HyurService Logo

Հայաստանի մարգարիտը՝ Սևանա լիճը. հանգստի ամբողջական ուղեցույց

Ամենաթարմ

Calendar 26 Փտր, 2026 Calendar 11-13 րոպե Calendar 6 անգամ
Գնահատական. 5
Բնություն և ակտիվ հանգիստ Ընտանեկան և առողջարանային հանգիստ
Հայաստանի մարգարիտը՝ Սևանա լիճը. հանգստի ամբողջական ուղեցույց
Սևանը հաճախ անվանում են «հայկական ծով», և դա պարզապես գեղեցիկ փոխաբերություն չէ։ Այս բարձրլեռնային լիճը զբաղեցնում է երկրի տարածքի գրեթե մեկ հինգերորդը և այնքան մեծ է, որ նրա ափերին կանգնած՝ հեշտ է մոռանալ այն մասին, որ դու ծովի մոտ չես գտնվում։ Սևանի օդն առանձնահատուկ է, լճի գույնը մշտապես փոխվում է, և, կարծես, կա լեռներին ոչ բնորոշ որոշակի ազատության զգացում։ Ամռանը մարդիկ գալիս են այստեղ լողալու և արևայրուք ստանալու, աշնանը՝ ափի երկայնքով զբոսնելու և դիտելու, թե ինչպես է երկինքն արտացոլվում ջրի մեջ, իսկ ձմռանը լիճը վերածվում է սառույցով և քամով նկարված պատկերի։ Այս ուղեցույցում ներառել ենք բոլոր հաճախ տրվող հարցերի պատասխանները. ինչպե՞ս հասնել, որտե՞ղ գիշերել, ի՞նչ համտեսել և ո՞ր երթուղիներն ընտրել, որպեսզի Սևանում հանգիստն անմոռանալի դառնա:

Ինչու՞ են Սևանը կոչում հայկական ծով

Սևանա լճի մակերեսը կազմում է մոտ 1242 կմ², իսկ ափերը ձգվում են ավելի քան 200 կմ։ Կանգնում ես լողափին, նայում հեռուն, և թվում է, թե քո առջև իսկական ծով է։ Հենց այդ պատճառով էլ հայերը Սևանա լիճը սիրով անվանում են իրենց ծովը, դե իսկ զբոսաշրջիկները հաճախ զարմացած հարցնում են.
«Մի՞թե սա ծովածոց չէ»։
Սևանը գտնվում է ծովի մակարդակից գրեթե 1900 մ բարձրության վրա և համարվում է Եվրասիայի խոշորագույն բարձրլեռնային լճերից մեկը։
Ջուրը մաքուր և թափանցիկ է, իսկ գույնը օրվա ժամից և եղանակից կախված փոխվում է՝ մուգ կապույտից մինչև փիրուզագույն և արծաթավուն երանգներ։ Սակայն այն ծով են անվանում ոչ միայն չափերի և տեսարանների համար։ Հայաստանի համար Սևանա լիճը կենսական նշանակություն ունեցող ռեսուրս է՝ քաղցրահամ ջրի, ձկան և էլեկտրաէներգիայի աղբյուր, ինչպես նաև ամռան գլխավոր հանգստավայր։ Առանց Սևանի անհնար է պատկերացնել Հայաստանը, և հենց այդ պատճառով էլ «հայկական ծով» անվանումն ընդմիշտ ամրագրվել է լեզվի ու մշակույթի մեջ։ Սևանա լիճ. ինչպե՞ս հասնել, ինչո՞վ զբաղվել որտե՞ղ հանգստանալ: Կապույտ լռություն և լեռնային երկինք. հորիզոնը Սևանա լճից

Կապույտ լռություն և լեռնային երկինք. հորիզոնը Սևանա լճից

Աշխարհագրություն և բնություն. ի՞նչն է Սևանը դարձնում յուրահատուկ

Սևանա լիճ են թափվում 28 գետեր և առուներ, իսկ դուրս է հոսում միայն Հրազդանը, հենց այդ պատճառով էլ վերջինս համարվում է Հայաստանի հիդրոհամակարգի «կենտրոն»-ը։ Սևանի ափերը շատ տարբեր են. մի հատվածում՝ սրճարաններով և երաժշտությամբ լեցուն ավազոտ լողափեր են, մյուսում՝ վայրի անտառածածկեր, որտեղ լսելի է միայն ալիքների ձայնը:
Բնությունն այստեղ զարմանալիորեն տարբեր է՝ տարվա եղանակից կախված։ Ամռանը ջուրը տաքանում է մինչև 18-22 աստիճան, և Սևանն ամբողջովին վերածվում է հանգստյան գոտու։ Աշնանը լիճը խաղաղ է ու թափանցիկ, արտացոլանքի մեջ կարելի է տեսնել լեռների կարմրավուն երանգները։ Ձմռանը Սևանը պատվում է սառույցով, և նրա մակերեսից բարձրացող մշուշները ստեղծում են բնապատկերներ, որոնք ավելի շատ նկարի են նման, քան իրականության:

Սևանի յուրահատկությունը նաև նրանում է, որ այն գտնվում է համանուն ազգային պարկում։ Այստեղ պահպանվում է բուսական և կենդանական աշխարհը՝ իշխան ձուկը, հազվագյուտ թռչուններն ու բույսերը, որոնք հանդիպում են միայն այս տարածաշրջանում։ Հենց մասշտաբի, բարձրադիր դիրքի և մաքուր էկոհամակարգի համադրությունն է, որ Սևանա լիճը դարձնում է վերջինս ոչ միայն պարզապես հանգստավայր, այլ Հայաստանի բնության հրաշքը։ Սևանա լիճ. ինչպե՞ս հասնել, ինչո՞վ զբաղվել որտե՞ղ հանգստանալ: Առագաստանավային սպորտ Սևանա լճում

Առագաստանավային սպորտ Սևանա լճում

Ինչպե՞ս հասնել Սևանա լիճ. բոլոր տարբերակները

Սևան հասնելը դժվար չէ. Երևանից հեռավորությունը կազմում է ընդամենը մոտ 65 կմ։ Ճանապարհին ծախսած ժամանակը կարճ է, այնպես որ կարող եք այս ուղղությունը դիտարկել որպես մեկօրյա երթուղի ևս։

Ավտոմեքենայով

Ամենատարածված տարբերակը մեքենայով կամ տաքսիով հասնելն է։ M4 մայրուղով ճանապարհը տևում է մոտ մեկ ժամ։ Ճանապարհին բացվում են լեռնաշղթաների և հովիտների տեսարաններ, իսկ Սևանավանքի մոտից լիճը պարզապես անմոռանալի տպավորություն է գործում:

Մեկ այլ հարմար տարբերակ է Երևանից Սևան անհատական տրանսֆեր պատվիրելը՝ «Հյուր սերվիս» ընկերության միջոցով։

Հանրային տրանսպորտ

Երևանի Հյուսիսային ավտոկայանից դեպի Սևան քաղաք և հարակից բնակավայրեր են մեկնում միկրոավտոբուսներ և ավտոբուսներ։ Ճանապարհին ծախսած ժամանակը կազմում է մոտ 1.5-2 ժամ։ Սա բյուջետային տարբերակ է, սակայն արժե հաշվի առնել, որ տրանսպորտը կանգ է առնում ոչ թե լողափերի մոտ, այլ բնակավայրերում, որտեղից մինչև ափ հարկավոր կլինի հասնել տաքսիով։

Երկաթուղի

Ամռանը գործում է Երևան-Սևան գնացքը։ Ճանապարհը տևում է մոտավորապես 2 ժամ. այդ ընթացքում կարելի է վայելել պատուհաններից բացվող տեսարանները։ Գնացքով ճամփորդելը հատկապես հետաքրքիր տարբերակ է բնության սիրահարների համար:

Էքսկուրսիոն խմբի կազմում

Շատ տուրօպերատորներ Սևանա լիճը ներառում են մեկօրյա էքսկուրսիաների ծրագրում։ Օրինակ՝ «Հյուր սերվիս» ընկերությունն առաջարկում է տուրեր դեպի Սևան Դիլիջանի կամ Ծաղկաձորի հետ համակցված էքսկուրսիաներ։ Սևանա լիճ. ինչպե՞ս հասնել, ինչո՞վ զբաղվել որտե՞ղ հանգստանալ: Պայծառ օր Սևանի ափին՝ Հյուր սերվիսի խմբի հետ

Պայծառ օր Սևանի ափին՝ Հյուր սերվիսի խմբի հետ

Այցի համար լավագույն ժամանակը. հանգստի սեզոնները

Սևանն այն վայրերից է, որ գեղեցիկ է տարվա ցանկացած եղանակին, սակայն այցից տպավորությունները տարբեր են լինում։
  • Ամառ (հունիս-սեպտեմբեր)։ Ամենաակտիվ սեզոնն է. ջուրը տաքանում է մինչև 18-22 աստիճան, գործում են լողափերը, սրճարաններն ու հանգստի բազաները։ Հուլիսին և օգոստոսին այստեղ մարդաշատ է հատկապես հյուսիսային ափին, որտեղ գտնվում են ենթակառուցվածքները։
  • Աշուն (սեպտեմբեր-հոկտեմբեր)։ Թերևս լավագույն շրջանն է պասիվ ու խաղաղ հանգստի համար։ Զբոսաշրջիկների հոսքը աստիճանաբար նվազում է, օդը մաքուր է, ջուրը՝ սառը, իսկ տեսարաններն առավել արտահայտիչ են. շրջապատող լեռները ներկվում են ոսկեգույն և կարմիր երանգներով։
  • Ձմեռ (դեկտեմբեր-փետրվար)։ Սևանը ծածկվում է սառույցով և սկսում է հիացնել հյուսիսային բնապատկերներով։ Ձմռանն այստեղ գալիս են միայնակ հանգիստը վայելելու համար։ Երբեմն կազմակերպվում է նաև ձկնորսություն։ Լողալու սեզոնը, իհարկե, փակ է, սակայն այս շրջանում արված լուսանկարներն ու զբոսանքները հատկապես տպավորիչ են։
  • Գարուն (մարտ-մայիս)։ Բնությունն արթնանում է, ափերը կանաչապատվում են, հայտնվում են առաջին զբոսաշրջիկները։ Լողալու համար դեռ վաղ է, սակայն սա հրաշալի ժամանակ է վանքեր այցելելու և արահետներով քայլարշավներ կազմակերպելու համար։ Գարունը հարմար շրջան է նրանց համար, ովքեր սիրում են լռությունն ու ցանկանում են տեսնել, թե ինչպես է լիճը «վերակենդանանում»։
Սևանա լիճ. ինչպե՞ս հասնել, ինչո՞վ զբաղվել որտե՞ղ հանգստանալ: Հանգիստ Սևանում՝ Նոյլենդում

Հանգիստ Սևանում՝ Նոյլենդում

Լճի շուրջ գտնվող տեսարժան վայրերը

  1. Սևանավանք (Սևանի թերակղզի)։ Սուրբ Առաքելոց և Սուրբ Աստվածածին եկեղեցիները կանգնած են բարձր ժայռի վրա, որտեղից բացվում է Սևանի ամենահայտնի տեսարաններից մեկը։ Վանքը հիմնադրվել է 874թ.-ին՝ Աշոտ Մեծի դուստր Մարիամ իշխանուհու կողմից։ Խորհրդային շրջանում լճի մակարդակի իջեցման արդյունքում նախկին կղզին վերածվեց թերակղզու, և այդպես Սևանավանքը դարձավ ավելի հասանելի ճանապարհորդների համար։
  2. Հայրավանք (հարավարևմտյան ափ)։ 9-12-րդ դդ.-ին վերագրվող փոքր վանք, որը, կարծես, ժայռից վեր խոյանալով, հայտնվել է անմիջապես ջրի վերևում։ Շուրջբոլորը խաչքարեր են, լռություն և խաղաղություն:
  3. Նորատուս։ Հայաստանում խաչքարերի ամենախոշոր քանակը կենտրոնացած է հենց այստեղ. գրեթե հազար օրինակ՝ 10-րդ դարից մինչև 16-17-րդ դարերի վարպետների գործերը։ Քանդակազարդումների մեջ կան հարսանեկան և գյուղական կյանքի տեսարաններ։ Վայր, որտեղ պատմությունը հնարավոր է դառնում «կարդալ» քարի վրա։
  4. Օձաբերդ / Թեյշեբաինի։ Ուրարտական ամրոց՝ Ծովինար գյուղի մոտ գտնվող բլրի վրա։ Հիմնադրվել է մ.թ.ա. 735-713թթ.-ին, ստորոտում պահպանվել է սեպագիր արձանագրություն։ Այստեղից բացվում է «փոքր» Սևանի հիանալի տեսարան։ Հնավայրերի և համայնապատկերների սիրահարների համար շատ հետաքրքիր կլինի այստեղ զբոսնել։
  5. Սևանի ազգային պարկ։ Լճի ամբողջ ջրային տարածքն ու ափերի մի մասը վերահսկվող ու պահպանվող գոտի է. այստեղ իրականցվում են մի շարք էկոհամակարգերի գիտական մոնիթորինգներ, բնապահպանական ծրագրեր, ինչպես նաև սահմանված է ձկնորսության թույլատրելի առավել քանակ:
Սևանա լիճ. ինչպե՞ս հասնել, ինչո՞վ զբաղվել որտե՞ղ հանգստանալ: Սևանա լճի համայնապատկերը Հայրավանքից

Սևանա լճի համայնապատկերը Հայրավանքից

Ակտիվ հանգիստ և ժամանց

Սևան ասելով՝ պետք չէ միայն լողափ և վանքեր պատկերացնել։ Լիճը վաղուց դարձել է ակտիվ հանգստի վայր, որտեղ յուրաքանչյուրը կարող է իր հետաքրքրություններին համապատասխան զբաղմունք գտնել։
  • Ջրային սպորտ։ Ամռանը Սևանում գործում է նավերի, կատամարանների և կայակների վարձույթ։ Ամենից ավելի տարածված են դառնում կանգնած թիավարելու տախտակները. առավոտյան, երբ ջուրը խաղաղ է, դրանցով կարելի է հասնել մինչև լճի մեջտեղը և վայելել ժամանցը։ Որոշ լողափերում առաջարկվում են նաև ադրենալինային զբաղմունքներ՝ ջրային մոտոցիկլներ, ջրային դահուկներ, և այլն։
  • Ձկնորսություն։ Տեղացի ձկնորսները կազմակերպում են նավերով ձկնորսություններ։ Սովորաբար որսում են Սևանի իշխան ու սիգ։ Զբոսաշրջիկների համար սա ոչ միայն գործընթացին մասնակցելու հնարավորություն է, այլև որսը անմիջապես խարույկի վրա կամ ափամերձ սրճարանում պատրաստելու վայելք։
  • Քայլարշավային երթուղիներ։ Ափերից սկիզբ են առնում տարբեր բարդության արահետներ։ Առավել հայտնին Արտանիշ լեռ տանող արահետն է. գագաթից երևում են Սևանա լճի երկու «ավազաններ»-ը։ Արևմտյան հատվածում կան հարմար երթուղիներ դեպի Հայրավանք և Նորատուս, իսկ հյուսիս-արևելքում՝ անտառներով և լանջերով անցնող քայլարշավային արահետներ:
  • Հեծանիվով զբոսանք։ Սևանի ափերը հարմար են հեծանվային տուրերի համար. մայրուղու երկայնքով կան հարթ հատվածներ, իսկ գյուղերում կարելի է իջնել վայրի լողափեր։ Հեծանիվների վարձույթ առաջարկվում է Սևան քաղաքում և տուրիստական բազաներում։
Սևանա լիճ. ինչպե՞ս հասնել, ինչո՞վ զբաղվել որտե՞ղ հանգստանալ: Ձկնորսություն Սևանի լճում` մայրամուտին

Ձկնորսություն Սևանի լճում` մայրամուտին

Լողափեր. հանգստի համար ճիշտ տարբերակները

Ամենահայտնի հանգստի գոտին գտնվում է Սևանի հյուսիսային ափին։ Այստեղ կան զարգացած ենթակառուցվածքով հանրային և մասնավոր լողափեր՝ շեզլոնգներով, սրճարաններով, ցնցուղներով, նավերի ու կանգնած թիավարելու տախտակների վարձույթով։ Հանրային լողափերի մուտքն անվճար է, դրանք բարեկարգված են և հարմար ընտանիքների համար, որոնք ճամփորդում են երեխաների հետ։

Ծովագյուղն ու Շորժան (արևելյան ափ) Սևանի ավելի քիչ այցելվող զբոսաշրջային գոտիներն են, որտեղ շատ են վայրի լողափերը։ Այստեղ Ձեզ սպասում են ավազոտ ափերը, լռությունը, վրանային ճամբարները… Զբոսաշրջիկները նշում են, որ այս ափերում ջուրն ավելի մաքուր է, իսկ մթնոլորտը՝ ավելի հանգիստ։ Հիանալի տարբերակ է նրանց համար, ովքեր գնահատում են բնությունն ու մեկուսացումը։ Հարավային ափին գերակշռում է վայրի բնությունը։ Այստեղ հաճախ կանգ են առնում քեմփինգի ու քայլարշավների սիրահարները:

Որտե՞ղ գիշերել. հյուրանոցներ և հյուրատներ

Սևանում կարելի է գտնել ցանկացած ճաշակին համապատասխան գիշերակացի տարբերակներ՝ առողջարանային համալիրներից մինչև հարմարավետ, փոքր հյուրատներ։ Հայտնի են Թուֆենկյան Ավան Մարագ Ծափաթաղ հյուրանոցը, Նոյ Լենդ Ռեզորթը, Սևան Ափ Ինն հյուրանոցը։ Նրանց համար, ովքեր սիրում են «իրենց տանը զգալ» և վայելել հենց այդ մթնոլորտը, հարմար կլինեն ընտանեկան հյուրատները, որոնցում տան տերերը հյուրերին դիմավորում են ինչպես ընկերների։ Սևանա լիճ. ինչպե՞ս հասնել, ինչո՞վ զբաղվել որտե՞ղ հանգստանալ: Թուֆենկյան Ավան Մարագ Ծափաթաղ հյուրանոց

Թուֆենկյան Ավան Մարագ Ծափաթաղ հյուրանոց

Գաստրոնոմիա. ինչ համտեսել լճի մոտ

Սևանի գլխավոր ուտեստը թարմ ձուկն է` հատկապես Սևանի իշխանն ու սիգը։ Դրանք պատրաստում են մանղալի վրա, ջեռոցում կամ էլ ապխտում են։ Ափամերձ սրճարաններում հաճախ ձուկը մատուցում են ածուխների վրա՝ բանջարեղենով, կանաչեղենով և լավաշով։ Այս ամենն առավել համեղ է դառնում տեղական պանիրների տեսականիով, մածունի, խոտաբույսերով թուրմերի և, իհարկե, գաթայի համադրմամբ: Սևանա լիճ. ինչպե՞ս հասնել, ինչո՞վ զբաղվել որտե՞ղ հանգստանալ: Իշխան – Սևանա լճի ամենահայտնի ձուկը

Իշխան – Սևանա լճի ամենահայտնի ձուկը

Խորհուրդներ և առաջարկներ փորձառու զբոսաշրջիկներից

Եթե պլանավորում եք Ձեր արձակուրդն անցկացնել ամռանը, ապա անհրաժեշտ է գիշերակացի հարցը հոգալ նախապես. ձեռնտու տարբերակները շուտ են ամրագրվում։ Լճի մոտ ավելի զով է, քան Երևանում, ուստի լավ կլինի՝ տաք հագուստ ևս վերցնեք։ Հանրային լողափերում լողալն ավելի անվտանգ է. այնտեղ ջուրն ավելի մաքուր է,  գործում է փրկարարական ծառայություն։ Եթե առաջին անգամ եք այցելում Սևան, ավելի նախընտրելի է էքսկուրսիան ամրագրելուց ընտրել էքսկուրսավարի ուղեկցմամբ տարբերակը. այսպիսով և կխնայեք Ձեր ժամանակը, և բացի լողափից, կայցելեք տեսարժան վայրեր՝ ձեռք բերելով հետաքրքիր գիտելիքներ։ Սևանը հատկապես գեղեցիկ է արևածագին կամ մայրամուտին, երբ ջուրն ու երկինքը գունավորվում են վարդագույն ու ոսկեգույն երանգներով։
Լիլիթ Գևորգյան

Լիլիթ Գևորգյան

«Հյուր սերվիս» կայքի բովանդակության պատասխանատու

Տարածել՝

Հայաստան

map