Գորգագործությունը Հայաստանում ունի հազարամյակների պատմություն։ Յուրաքանչյուր գորգ գույների ու նրբաճաշակ նախշերի կտավ է, որն իր մեջ կրում է ընտանիքների, տարածաշրջանների և հավատալիքների հիշողությունը։ Նախշերը, որոնք առաջին հայացքից կարող են թվալ զուտ զարդարանք, հաճախ ունեն խորը իմաստ՝ բարեկեցության մաղթանքներից մինչև պաշտպանական խորհրդանիշներ։
Հայկական գորգերի հետ ծանոթությունը բացում է դուռ դեպի հայ ժողովրդի մշակութային ինքնությունը։ Հնագույն ժամանակներում դրանք տան անբաժան մասն էին՝ միաժամանակ հարսների ամենաթանկ օժիտն ու այն արժեքավոր ապրանքը, որով առևտուր էր կատարվում տարբեր կայսրությունների մեջ։ Այսօր էլ զբոսաշրջիկները կարող են տեսնել հայկական գորգերը թանգարաններում, վանքերում և գորգագործական արհեստանոցներում, որտեղ հնագույն արվեստը շարունակում է ապրել։Եթե հետևենք հայկական գորգագործության ճանապարհին, կբացահայտենք մի ավանդույթ, որը համադրում է անցյալի պատմությունն ու հավատը՝ արվեստի և գեղեցկության հետ:
Հնագույն ակունքներ
Հայաստանի կապը գորգագործության հետ հասնում է մինչև հնագույն ժամանակներ։ Հնագիտական պեղումների ընթացքում հայտնաբերված կտորները, որոնք թվագրվում են մ.թ.ա. առաջին դարով, վկայում են, որ այս տարածաշրջանը վաղուց արդեն Մերձավոր Արևելքի հայտնի գորգագործական ավանդույթների մասն էր կազմում։ Միջնադարյան ձեռագրերում և ճանապարհորդների գրառումներում հայկական գորգերը հիշատակվում են որպես բարձրարժեք առևտրային ապրանքներ, որոնք տեղափոխվում էին Մետաքսի ճանապարհով:Հայկական գորգերը գնահատվել են ոչ միայն իրենց ամրության, այլև գեղարվեստական հմայքի համար։ Բնական ներկերը՝ ստացված բույսերից, արմատներից ու հանքանյութերից, գորգերին պարգևում էին վառ ու տևական գույներ, որոնք պահպանվել են դարերի ընթացքում։ Կարմիրը, մուգ կապտամանուշակագույնը և հողաշունչ երանգները՝ յուրաքանչյուրն իր խորհրդանշական իմաստով, ձևավորեցին հայկական գորգերի յուրահատուկ գունապնակ. կարմիրը՝ կյանքի ու ուժի, կապույտը՝ պաշտպանության, կանաչը՝ վերածննդի։
Գիտե՞ք արդյոք․
Լայնորեն տարածված է այն կարծիքը, որ աշխարհի ամենահին մեզ հայտնի գորգը՝ Պազիրիկի գորգը (մ.թ.ա. 5-4-րդ դարեր), գործվել է Հայկական լեռնաշխարհում։ Այն օգտագործում է «հայկական հանգույց» կոչվող տեխնիկան, որը գորգագործները շարունակում են կիրառել մինչ օրս։ Նրա պատկերազարդերում պատկերված ձիերն ու եղջերուները բնորոշ են հին հայկական արվեստին՝ ուղղակիորեն կապելով գորգագործական արվեստը տարածաշրջանի հնագույն ավանդույթներին։
Հնագույն Պազիրիկի գորգը. պահպանվում է Էրմիտաժ թանգարանում
Գորգագործություն
Գորգերը հյուսվում էին ձեռքով՝ սովորաբար տներում տեղադրվող ուղղահայաց գործվածքահարկերի վրա։ Հիմնական նյութը լինում էր գարնանը խուզված բուրդը, որը ներկվում էր շրջակայքում հանդիպող բույսերով, արմատներով և հանքանյութերով։ Յուրաքանչյուր ընտանիք ուներ իր գաղտնի բաղադրատոմսերը կարմիրի, կապույտի ու ոսկեգույնի երանգները ստանալու համար, և գործելուց առաջ ներկման գործընթացը հաճախ վերածվում էր համայնքային զբաղմունքի։
Գորգ հյուսելը մեծ համբերություն էր պահանջում։ Կանայք, որոնց երբեմն միանում էին նաև երեխաները, հանգույց առ հանգույց կապում էին թելերը՝ դանդաղորեն ստեղծելով նախշը։ Մեծ գորգ պատրաստելը կարող էր տևել ամիսներ, երբեմն էլ՝ տարիներ՝ թողնելով այն ժառանգություն հաջորդ սերունդների համար: Յուրաքանչյուր գորգ իր մեջ կրում էր ոչ միայն նախշի գեղեցկությունը, այլև այն ստեղծած ձեռքերի հիշողությունը։
Խորհուրդ զբոսաշրջիկներին․ այսօր որոշ գորգագործական արհեստանոցներում, օրինակ՝ Մեգերյան Կարպետ գորգերի գործարանում, այցելուներին հնարավորություն է տրվում ոչ միայն տեսնել ավանդական ներկման գործընթացը, այլև գործվածքահարկի վրա սեփական ձեռքով հանգույցներ անել։
Մեգերյան Կարպետ գորգերի գործարան
Առօրյա օգտագործում
Գորգերը միշտ էլ կարևոր դեր են ունեցել հայկական ընտանիքներում։ Դրանք տաքացնում էին քարե պատերը, ծածկում սեղաններն ու մահճակալները, իսկ հավաքույթների ժամանակ՝ փռվում հատակին։ Որոշ գորգեր պահվում էին աղոթքի համար, իսկ մյուսները հպարտությամբ ցուցադրվում էին հյուրասենյակներում։ Գյուղերում ընտանիքները հաճախ ինքնուրույն էին հյուսում գորգերը, մինչդեռ քաղաքային շուկաներում կարելի էր գտնել նմուշներ ամբողջ տարածաշրջանից։
Խորհրդային տարիներին անգամ, երբ խոշոր գործարանները գորգերի արտադրությունը հասցրել էին արդյունաբերական մասշտաբի, ընտանիքներն իրենց ձեռքով շարունակում էին հյուսել գորգերը՝ փոխանցելով հին մեթոդներն ու ընտանեկան ավանդույթները մի դարաշրջանում, երբ զանգվածային արտադրությունը սպառնում էր մոռացության մատնել դրանք:
Կանայք, որոնք գործում են ձեռագործ գորգ
Տարածաշրջանային ոճեր
Հայաստանի տարբեր շրջաններում ձևավորվել են յուրահատուկ գորգագործական ոճեր։ Արցախը (Լեռնային Ղարաբաղը) հայտնի էր իր համարձակ երկրաչափական մեդալիոններով, մինչդեռ Սյունիքում հաճախ պատկերում էին կենդանիներ՝ ոչխարներ, արծիվներ և այլ խորհրդանշական կերպարներ, որոնք համարվում էին տան պահապաններ։ Արարատյան դաշտավայրի գորգերում գերակշռում էին կրկնվող ադամանդները՝ նախշ, որը կապվում էր հավերժության և միասնության գաղափարների հետ։Տարածաշրջանային այս տարբերությունները գորգերը դարձրել են նույնքան ճանաչելի, որքան և բարբառները: Շուկայում փորձառու աչքը կարող էր նախշերից ու գույներից անմիջապես ճանաչել գորգի ծագումը։
Խորհուրդ զբոսաշրջիկներին․ գորգերի այս բազմազանությունը մեկ հարկի տակ տեսնելու համար այցելեք Հայաստանի պատմության թանգարան, որտեղ գորգերը ներկայացված են ժողովրդական արվեստի այլ նմուշների կողքին։
Գիտե՞ք արդյոք.
Միջնադարում հայկական գորգերն արդեն հայտնի էին ամբողջ աշխարհում։ Մարկո Պոլոն դրանք անվանել է «աշխարհի ամենագեղեցիկը», իսկ Արցախի և Սյունիքի գորգերը դարձել էին բարձրարժեք առևտրային ապրանքներ՝ տարածվելով ամբողջ Եվրոպայով ու Ասիայով:
Արցախյան գորգեր՝ ավանդական նախշերի պատկերասրահ
Խորհրդանշական պատկերներ
Հայկական գորգերը լի են խորհրդանշաններով, և յուրաքանչյուր մոտիվ իր մեջ կրում է այն իմաստը, որը հասկանալի էր գորգագործների սերունդներին։
Յուրաքանչյուր նախշ մտածված էր: Դրանք բարդ կոմպոզիցիաներում համադրում էին պաշտպանիչ նշաններ, օրհնություններ ու բարգավաճման մաղթանքներ։ Այսպիսով, գորգը դառնում էր ոչ միայն համայնքի արժեքների արտացոլում, այլև բրդի ու գույների մեջ պահպանված ընտանեկան պատմություն։
Գիտե՞ք արդյոք․
Վիշապներն ու արծիվները խորհրդանշում էին ուժ և հովանավորություն, խաչաձև մոտիվները՝ քրիստոնեական հավատք, աստղերը և ադամանդները՝ հավերժություն, ներդաշնակություն և հավասարակշռություն, խոյի եղջյուրները՝ բարգավաճում և պտղաբերություն, իսկ ջրի և ալիքների նախշերը՝ կյանք և շարունակականություն:
Խորհրդանշական նախշեր՝ ձեռքով հյուսված հայկական գորգ
Սրբապատկերներով գորգեր
Գորգերի օգտագործումը սահմանափակված չէր միայն տներով։ Եկեղեցիներն ու վանքերը դրանք հաճախ փռում էին սառը քարե հատակներին կամ դրանցով առանձնացնում սուրբ տարածքները։ Գորգ նվիրաբերելը եկեղեցուն համարվում էր աստվածահաճո գործ: Նման բազմաթիվ պատմական գորգի նմուշներ պահպանվել են եկեղեցական հավաքածուներում։Այստեղ գորգերի նախշերը հաճախ միավորում էին ժողովրդական խորհրդանիշներն ու քրիստոնեական պատկերները՝ հիշեցնելով հավատացյալներին իրենց հավատքի և մշակութային ժառանգության մասին։ Վանքերում և թանգարաններում պահպանված օրինակները ցույց են տալիս, թե ինչպես էր տնային արվեստը դառնում հոգևոր նվիրումի արտահայտություն։
Խորհուրդ զբոսաշրջիկներին․ Հայաստանի հոգևոր կենտրոնում՝ Էջմիածնի մայր տաճարում, պահպանվում և ցուցադրվում են նվիրաբերված գորգերը՝ որպես եկեղեցու գանձերի մաս:
Սրբազան պատում – հայկական գորգ սրբապատկերներով
Գորգագործությունն այսօր
Չնայած արդյունաբերացմանը և արդիականացմանը՝ հայկական գորգագործությունը շարունակում է ապրել և զարգանալ։ Երևանում ու մարզերում գործող արհեստանոցները դեռ հյուսում են ձեռագործ գորգեր՝ հաճախ օգտագործելով ավանդական ներկեր ու նախշեր։ Որոշ վարպետներ վերակենդանացնում են պատմական նմուշները, իսկ մյուսները դրանք հարմարեցնում են ժամանակակից ոճերին:
Ընտանիքների համար գորգագործությունը շարունակում է մնալ ժառանգությունը պահպանելու և երիտասարդ սերունդներին փոխանցելու միջոց։ Իսկ այցելուների համար այն հնարավորություն է մոտիկից տեսնելու մի արվեստ, որը դիմակայել է դարերի փոփոխություններին և մինչ օրս շարունակում է զարգանալ։
Գորգագործությունն այսօր՝ ժամանակակից հայկական գորգերի գործարանում