Ամեն լեռ ու գագաթ, ամեն քար ու վանք իր մեջ կրում է անցյալի հուշ այն ժամանակներից, երբ պատմությունն ու առասպելը միահյուսված էին։
Լեռներն իրենց լռությամբ պահպանում են հնագույն գաղտնիքները, իսկ տաճարներն ամուր պահում են լեգենդները, որոնք հնչում են դարերի միջով։Ճանապարհորդների համար այս պատմությունները նոր իմաստ են հաղորդում յուրաքանչյուր վայրի՝ վերածելով հնագույն պատերն ու բնության տեսարանները կենդանի վկաների:
Եկե՛ք միասին բացահայտենք Հայաստանի լեռների ու տաճարների առասպելներն ու ավանդությունները և տեսնենք, թե ինչպես են դրանք մինչ օրս ձևավորում մեր ժողովրդի հայրենիքի ընկալումը:
Արարատ լեռը․ Աստվածաշնչյան խորհրդանիշ
Հայաստանի ամենահայտնի խորհրդանիշներից է Արարատ լեռը։ Աստվածաշնչում նշվում է, որ հենց այստեղ է Նոյյան տապանը հանգրվանել ջրհեղեղից հետո, և հենց այստեղից է մարդկությունը նորից սկսել իր կյանքը։ Հայերի համար Արարատը հույսի ու վերածննդի խորհրդանիշ է։ Նրա երկու գագաթները (մեկը՝ մեծ, մյուսը՝ փոքր) հաճախ ընկալվում են որպես ծնողի ու զավակի պատկեր, ինչը խորհրդանշում է Հայաստանի տոկունությունն ու հարատևությունը։
Թեև Արարատը այսօր գտնվում է մերօրյա Թուրքիայի տարածքում, այն շարունակում է իշխել հայկական հորիզոնը, իսկ նրա ձյունածածկ ուրվագիծը խորապես արմատավորված է մեր ազգային ինքնության մեջ:
Արարատ լեռ
Խորհուրդ զբոսաշրջիկներին․ Արարատի ամենախորհրդանշական տեսարանը բացվում է Խոր Վիրապի վանքից, որտեղ հին եկեղեցու պատերի հետևում հպարտորեն վեր է խոյանում լեռը։ Իսկ Երևանում կարելի է վայելել նրա գագաթների հիասքանչ տեսարանը քաղաքի ռուֆթոփ սրճարաններից՝ հատկապես մայրամուտին, երբ Արարատը զարդարվում է վարդագույն ու մանուշակագույն երանգներով:
Գիտե՞ք արդյոք․ Արարատը պատկերված է Հայաստանի պետական զինանշանի վրա, ինչը ընդգծում է վերջինիս մշակութային ու հոգևոր կարևորությունը հայ ազգի համար։
Արագած լեռը․ լույսի և ստվերի չորս գագաթները
Հայաստանի ամենաբարձր լեռը՝ Արագածը, դարերով պատված է առասպելներով ու ավանդություններով։ Պատմություններից մեկում խոսվում է Արարատ լեռան և Արագած լեռան մասին՝ որպես ճակատագրով տարբեր կերպ օժտված եղբայրների։ Արարատին բաժին հասան խաղողի այգիներն ու բերրի հողերը, մինչդեռ նախանձով լցված Արագածը մնաց ամուլ: Մեկ այլ ավանդության մեջ Արագածի չորս գագաթները դիտվում են որպես լույսի և խավարի միջև պայքարի խորհրդանիշներ:
Ասում են՝ լեռան գագաթին լեռան արցունքներից աղբյուրներ են առաջանում, որոնք սնուցում են ստորև գտնվող գետերը։ Հայերի համար Արագածը և՛ հաղթահարելու մարտահրավեր է, և՛ կյանքի դժվարությունների ու գեղեցկության միջև հավասարակշռության հիշեցում։
Արագած լեռ
Խորհուրդ զբոսաշրջիկներին․ Արագածը սիրելի վայր է ամառային արշավների համար։ Նրա լանջերին գտնվում է 7-րդ դարի Ամբերդ ամրոցը և Վահրամաշեն՝ փոքրիկ, բայց գեղեցիկ եկեղեցին. երկուսն էլ լուռ վկաներն են՝ դարերի պատմության ու լեգենդների։
Գիտե՞ք արդյոք. «Արագած» նշանակում է «Արայի գահ»։ Լեռան անունը կապվում է Արա Գեղեցիկի հետ՝ հայտնի առասպելական արքայի, որի պատմությունը խորը հետք է թողել հայկական դիցաբանության մեջ։
Սևանա լիճը․ ննջող ջրերը
Հայկական լեռների գոգում փայլում է Հայաստանի ամենաթանկ գոհարը՝ Սևանա լիճը, որի առասպելը սկսվում է մոռացված աղբյուրից: Ասում են՝ հին ժամանակներում այս հովիտը բերրի ու կյանքով լի էր, բայց երբ մի աղջիկ մոռացավ փակել աղբյուրի դարպասը, ջրերը դուրս պրծան ու ողողեցին հովիտը՝ ստեղծելով հսկայական լիճը։
Այսօր Սևանը հայտնի է որպես «Հայաստանի կապույտ մարգարիտ»: Նրա ջրերը փոխում են գույնը՝ արտացոլելով երկնքի երանգները՝ կեսօրին խոր փիրուզագույն, իսկ մայրամուտին՝ արծաթագույն ու ոսկեգույն։
Սևանա լիճ
Խորհուրդ զբոսաշրջիկներին․ այցելեք նախկինում կղզու, իսկ այժմ՝ թերակղզու վրա կառուցված Սևանավանքը։ Այստեղից բացվող տեսարանները հատկապես գրավիչ են մայրամուտին, երբ լիճը փայլում է տաք գույներով։
Գիտե՞ք արդյոք․ մոտ 2000 մ բարձրության վրա տեղակայված Սևանը համարվում է աշխարհի ամենամեծ բարձրադիր քաղցրահամ լճերից մեկը։
Հայրավանք․ աղավնիների հրաշքը
Ասում են, որ Լենկ-Թեմուրի արշավանքներից մեկի ժամանակ անողոք նվաճողը ծանր հիվանդացել է։ Հայրավանքի քահանան նրան առաջարկեց բուժել, սակայն մի պայմանով՝ Լենկ-Թեմուրը պետք է ազատեր այնքան գերիների, որքան կարողանային տեղավորվել վանքի ներսում, ապա հեռանար Հայաստանից։ Նվաճողը համաձայնեց, և քահանայի աղոթքով ապաքինվեց։ Երբ գերիներին ազատելու պահը հասավ, տեղի ունեցավ հրաշք: Շուրջ 70.000 գերի մտան վանք, բայց դուրս եկան աղավնիների տեսքով՝ թռչելով դեպի իրենց տները։ Այս տեսարանը սարսափեցրեց Լենկ-Թեմուրին, և վերջինս լքեց Հայաստանը հավիտյան։
Հայրավանք
Խորհուրդ զբոսաշրջիկներին․ Հայրավանքից բացվում է հիասքանչ տեսարան դեպի «Հայաստանի կապույտ մարգարիտ»-ը: Խորհուրդ է տրվում այցելել Հայրավանք մայրամուտին, երբ երկինքը փայլում է կախարդական գույներով:
Գիտե՞ք արդյոք․ «Հայրավանք» նշանակում է «Հոր վանք», այս պարզ, բայց զորավոր եկեղեցին կառուցվել է 9-րդ դարում։
Նորատուսի գերեզմանատուն․ հազարավոր խաչքարերի հովիտը
Սևանա լճի ափերին տարածված է Նորատուսը՝ աշխարհի խաչքարերի ամենամեծ համալիրը։ Նրբակերտ խաչքարերի այս շարքերը ձգվում են ամբողջ տարածքով, յուրաքանչյուրը՝ քարի մեջ փորագրված մի լուռ աղոթք:Տեղական լեգենդի համաձայն, երբ նվաճող Լենկ-Թեմուրը ներխուժեց Հայաստան, գյուղացիները խաչքարերի վրա սաղավարտներ դրեցին, ինչը հեռվից թողնում էր զինվորներով լի հսկայական բանակի տպավորություն։ Թվային գերազանցությունից սարսափած Լենկ-Թեմուրը նահանջեց՝ գյուղը թողնելով անվնաս։
Նորատուս
Խորհուրդ զբոսաշրջիկներին․ այցելեք Նորատուս մայրամուտին, երբ արևի վերջին ճառագայթները շեշտում են քանդակների նրբությունը, և դաշտը լցվում է անցյալի կենդանի շնչով։
Գիտե՞ք արդյոք․ հայկական խաչքարի արվեստն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում՝ այսպիսով ընդգծելով այս արվեստի կատարելությունն ու հոգևոր խորությունը։
Գառնի տաճարը․ Արևի Աստված Միհրի արձագանքները
Մինչ Հայաստանը դարձավ քրիստոնեությունը պետական կրոն ընդունած առաջին երկիրը, այն արևապաշտության և հեթանոս աստվածների երկիր էր։ Մ.թ. առաջին դարում կառուցված Գառնիի տաճարը նվիրված էր Միհրին՝ լույսի, ճշմարտության և արևի աստծուն։ Այն տարածաշրջանի միակ կանգուն հունա-հռոմեական տիպի տաճարն է։Ասում են, երբ Հայաստանը 301թ․-ին ընդունեց քրիստոնեությունը, հեթանոսական տաճարների մեծ մասը քանդեցին։ Գառնին, սակայն, պահպանվեց, քանի որ ժամանակավորապես ծառայում էր որպես թագավորական ամառանոց։ Նրա վեհաշուք սյուները մինչ օրս էլ կանգուն են՝ հիշեցնելով երբեմնի ծաղկուն աշխարհի շունչը։
Գառնի տաճար
Խորհուրդ զբոսաշրջիկներին․ Գառնին տեսնելուց հետո բաց մի՛ թողեք Գառնիի ձոր՝ «Քարերի սիմֆոնիա» այցը։ Նրա բազալտե սյուները նման են հսկայական երգեհոնի խողովակների, և այս անսովոր տեսարանը համարվում է Հայաստանի հիասքանչ բնական հրաշալիքներից մեկը։
Գիտե՞ք արդյոք․ 1679թ․-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տաճարը փլուզվեց, սակայն այն վերակառուցվեց 20-րդ դարում՝ օգտագործելով պահպանված բնօրինակ քարերը։
Տաթևի վանքը․ թռչող վանականի հրաշքը
Որոտանի կիրճի եզրին վեր խոյացող Տաթևի վանքն արդեն ավելի քան 1000 տարի գրավում է ուխտավորներին ու ճանապարհորդներին։ Վանքի անվանումը կապված է հրաշքի հետ: Կառուցման ժամանակ մի վանական, աղոթելով աստվածային օգնության համար, գահավիժելիս բացականչել է «Տա թև»՝ այսինքն «Թևեր տուր»։ Ըստ լեգենդի՝ նա փրկվել է, և վանքը հենց այստեղից էլ ստացել է իր անունը։
Տաթևը դարձավ ոչ միայն հոգևոր կենտրոն, այլև տարածաշրջանի հնագույն համալսարաններից մեկը, որտեղ դարեր շարունակ ուսուցանվել են գիտություն, փիլիսոփայություն և արվեստ։ Այստեղ հավատքն ու գիտելիքը զարգանում էին կողք կողքի:
Տաթևի վանք
Խորհուրդ զբոսաշրջիկներին․ Տաթև հասնելն ինքնին յուրահատուկ փորձառություն է։ «Տաթևի թևեր» ճոպանուղին՝ աշխարհի ամենաերկար հետադարձելի օդային ճոպանուղին, շուրջ 6 կմ անցնում է Որոտանի կիրճի վրայով՝ առաջարկելով անզուգական տեսարաններ։
Գիտե՞ք արդյոք․ Տաթևում պահպանվել է «Գավազան» կոչվող սյունը՝ ճոճվող կոթող, որն ամեն երկրաշարժի ժամանակ թեթևակի շարժվում էր և զգուշացնում վանականներին մոտալուտ վտանգի մասին։ Տեղացիները նրան անվանում էին «ճարտարապետության հրաշք»։
Գեղարդի վանքը․ ճակատագրի նիզակը
Քիչ վայրեր են Հայաստանում այնպես միավորում պատմությունն ու առասպելը, ինչպես Գեղարդի վանքը։ Նրա անունը նշանակում է «գեղարդ»՝ հղում անելով Սուրբ Նիզակին, որով խոցվեց Քրիստոսը՝ խաչելության ժամանակ։ Ըստ ավանդության՝ նիզակը Հայաստան է բերել առաքյալ Թադևոսը, և դարեր շարունակ այն պահվել է Գեղարդում՝ դարձնելով վանքը կարևոր ուխտավայր։
Վանքը մասամբ քանդակված է լեռան մեջ, իսկ նրա քարանձավային եկեղեցիներն ունեն և՛ սրբազան, և՛ խորհրդավոր մթնոլորտ։ Երբ երգչախումբն այստեղ երգում է, ձայնը տարածվում է այնպես, որ թվում է՝ քարե պատերն իրենք են արձագանքում։
Գեղարդի վանք
Խորհուրդ զբոսաշրջիկներին․ Շատ շրջագայություններ համադրում են Գեղարդի վանքը և Գառնիի տաճարը՝ հնարավորություն տալով մեկ օրում զգալ թե՛ Հայաստանի քրիստոնեական ժառանգության խորությունը, թե՛ նրա հեթանոսական անցյալի շունչը։
Գիտե՞ք արդյոք․ Սուրբ նիզակի բնօրինակը այժմ պահվում է «Էջմիածնի գանձեր» թանգարանում, իսկ Գեղարդը շարունակում է մնալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում՝ իր եզակի ճարտարապետությամբ, պատմությունով և լեգենդներով։
Հայաստանով ճամփորդել նշանակում է հայտնվել մի երկրում, որտեղ պատմությունը դարձել է բնապատկերի անբաժան մասը։ Լեռները պահում են առասպելներ, ավանդություններ, լճերը հիշեցնում են հնադարյան խորհրդավոր նշանների և Աստծո զորության մասին, իսկ վանքերը շարունակում են պահպանել ազգի հավատքը ձևավորած հրաշքներն ու սրբազան մասունքները:
Հայաստանի իրական շունչը զգալու համար պետք է նայել քարերից ու բնապատկերներից այն կողմ և լսել դրանց հետ կապված լեգենդները։ Յուրաքանչյուր վայր կրում է անցյալի արձագանքը՝ Ձեր ճամփորդությանը ավելացնելով խորություն ոև իմաստ։ Թո՛ղ՝ հետաքրքրասիրությունն ու երևակայությունը լինեն Ձեր ուղեկիցները, և Հայաստանի առասպելները դառնան Ձեր կողմնացույցը: