Հայաստանը կոչում են եկեղեցիների երկիր։ Եվ, իսկապես, այստեղ պահպանվել են վաղ քրիստոնեական բազմաթիվ եկեղեցիներ ու վանքեր, որոնք գերում են իրենց պատերի ամրությամբ ու զարմանալի պատմությամբ։ Բացի դա էլ, տարվա ցանկացած եղանակին երկիրն առաջարկում է այցելության շատ տեղեր: Հոյակերտ լեռներն ու նախապատմական կառույցները կանգնեցված են ժամանակակից քաղաքների և 5-աստղանի հյուրանոցների կողքին, այնպես որ Դուք ստիպված չեք լինի ընտրություն կատարել բնության գեղեցիկ տեսարանների և հարմարավետության միջև: Մենք Ձեզ համար կազմել ենք Հայաստանի ամենահետաքրքիր տեսարժան վայրերի ցանկը և ներկայացրել, թե ինչպես հասնել դրանց՝ մայրաքաղաքից։
Հնարավոր է կազմակերպել ինչպես անհատական, այնպես էլ խմբային էքսկուրսիաներ։
Բնության տեսարժան վայրեր
Սևանա լիճՍևանա լիճը հայկական ծով են կոչում՝ երկրի գլխավոր քաղցրահամ լիճն է, որը զբաղեցնում է 1240 կմ2՝ Հայաստանի տարածքի մոտավորապես 5%-ը։ Սևանը գտնվում է լեռներում՝ ծովի մակարդակից 1900 մ բարձրության վրա։ Խորհրդային իշխանությունների մի շարք անհաջող գործողություններից հետո լիճը սկսեց աստիճանաբար չորանալ. այդ ամենը հասավ այնպիսի ծավալների, որ կղզին, որի վրա գտնվում էր Սևանավանքը, վերածվեց թերակղզու։ Այդպիսով՝ 1980-ականների սկզբին Արփա գետը և Սևանը միացնող թունել փորվեց՝ լրացուցիչ քաղցրահամ ջրի ապահովման նպատակով։ Արդյունքում՝ 2000-ականների սկզբին, ջրի մակարդակը սկսեց կամաց-կամաց վերականգնվել:
Ամռանը Սևանը վերածվում է ծովափնյա հանգստավայրի։ Չնայած այն հանգամանքին, որ լճի ջերմաստիճանը 20 աստիճանից չի բարձրանում, տեղի բնակիչներն ու զբոսաշրջիկներն այնտեղ լողում են, ինչպես նաև զբաղվում դայվինգով ու վինդսերֆինգով: Ափին գործում են ռեստորաններ և սրճարաններ։Սևանը գտնվում է Երևանից մոտավորապես 60 կմ հեռավորության վրա։ Ճանապարհին խորհուրդ ենք տալիս այցելել Վարպետ Լևոնի աստվածային գետնափորը. վերջինս յուրատեսակ ստորգետնյա լաբիրինթոս է, որը փորված է բազալտի մեջ՝ մինչև 21 մ խորությամբ՝ սեփական ձեռքերով, մուրճով և մի քանի գործիքով:

Սևանա լիճ
Արարատ լեռԱյն Հայաստանի խորհրդանիշներից մեկն է։ Լեռը պատկերված է երկրի զինանշանի վրա, նրա անունն է կրում ֆուտբոլային ակումբներից մեկը, ինչպես նաև բարձրորակ կոնյակը։
Բայց 1921թ-ից սկսած՝ Կարսի պայմանագրի ստորագրումից հետո, երկրների սահմաննում փոփոխություններ տեղի ունեցան, և Արարատն անցավ Թուրքիային։ Թեև, այդ փաստը հայերին չի խանգարում լեռը իր սեփականը համարել։ Արարատը սերտորեն կապված է Աստվածաշնչի հետ. համարվում է, որ հենց այստեղ է կանգ առել Նոյյան տապանը Մեծ ջրհեղեղից հետո, և այստեղից էլ սկսվել է մարդկության նոր պատմությունը։ Ճիշտ է՝ հայերը չեն կարող Արարատ հասնել առանց Թուրքիայի հետ սահմանը հատելու, սակայն ոչ ոք նրանց չի արգելում հիանալ լեռով։Լավ եղանակային պայմաններում Արարատը պարզ տեսանելի է Երևանից։ Քաղաքն ի սկզբանե կառուցվել է այնպես, որ լինի պատմական սուրբ լեռան դիմաց ամֆիթատրոնի պես: Ցավոք սրտի, ժամանակակից շինություններն այլևս այդ միտումը հաշվի չեն առնում, ուստի գեղեցիկ տեսարանների համար պետք է բարձրանալ Կասկադը՝ հինգ տեռասներից բաղկացած ճարտարապետական համալիրը: Վերևից բացվում է աննկարագրելի տեսարան դեպի քաղաքը, որի հորիզոնում երևում է Արարատը։ Խոր Վիրապի վանք այցելելիս լեռը կարող եք այլ կողմից տեսնել:

Արարատ լեռ
«Խոսրովի անտառ» պետական արգելոցՍա եզակի վայր է՝ թեկուզ միայն այն պատճառով, որ դեռ 4-րդ դարում Հայոց թագավոր Խոսրով III-ի կողմից ճանաչվել է որպես պահպանվող տարածք։ 17 դարերի ընթացքում հայերին հաջողվել է գրեթե անձեռնմխելի պահել այս անտառը՝ իր բնական կենսաբազմազանության մեջ։ Ներկայումս վերջինիս տարածքը կազմում է 23.000 հա, որտեղ բնակվում են հայկական բուսական ու կենդանական աշխարհի հազվագյուտ ներկայացուցիչներ։ Օրինակ՝ միայն այստեղ կարելի է հանդիպել սև անգղի։ Բացի դրանից, այստեղ բնակվող ու հսկվող կենդանիներն ու թռչունները ներառում են սպիտակագլուխ անգղը, բեզոարյան այծը, անգղը և առաջավորասիական ընձառյուծը:
Արգելոցի լանդշաֆտը տարասեռ է. այստեղ կարելի է հիանալ լեռնային տեսարաններով, անտառում թաքնված ջրվեժներով, ինչպես նաև զարմանալի բնական կառույցով՝ «Բազալտե երգեհոն» (մյուս անվանումը՝ «Քարերի սիմֆոնիա»): Այն Ազատ գետի կիրճում բազալտե սյուներից կառույց է, որն առաջացել է սառչող մագմայից։ Իսկ նրա բարձունքում վեր է խոյանում Գառնու տաճարը։
Խոսրովի արգելոցի տարածքում կան քեմփինգներ, որտեղ կարելի է գիշերել վրանում՝ ավելի լավ ճանաչելու Հայաստանի բնությունը։ Արգելոցը գտնվում է Երևանից մոտավորապես 70 կմ հեռավորության վրա։
«Դիլիջան ազգային պարկ» և Դիլիջան քաղաքԴիլիջանն աննկարագրելի տեսարաններով լի քաղաք է։ Այն հաճախ կոչում են «Հայկական Շվեյցարիա»։ Այստեղ ամռանն այդքան շոգ չէ, որքան երկրի մյուս մասերում, ջերմաստիճանը հազվադեպ է բարձրանում 25 աստիճանից: Աշնանը ծառերի տերևները հիացնում են կարմիրի, դեղինի և նարնջագույնի փայլերով: Ձմռանն այն վերածվում է ամանորյա հեքիաթի, իսկ մեղմ կլիման՝ սառնամանիքները միջինը -5 աստիճանի սահմաններում են լինում, թույլ է տալիս երկար զբոսնել։ Գարնանը հնարավոր են անձրևի տեսքով տեղումներ, սակայն ծաղիկներն ու բնությունը, ինչպես նաև տեղի ռեստորանների տաք սուրճը կամ մի բաժակ լավ գինին կօգնեն Ձեզ հաշտվել եղանակին:
«Դիլիջան ազգային պարկ»-ը տարածվում է Դիլիջանի շրջակայքում։ Ավելի ճիշտ՝ քաղաքը նրա լոգիստիկ կենտրոնն է։ Այգին հսկայական է, զբաղեցնում է 2402 կմ տարածք, որտեղ պահպանվել են կենդանիների և բույսերի հազվագյուտ տեսակներ։ Այստեղ են գտնվում նաև հնագույն Հաղարծինը, Գոշավանքը և Մաթոսավանքը, ինչպես նաև անտառի խորքում գտնվող գեղատեսիլ Պարզ լիճը։ Հեռավորությունը Երևանից «Դիլիջան ազգային պարկ» մոտ 100 կմ է։
Պատմական հուշարձաններ
Գառնիի տաճարԳառնին Հայաստանի տարածքում պահպանված հեթանոսական տաճարներից մեկն է։ Կառուցման ժամանակաշրջանը՝ մոտավորապես մ.թ. 1-ին դար։ Նվիրված է հին հայկական դիցաբանության արևի աստծուն՝ Միհրին։ Մինչ օրս պահպանված երկրի միակ հունահռոմեական ոճի կառույցն է, նախաքրիստոնեական Հայաստանի խորհրդանիշը։ Մինչ այժմ էլ հայտնի չէ, թե ինչու տաճարը քրիստոնեության ընդունումից հետո այլ հեթանոսական կառույցների պես չի ավերվել։ Պատմաբանները վարկած ունեն, որ վերջինս ծառայել է որպես գերեզմանատուն, ինչի պատճառով էլ մնացել է անձեռնմխելի։ 4-րդ դարի սկզբին այն սկսել է օգտագործվել որպես թագավորական ամառային նստավայր։
1679թ.-ի երկրաշարժի ժամանակ տաճարը փլուզվել է, ապա՝ վերակառուցվել 20-րդ դարի երկրորդ կեսին՝ ճարտարապետ Ա. Շահինյանի նախագծով։ Վերակառուցումն իրականացվել է անաստիլոզի մեթոդով, ինչը նշանակում է, որ վերականգնողները փորձում են հնարավորինս պահպանել շենքի սկզբնական տեսքը՝ օգտագործելով օրիգինալ շինարարական տարրերը։ Ցավոք սրտի, ներսում դատարկ է, արևի աստծո արձանը չի պահպանվել։ Կարելի է պարզապես հիանալ նուրբ զարդանախշերով և լեռնային կիրճի ապշեցուցիչ տեսարաններով: Մոտակայքում կտեսնեք Արքունի բաղնիքը, նույնիսկ խճանկարային հատակն է պահպանվել: Եթե Երևանից եք ճամփորդում Գառնի, կանգ առեք Ողջաբերդ գյուղում՝ այցելելու Ռաֆայել Իսրայելյանի կողմից 1957թ.-ին կառուցված Չարենցի կամարը։

Գառնիի տաճար

Գառնիի կիրճ
Զորաց քարերԱյն «Հայկական Սթոունհենջ» են կոչում, սակայն, ըստ հայ պատմաբանների, Զորաց քարերի մեգալիթյան համալիրը կարող է 3 հազար տարով ավելի հին լինել, քան իր բրիտանական «գործընկեր»-ը։ Ըստ տարբեր գնահատականների՝ այն կառուցվել է մ.թ.ա. 5.7-ից 2000 թթ.-ին։ Անունը նշանակում է «քարե բանակ». հայերն ասում են, որ, ըստ ավանդության, քարերի տակ թաղված են մարտիկներ՝ հրամանատարի հետ։ Մեկ այլ անվանումը՝ Քարահունջ, հայերենում նշանակում է «երգող քարեր». քամին, որն անցնում է հնագույն քարերի անցքերով, ձայն է հանում։
Կան նաև մի քանի վարկածներ՝ որոշ քարերի վերին հատվածում գտնվող անցքերի ծագման վերաբերյալ։ Դրանցից ամենահետաքրքիրը առաջին անգամ առաջ քաշեց հնագետ Օ. Խնկիկյանը. նա ենթադրեց, որ Զորաց քարերը հնագույն աստղադիտարան է։ Որոշ քարեր իսկապես կարելի է կապել լուսնի փուլերին, ինչպես նաև արևածագին և արևամուտին, սակայն ոչ բոլորը, ուստի սա դեռևս միայն վարկած է: Չնայած նրանք, ովքեր հասցրել են գիշերով այցելել Զորաց քարեր, ասում են, որ այստեղ աստղերը դիտելու հիանալի պայմաններ կան։ Տեսադաշտին չեն խանգարում քաղաքի լույսերը, մոտակա քաղաքը՝ Սիսիանը, գտնվում է մոտավորապես 5 կմ հեռավորության վրա։ Զորաց քարերը քարտեզների վրա նշված է որպես տեսարժան վայր, իսկ դեպի բուն համալիր տանում է գրունտային ճանապարհ:

Զորաց քարեր
ԶվարթնոցԶվարթնոցը յուրօրինակ տաճար է՝ 7-րդ դարի ճարտարապետական հուշարձան։ Կառուցվել է ի պատիվ Գրիգոր Լուսավորչի, անունը գրաբարից թարգմանաբար նշանակում է «արթուն հրեշտակների տաճար»։
Տեսարժան վայրը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:
10-րդ դարում Զվարթնոցը ավերվել է երկրաշարժից։ Եվ միայն 20-րդ դարի սկզբին հնագետները հայտնաբերեցին այն։ Ցավոք, պեղումներն իրականացվել են ոչ մասնագետների կողմից, ինչը ազդել է ավերակների պահպանման վրա։ Տաճարային համալիրի ուսումնասիրության գործում մեծ ներդրում է ունեցել ճարտարապետ Թորոս Թորամանյանը։ Նա անձամբ մասնակցել է պեղումներին, իսկ ավելի ուշ ներկայացրել տաճարի վերակառուցման սեփական նախագիծը։ Ըստ Թորամանյանի՝ Զվարթնոցը կլոր հիմքով երեք հարկանի կառույց էր. ներքևի հատվածը երկհարկանի օղակաձև պատկերասրահն էր, իսկ երկրորդը՝ ռոտոնդայի տեսք ուներ, երրորդն էլ՝ 16-կողմով թմբուկ էր հիշեցնում։ Մակետը կարելի է տեսնել տաճարի թանգարանում։ Տաճարի պահպանված տարրերը՝ արծվազարդ և ալիքաձև խոյակները, խաղողի որթերով զարդարված ֆրիզները և այլն, վկայում են սիրիական և միջագետքյան ճարտարապետության ազդեցության մասին։Մասնագետները Զվարթնոցի տաճարի ներկայիս վիճակը կոչում են հնագիտական պեղումների ցուցահանդես։ Վերականգնման առաջարկներ բազմիցս արվել են, սակայն մերժվել են հնագույն հիմքի վերջնական փլուզման վտանգի պատճառով: Մինչ այժմ էլ ավերակները տպավորիչ ու շքեղ տեսք ունեն, հատկապես լավ եղանակին, երբ հետին պլանում պարզ երևում է Արարատը։ Համալիրը գտնվում է Երևանի մոտ՝ մոտավորապես 20 կմ հեռավորության վրա:

Զվարթնոց տաճար
Ամբերդ ամրոցՀայաստանում պահպանվել են բազմաթիվ հնագույն կառույցներ, սակայն դրանց մեջ շատ քիչ են վանքերին չպատկանող ամրությունները։ Ամբերդը հայերենում բառացի նշանակում է «ամրոց՝ ամպերի մեջ»։ Այն գտնվում է Արագած լեռան լանջին՝ ծովի մակարդակից 2300 մ բարձրության վրա։ 2024թ.-ին «Եվրոպա Նոստրա»-ն Ամբերդը ներառել է ոչնչացման եզրին գտնվող եվրոպական հուշարձանների ցանկում։ Էրոզիան, երկրաշարժերը և վերականգնման համար միջոցների բացակայությունը կարող են կործանել բերդը, ուստի հնարավորության դեպքում խորհուրդ ենք տալիս մոտակա շրջանում այցելել այն։
Ամբերդը սկսել են կառուցել Կամսարական իշխանները մոտավորապես 7-րդ դարում՝ դատելով նույն ժամանակի այլ կառույցներից։ Այս պատմական ժամանակաշրջանի գրավոր աղբյուրներում բերդի մասին հիշատակումներ չեն պահպանվել։ 10-րդ դարում այն վերակառուցվել և ամրացվել է, իսկ 11-րդ դարում կառուցվել է Վահրամաշեն եկեղեցին (Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցի)։ 1236թ.-ին բերդը գրեթե ավերվել է մոնղոլների կողմից, այնուհետև վերականգնվել Վաչուտյան իշխանների կողմից, սակայն դրա մասին հետագա տեղեկություններ չկան։ Ամենայն հավանականությամբ՝ Ամբերդ ամրոցը ավերվել է Լենկ թեմուրի զորքերի կողմից։
Բերդը հայտնաբերվել է 20-րդ դարի հնագիտական պեղումների ժամանակ։ Կառույցն ինքնին այդքան էլ լավ պահպանված չէ, սակայն մոտակայքում գտնվող քարե բաղնիքները գրեթե ամբողջությամբ վերականգնվել են։ Վերակառուցվել է նաև Վահրամաշեն եկեղեցին։ Ամբերդը գտնվում է Երևանից մոտավորապես 50 կմ հեռավորության վրա։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ Արագած լեռան լանջին դեպի եկեղեցի տանող ճանապարհին անոմալ գոտի է (նշված է Yandex.Maps-ում): Այստեղ խախտված են ձգողականության օրենքները, մեքենան ինքնուրույն շարժվում է սարով վեր, և ոչ թե վար, նույնիսկ լեռնային գետն է հոսում վեր։ Կա վարկած, որ սա էլեկտրամագնիսական անոմալիա է կամ ձգողականության տեղային շեղում։

Ամբերդ ամրոց
Կրոնական տեսարժան վայրեր
Հայաստանն առաջին երկիրն է, որը պաշտոնապես ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն (301թ.): Ահա դա է պատճառը, որ այստեղ շատ եկեղեցիներ ու վանքեր կան։ Կրոնական կառույցները գտնվում են գեղատեսիլ վայրերում և հաճախ ավելի շատ նման են հնագույն ամրոցների, քան վանական համալիրների: Դրանցից ցանկացածը կարելի է խորհուրդ տալ այցի համար, իսկ մենք կթվարկենք նրանք, որոնք մեր կարծիքով ամենահետաքրքրականն են:Վաղարշապատ (Էջմիածին)
Այն կոչում են հայկական Վատիկան՝ հենց այստեղ է տեղի ունեցել հայ ժողովրդի մկրտությունը 301թ.-ին, այստեղ է գտնվում նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրը։ Էջմիածինը երկրի հնագույն քաղաքներից մեկն է, ըստ պատմաբանների, այն հիմնադրվել է դեռ մ.թ.ա 2-րդ դարում։ Մկրտությունից հետո հեթանոսական տաճարների տեղում սկսեցին կառուցվել վանքեր և եկեղեցիներ։ Առաջինը կառուցվել է Էջմիածնի Մայր տաճարը (301թ.), այն գտնվում է Վաղարշապատում և տարված վերականգնման աշխատանքների շնորհիվ պահպանվել է մինչ օրս։
Տեսարժան վայրը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:
Վաղարշապատում է գտնվում նաև «Էջմիածնի գանձեր» թանգարանը։ Այստեղ պահվում են իրական սուրբ մասունքներ՝ Լոնգինի գեղարդը, որը խոցել է խաչափայտի վրա խաչված Հիսուս Քրիստոսին, Նոյյան տապանի մի կտոր, սրբերի մասունքներ, այդ թվում նաև՝ Գրիգոր Լուսավորչի աջ ձեռքը։ Բացի այդ, քաղաքում է գտնվում Սուրբ Հռիփսիմե եկեղեցին (618թ.), Սուրբ Գայանե եկեղեցին (630թ.) և այլ կրոնական կառույցներ։ Երևանից Վաղարշապատ մոտ 20 կմ է։

Էջմիածնի թանգարան․ հպում սուրբ մասունքների հետ
Խոր ՎիրապԱյս վանքը հետաքրքրական է ոչ միայն իր գեղեցիկ տեսարանով դեպի Արարատ լեռը, այլև իր պատմությամբ։ Հիմնադրվել է 642թ.-ին՝ ստորգետնյա բանտի տեղում, որտեղ 13 տարի անց է կացրել Սուրբ Գրիգոր Լուսավորիչը՝ Հայոց առաջին կաթողիկոսը։ Ստորգետնյա զնդանը պահպանվել է մինչ մեր օրեր. Յուրաքանչյուր մարդ կարող է իջնել գրեթե ուղղահայաց աստիճաններով և տեսնել, թե ինչ պայմաններում է պահվել բանտարկյալը։ Վերջինս նման է իրական քարե «պարկ»-ի՝ 6 մ խորությամբ և 4 մ լայնությամբ: Հայտնվելով այստեղ՝ շատերն ասում են, որ դժվար է շնչելը, սկսում է խուճապ տիրել: Հին ժամանակներում, դատելով տարեգրություններից, բանտարկյալներին «ընկերակցում էին» թունավոր օձերն ու կարիճները: Այստեղ չխելագարվելու և հավատքը պահպանելու համար ոգու անհավանական ուժ էր պահանջվում:
Վանքը շրջապատված է պաշտպանական ամուր պարիսպներով։ Ներսում գտնվում է գործող Սուրբ Աստվածածին եկեղեցին, մատուռ, ինչպես նաև եկեղեցուն կից խանութ։ Հեռավորությունը Երևանից՝ մոտ 40 կմ։

Խոր Վիրապի վանք
ՏաթևՏաթևի վանքը գտնվում է Սյունիքի մարզում և կազմում է «Տաթևի դարպասներ» զբոսաշրջային համալիրի մի մասը: Սա շահույթ չհետապնդող ծրագիր է, ամբողջ շահույթն ուղղվում է վանքի վերականգնմանը։ Վանք կարելի է հասնել մեքենայով, բայց շատ ավելի հետաքրքիր է մեկ այլ երթուղի` «Տաթևեր» ճոպանուղին: Սա Գինեսի ռեկորդների գրքում գրանցված աշխարհի ամենաերկար ճոպանուղին է: Թռիչքը կտևի գրեթե 6 կմ։ Ճանապարհն անցնում է կիրճից 350 մ բարձրության վրա, որտեղից պարզ երևում են Հայաստանի մյուս տեսարժան վայրերը՝ Տաթևի մեծ անապատի ավերակները, Հարսնաձորի դիտակետը և այլն։
Բուն վանքի հիմնադրման տարին 906թ.-ն է։ Այս ընթացքում վանքը բազմիցս տուժել է թե Լենկ թեմուրի արշավների, և թե Շահռուխի ասպատակության հետևանքով։ Բայց ամբողջ ժամանակ այն մնացել է Հայաստանի գիտության և կրթության հիմնական կենտրոնը։ Իսկ 1921թ.-ին այստեղ հռչակվեց Լեռնային Հայաստանի Հանրապետությունը։
Տաթևը գտնվում է Երևանից 250 կմ հեռավորության վրա՝ Գորիս քաղաքից ոչ հեռու։ Ուղևորության համար խորհուրդ ենք տալիս նախատեսել 2 օր՝ մեկ օր անցկացնել Տաթևում՝ գիշերելով Գորիսում, իսկ հաջորդ օրը այցելել քարանձավային Խնձորեսկը: 20-րդ դարի սկզբին մարդիկ ապրում էին այս քարանձավներում։

Տաթևի վանք

«Տաթևեր» ճոպանուղին
Դեպի բոլոր թվարկված տեսարժան վայրեր հնարավոր է էքսկուրսիաներ գնել առցանց՝ «Խմբային էքսկուրսիաներ» և «Անհատական էքսկուրսիաներ» էջերում՝ համապատասխանաբար: Ինչպես նաև կարող եք կապվել մեզ հետ կայքով՝ պատուհանի միջոցով, կամ էլ հեռախոսով. մենք Ձեզ համար կկազմենք երթուղի, կհուշենք՝ ինչ այլ վայրեր կարող եք այցելել ճանապարհին՝ ապահովելով Ձեզ տրանսպորտով և գիշերակացի տեղերով, ինչպես նաև տրամադրելով հայկական իսկական խոհանոցով լավագույն սրճարանների և ռեստորանների ցանկը: Այնպես կանենք, որ Հայաստանով ճամփորդելիս Դուք կզգաք Ձեզ ինչպես տանը, և «կօգնենք» Ձեզ սիրահարվել այս երկրին առաջին իսկ հանդիպումից։