի զրույցին: Այս սրճարան այցը զբոսանքից հետո կլինի ճիշտ ընտրություն:
Հասցե՝ Թամանյան 5։
Սրճարան-ռեստորան Շառլ
Երևանով մեկօրյա երթուղի՝ սիրահար զույգերի համար
Խորհուրդ ենք տալիս օրը սկսել Սիրահարների այգի այցից. համեղ նախաճաշից և անուշաբույր սուրճից հետո, հարմարավետ ճապոնական ոճով այգու կամուրջներով և քանդակներով տեսարանները սիրառատ լուսանկարներ ստանալու համար հիանալի տարբերակ կլինեն:Այդտեղից կարող եք ոտքով քայլել Անգլիական այգի։ Քաղաքի այս հատվածով զբոսանքը հատկապես հաճելի է. կտեսնեք և գողտրիկ փողոցներ, և ճարտարապետական հուշարձաններ, կանաչապատ տարածքներ ու մշակութային վայրեր, օրինակ, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանը։ Եվ եթե քաղցած կլինեք, կարող եք դիտարկել փողոցի երկայնքով տեղակայված բազմաթիվ սրճարաններից կամ ռեստորաններից որևէ մեկը:
Ճանապարհն այնուհետև Մաշտոց պողոտայով կտանի Կասկադ համալիր։
Կարող եք ուսումնասիրել քանդակները, զբոսնել յուրաքանչյուր տեռասով և բարձրանալ վերին հարկ. եթե եղանակը պարզ լինի, Դուք կվայելեք դեպի Արարատ լեռը բացվող շատ գեղեցիկ տեսարան։
Կասկադ համալիր
Առաջարկում ենք այցելել «Ին Վինո» բարը, որը Կասկադից ընդամենը 15 րոպե քայլելու հեռավորության վրա է։ Այստեղ կարող եք կիսվել Ձեր տպավորություններով ու պատրաստվել օրվա վերջին մասին։Հաջորդիվ, երգող-պարող շատրվանների շոուն է՝ Հանրապետության հրապարակում։ Այստեղ՝ երաժշտության հնչյունների և ջրի հոսանքների բազմագույն պարի ներքո, մթնոլորտը կլցվի կախարդանքով՝ հիանալի պահ ջերմ խոսքերի և կարևոր որոշումներ կայացնելու համար:
Այնուհետև կարող եք գնալ ընթրիքի և վայելել կոկտեյլներ յուրօրինակ մթնոլորտով "Bird Cage"-ում կամ էլ համտեսել հայկական խոհանոցի լավագույն ճաշատեսակները հայտնի «Շերեփ» կամ «Դոլմամա» ռեստորաններից մեկում:Որտեղ էլ որ անցկացնեք Ձեր երեկոն՝ կանաչապատ այգում, հարմարավետ սրճարանում կամ պլանետարիումի աստղազարդ երկնքի տակ, Երևանը կդառնա Ձեր սիրո պատմության ամենագեղեցիկ սկիզբը: «Հյուր սերվիս»-ի հետ այս ճանապարհորդությունը կլինի ջերմ ու անմոռանալի հիշողություններով լի: