Հայաստանն առաջին պետությունն է, որը պաշտոնապես ընդունեց քրիստոնեությունը (4-րդ դարի սկզբին), սակայն ընդհանուր կարծիք կա, որ քրիստոնյաներն այստեղ հայտնվել են Հիսուսի մահից գրեթե անմիջապես հետո։ Մինչև 1921թ.-ը երկրի տարածքում էր գտնվում բիբլիական Արարատ լեռը. Մեծ ջրհեղեղից հետո այստեղ հանգրվանեց Նոյյան տապանը, և, ըստ ավանդության, Հայաստանի բոլոր բնակիչները սերում են տապանից եկածներից։ Սա «եկեղեցիների երկիրն» է՝ այստեղ պահպանվել են հազարամյա պատմություն ունեցող վանքեր ու տաճարներ։ Մենք Ձեզ կպատմենք, թե մայրաքաղաքի մերձակայքում գտնվող որ վանական համալիրներն անպայման հարկավոր է այցելել։
Խոր Վիրապ
Տեղակայումը՝ Թուրքիայի սահմանին՝ Արտաշատ քաղաքի մոտ։ Երևանից Խոր Վիրապ մոտ 40 կմ է։Հետաքրքիր փաստեր՝ Վանքի անվանումը հայերենում բառացի նշանակում է «խորը զնդան»։ Սա ամենևին էլ պատահական բնույթ չի կրում. այստեղ մինչ օրս պահպանվել է ստորգետնյա բանտ, որտեղ, ըստ լեգենդի, քրիստոնեության վաղ կողմնակիցներից Գրիգոր Լուսավորիչն անցկացրել է 13 տարի։
Իր հայացքների համար վերջինս նման պատիժ է ստացել Տրդատ III թագավորից։ 13 տարի անց՝ 37 քրիստոնյա կույսերի սպանությունից հետո, թագավորը խելագարության մեջ է ընկնում։ Վերջինիս քույրը կարծում էր, որ միայն Գրիգորը կարող է փրկել Տրդատին։ Բանտարկյալին ազատում են, և իրեն հաջողվում է բժշկել թագավորին։ Դրանից հետո Տրդատը մկրտվում է (301թ.) և դարձնում քրիստոնեությունը Հայաստանի պետական կրոն, իսկ Գրիգորը դառնում եպիսկոպոսապետ 303թ.-ին։
Պատմական ակնարկ՝ 5-րդ դարում Գրիգոր Լուսավորչի բանտի շուրջ կառուցվել է մատուռ, իսկ քիչ անց դրա շուրջը վանական համալիր է կանգնեցվել։ Ստորգետնյա բանտը գտնվում է Սուրբ Գրիգոր մատուռի տակ (կառուցվել է 1661թ.-ին), այն 6 մ խորությամբ և 4.5 մ լայնությամբ փոս է, որին հասնելու համար պետք է հաղթահարել գրեթե ուղղահայաց սանդուղք։

Խոր Վիրապի վանք
Նորավանք
Տեղակայումը՝ Խոր Վիրապից՝ 85 կմ, իսկ Երևանից՝ 120 կմ հեռավորության վրա՝ Արենի գյուղից ոչ հեռու։Հետաքրքիր փաստեր` Զբոսաշրջիկներն ասում են, որ սա Հայաստանի ամենատպավորիչ տեսարժան վայրերից մեկն է։ Կարմիր ժայռերի մեջ շքեղ կառույցները տպավորություն են ստեղծում, կարծես Դուք հայտվել եք այլ մոլորակում։ Դե, կամ էլ արևելյան հեքիաթի սյուժեում: Առանց ճաղերի քարե աստիճանները կարծես թե ուղիղ դեպի երկինք են տանում, խոշոր քարերից հնագույն պատերում պահվում են պատմության գաղտնիքները։ Նորավանքին ծանոթանալուն անգամ զբոսաշրջիկները չեն խանգարի. վերջինս այնքան յուրահատուկ վայր է, որ անգամ սելֆիի սիրահարներն ակամայից սկսում են շշուկով խոսել։ Վերադարձի ճանապարհին խորհուրդ ենք տալիս այցելել գյուղ Արենի. ըստ հնագետների՝ այստեղ գինի են պատրաստում դեռևս քարե դարից։
Պատմական ակնարկ` Վանական համալիրը հիմնադրվել է 1205թ.-ին։ Տարածքի ամենահին շինությունը՝ Սուրբ Կարապետ տաճարի ավերակները, թվագրվում է մոտավորապես 9-րդ դարով։ Համալիրում պահպանվել են խաչքարեր, խաչ պատկերող փորագրված կոթողներ, որոնք վերագրվում են 13-րդ դարի վերջին - 14-րդ դարի սկզբին։

Նորավանք
Տաթև
Տեղակայումը՝ Տաթևի վանքը գտնվում է Սյունիքի մարզում՝ Երևանից մոտ 250 կմ հարավ, Որոտանի կիրճի եզրին գտնվող ժայռոտ հարթակի վրա։ Տաթև հասնելու ճանապարհը ոլորապտույտ և հիասքանչ է, լի տպավորիչ տեսարաններով։Յուրօրինակ ուղևորության համար այցելուները կարող են օգտվել «Տաթևեր» ճոպանուղուց, որն աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին է։
Հետաքրքիր փաստեր՝ Տաթևը հիացնում է ոչ միայն իր դիրքով, այլ նաև ճարտարապետությամբ։ Կառուցված է բաց մոխրագույն բազալտից և բնականորեն ձուլվում է ժայռերին։ Դրսից վանքը զուսպ է՝ զերծ քանդակազարդումներից և ձևավորումներից, ինչն ավելի ընդգծում է նրա հոգևոր խորությունը։ Շրջապատված լռությամբ ու վեհաշուք բնությամբ՝ այն ներշնչում է մտորելու և երկյուղածությամբ լցվելու։ Տաթևը մինչ օրս գործող հոգևոր համալիր է․ այցելուները կարող են ուսումնասիրել եկեղեցիները, սրահներն ու դիտել Որոտանի կիրճի տպավորիչ տեսարանները։Պատմական ակնարկ՝ Վանքը հիմնադրվել է 9-րդ դարում և շուտով դարձել կարևոր հոգևոր և մշակութային կենտրոն։ 14–15-րդ դարերում այստեղ գործել է Տաթևի համալսարանը՝ միջնադարյան Հայաստանի առաջատար կրթական հաստատություններից մեկը։ Այսօր Տաթևը շարունակում է լինել հավատքի, գիտելիքի և տոկունության հզոր խորհրդանիշ։

Տաթևի վանք
Գեղարդ
Տեղակայումը՝ Երևանից մոտավորապես 40 կմ հեռավորության վրա՝ Գառնի գյուղի մոտ։Հետաքրքիր փաստեր՝
Անվանումը նշանակում է «տեգ»: Հիշատակվում է տեգը, որը խփվել է Հիսուսի կողոսկրի մեջ, երբ նրան գամել են խաչին: Ըստ ավանդության՝ Թադեոս առաքյալը գեղարդը բերել է Հայաստան, որից հետո այն պահվել է վանքում, այնուհետև տեղափոխվել Էջմիածնի գանձարան։
Գեղարդի հիմնադիրը եղել է Գրիգոր Լուսավորիչը: 9-րդ դարում արաբական զորքերի հարձակումից հետո վանքի առաջին տարբերակից ոչինչ չէր պահպանվել: Վերջինս կառուցվել էր 4-րդ դարում քարանձավի սուրբ աղբյուրի մոտ: Մինչ օրս մեզ հասած շինությունները թվագրվում են 13-14-րդ դդ.-ով։ Դրանց որոշ մասը փորագրված է ժայռի մեջ. տաճարներ, եկեղեցիներ և այլն: Ավազանի տաճարում կա սուրբ աղբյուր, որտեղից էլ սկսվել է համալիրի շինարարությունը։ Պատերը զարդարված են միջնադարյան խաչքարերով, փորագրված արձանագրություններով ու նախշերով։ 2000թ.-ին Գեղարդ վանքը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում: 2018թ.-ի դեկտեմբերի 7-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն «Գեղարդի վանք և Ազատ գետի վերին հովիտ» վայրին շնորհել է «ուժեղացված պաշտպանության կարգավիճակ:Պատմական ակնարկ՝ Հիմնադրման ժամանակաշրջան` 4-րդ դար, գլխավոր շինությունը կառուցվել է 1215թ.-ին: Ուշադրություն դարձրեք պատերի կարմիր արձանագրություններին. դրանց համար օգտագործվել է կարմիր միջատից պատրաստված հատուկ ներկ՝ որդան կարմիր (Արարատյան քոշենիլ): Գույնն արդեն 800 տարի է՝ պահպանվել է։

Գեղարդի վանք
Էջմիածնի Մայր Տաճար
Տեղակայումը՝ Երևանից 20 կմ հեռավորության վրա՝ Վաղարշապատ քաղաքում, որն առավել հայտնի է որպես Էջմիածին։Հետաքրքիր փաստեր` Վաղարշապատ քաղաքը Հայաստանի հոգևոր կենտրոնն է, այն համեմատում են Վատիկանի հետ։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համալիրը Հայ առաքելական եկեղեցու վարչական կենտրոնն է, այստեղ է գտնվում Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրը։ Համալիրը զբաղեցնում է ընդարձակ տարածք՝ մոտ 35 հա, ներառյալ՝ Էջմիածնի Մայր տաճարը (հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը 301թ.-ին), ճեմարանները և Սուրբ Էջմիածնի «Էջմիածնի գանձեր» թանգարանը՝ կառուցված Ալեք և Մարի Մանուկյան ամուսնական զույգի կողմից։
Առանձին կուզենայինք անդրադառնալ թանգարանին։ Այստեղ են պահվում ամենահայտնի եկեղեցական մասունքները։ Օրինակ՝ Սուրբ Գեղարդը (Գեղարդի վանքին անուն շնորհած տեգը), հենց հայկականն է, որ համապատասխանում է Հիսուս Քրիստոսի կյանքի տարեթվերին։ Այստեղ կարելի է տեսնել նաև Նոյյան տապանի մի կտոր և նույնիսկ փայտե խաչի (որին գամված էր Քրիստոսը) մի կտոր:Էջմիածնի Մայր Տաճարն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:
Պատմական ակնարկ` Հիմնադրման տարեթիվ՝ 301թ.: Ամբողջ ժամանակաշրջանում՝ մինչև 21-րդ դարը, այստեղ կառուցվել են նոր շինություններ։ Ժամանակակիցներից է Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցին (2009-2011թթ.):

Էջմիածնի Մայր Տաճար
Սևանավանք
Տեղակայումը՝ Երևանից մոտավորապես 70 կմ հեռավորության վրա՝ Սևանա լճի ափին։Հետաքրքիր փաստեր` Կառուցումից անմիջապես հետո վանքը կղզու վրա է եղել. վերջինիս հասնելու համար հարկավոր էր ջրով մոտ 3 կմ անցնել: Ներկայումս այն գտնվում է թերակղզու վրա, և հասնելու ճանապարհը չի կարելի հեշտ անվանել։ Մինչև վանք տանող 200 աստիճան կա, և տեղացիները կարծում են, որ դրանք անհրաժեշտ դժվարություններ են, որոնք հաստատում են այստեղ եկողների հավատը։ Համալիրն ինքնին տարբերվում է հայկական մյուս եկեղեցական կառույցներից. շենքերի պատերը սև տուֆից են, որը դարերի ընթացքում էլ ավելի է մգացել։ Դրսում չկան հարթաքանդակներ կամ որմնանկարներ, ինչն ավելի է ընդգծում կառույցի հնությունը. այստեղ գտնվելիս՝ ցանկություն է առաջանում մոռանալ երկրայինը և սիրտը բացել բարձրյալ ուժերի առաջ: Ներկայումս Սևանավանքը գործող վանք է։ Այցելեք պահպանված եկեղեցիները, ապա հիացեք Սևանա լճի հիասքանչ տեսարաններով։
Պատմական ակնարկ` Հիմնադրման տարեթիվ՝ 305թ.: Այս ժամանակ հեթանոսական տաճարի տեղում Գրիգոր Լուսավորչի կողմից կառուցվել է երկու եկեղեցի։ 9-րդ դարում հայոց Մարիամ իշխանուհին այստեղ վանք է հիմնել։

Սևանավանք
Հաղարծին
Տեղակայումը՝ Երևանից մոտ 100 կմ հեռավորության վրա՝ Դիլիջան ազգային պարկում։Հետաքրքիր փաստեր՝ Այն կոչում են հայկական «ուժի վայր»։ Հաղարծնի վանքը գտնվում է լեռնային անտառներում, տարածքը շատ լավ մշակված է, եկեղեցիները գործում են։ Շինությունները խիտ դասավորություն ունեն, թվում է, թե միջնադարյան քաղաքում եք հայտնվել։ Տեղանքի շնորհիվ այստեղ տիրում է լիակատար լռություն, որը կարող են խախտել միայն զբոսաշրջիկների բացականչությունները։ Ավանդության համաձայն՝ տեղի ծառը, ավելի ճիշտ՝ հրդեհից հետո նրա մնացորդները, կատարում է ցանկություններ. բավական է միայն անցնել ճեղքի միջով: Իսկ եթե ցանկանում եք զմայլվել տեղի գեղեցիկ անկյուններով, կարող եք վանքից անտառային արահետով քայլել դեպի «Թաքնված ջրվեժ»:
Պատմական ակնարկ՝ Հիմնադրման ժամանակաշրջան՝ 9-րդ դար: Գլխավոր եկեղեցին՝ Սուրբ Աստվածածինը, կառուցվել է 13-րդ դարի վերջին:

Հաղարծնի վանք
Հովհաննավանք
Տեղակայումը՝ Երևանից 21 կմ հեռավորության վրա՝ Օհանավան գյուղի մոտ։Հետաքրքիր փաստեր` Հայազգի քրիստոնյաների համար խորհրդանշական վայրերից մեկն է: Ամենահին շինությունը՝ Սուրբ Գրիգոր բազիլիկը, ըստ ավանդության, հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը հեթանոսական տաճարի տեղում։ Վանքի հատակը վկայում է հնագույն պատմություն ունենալու մասին. քարե սալերի մեջ հավատացյալների կողմից արահետներ են ձևավորվել: Վանքում պահվում են Հովհաննես Մկրտչի մասունքները: Վանքի շրջակայքի ամրությունները շարված են քարե հսկա ժայռերից, ինչը նույնպես խոսում է դրանց հնության մասին. ամենից հաճախ նման տեսակի շինություններ կառուցվել են բրոնզե դարում (մ.թ.ա. 35/33-13/11 դդ.): Կառուցման հիմնական աշխատանքները տարվել են 13-րդ դարում։
Գլխավոր տաճարը՝ Սուրբ Կարապետը, վերականգնվել է 20-րդ դարի վերջին՝ 1919թ.-ի երկրաշարժից հետո: Բազմագույն կառուցվածքի շնորհիվ, այն հետաքրքիր կերպով փոխում է գույնը՝ կախված լուսավորությունից։ Շքեղ զարդարված է հնագույն խորաքանդակներով և խաչքարերով։
Պատմական ակնարկ` Հիմնադրման ժամանակաշրջան` 4-րդ դար: Սուրբ Գրիգոր բազիլիկն ավարտին է հասցվել 5-րդ դարում։ Սուրբ Կարապետ գլխավոր տաճարը կառուցվել է 1216-1221թթ.-ին և վերականգնվել 1970-1990թթ.-ին։ Հնագույն պատմության սիրահարներին խորհուրդ ենք տալիս այցելել Օհանավան գյուղ, որտեղ պահպանվել են դեռ մեր թվարկությունից առաջ կառուցված քարե հսկա ժայռերից կառուցված եկեղեցու ավերակները։

Հովհաննավանք
Դեպի բոլոր այս վանքեր Երևանից կարելի է հասնել սեփական տրանսպորտով կամ էքսկուրսիոն ավտոբուսներով։ Նրանք բաց են այցելության համար տարվա ցանկացած ժամանակ և ամեն անգամ տարբեր տեսք ունեն: Այստեղ եկեղեցիներն ու վանքերը պահում են հնագույն սրբերի հուշերը, նրանք չունեն շքեղ զարդարանք կամ էլ այցելության խիստ կանոններ (օրինակ՝ կանանցից գլխաշոր կրել չի պահանջվում). դու եկել ես Աստծո մոտ, ում համար կարևոր չէ, թե ինչ տեսք ունես, կարևորը քո հավատքն է։ Թերևս դա է պատճառը, որ այստեղ արված անկեղծ աղոթքներն ավելի հաճախ են լսվում և կատարվում։