Գորիսը՝ Սյունիքի բաբախող սիրտը հանգչում է լեռնաշղթաների գրկում՝ ասես հողն ինքն է նրան պահել ու թաքցրել աշխարհից։ 19-րդ դարից ի վեր այն համարվել է օրինակելի քաղաք՝ մտածված կառուցապատմամբ, ստվերաշատ փողոցներով ու լեռների բույրով լցված այգիներով։ Նրա շուրջը բացվում է յուրահատուկ ժայռերի, անտառապատ բլուրների ու ոլորապտույտ կիրճերի տեսարան, որտեղ անհետանում է սահմանագիծը քաղաքի և նրան գրկաբաց ընդունող կենդանի բնության միջև:
Գորիսի փողոցներով քայլելիս զգում ես յուրահատուկ հանդարտություն ու կյանքի յուրահատուկ մի ռիթմ, որը միայն այս քաղաքին է հատուկ։ Այսօր Գորիսը մնում է ոչ միայն Սյունիքի մշակութային կենտրոնը, այլև կարևոր հանգույց, որ Հայաստանը կապում է հարևան Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Նրա հյուրընկալությունը, հարուստ պատմությունը և եզակի տեսարժան վայրերին մոտ լինելը գրավում են յուրաքանչյուր ճանապարհորդի։ Քաղաքի շունչը զգացվում է արևամուտի ոսկեգույն լույսերում, հին քարաշեն տներում և տեղացիների պատմություններում, որոնք փոխանցում են Սյունիքի ոգին։
Գորիսը պարզապես մի կետ չէ քարտեզի վրա, այն հարավային Հայաստանի կենդանի այցեքարտն է, որտեղ անցյալն ու ներկան ներդաշնակորեն միահյուսվում են։ Այստեղ կարծես գրկախառնվում են Սյունիքի հրաբխային բարձրավանդակն ու Զանգեզուրի ծալքաբեկորային լեռնաշղթան, իսկ հողի սահքը կերտում է ժայռածին բուրգեր։