Թողե՛ք Ալպերն անցյալում: Ինչու՞ ընտրել Հայաստանը՝ որպես Ձեր հաջորդ երթուղի
Ամենաթարմ
Գնահատական. 5
Ահա թե ինչու Ձեր հաջորդ ուղղությունը հենց Հայաստանը պետք է լինի
Հոգնե՞լ եք նույնատիպ արահետներից: Այն նույն մարդաշատ արահետներից, որոնք հիշեցնում են քաղաքի աղմկալի փողոցները: Իսկ տեսարանները, չնայած որ հիացնող են, բայց կարծես կրկնվող ու կանխատեսելի են թվում:
Դուք ձգտում եք ավելիին: Ճամփորդության, որ կդառնա Ձեր կյանքի հիշարժան էջերից մեկը: Ցանկանում եք ճամփորդել մի երկրով, որով քայլարշավները կտարբերվեն սովորականից՝ ստեղծելով իրական հուշեր:Դե, ուրեմն, Հայաստանը բացահայտելու ժամանակն է: Ձեզ սպասվում է ճամփորդություն, որը Դուք կվերապրեք ամբողջ հոգով: Հայաստանը մի երկիր է, որի յուրաքանչյուր արահետ Ձեզ տանում է դարավոր պատմության շերտերով և բնության անաղարտ անկյուններով:
Ուրեմն ինչու՞ ընտրել հենց Հայաստանը
Ի՞նչն է Կովկասի այս փոքրիկ երկիրը դարձնում առաջնային և բավականին մրցունակ ուղղություն՝ քայլարշավների համար։
Ամեն ինչ բացատրվում է կախարդական համադրությամբ, որն այլևս ոչ մի տեղ չեք գտնի։- Դուք կարող եք բառի բուն իմաստով դիպչել պատմությանը. պատկերացրեք՝ քայլում եք լեռնաշղթայով, իսկ ներքևի հովտում կանգնած է քարե մի վանք, որն ավելի հին է, քան Նոտր Դամը։ Դուք կանգ եք առնում ջուր խմելու՝ կիսավեր քարավանատան մոտ, որտեղ ժամանակին հանգստանում էին Մետաքսի ճանապարհի վաճառականները։ Դուք ուսումնասիրում եք հրաբխային քարերի վրա փորագրված հնագույն ժայռապատկերներ։ Հայաստանում պատմությունը միայն թանգարաններում չեն տեսնում և սովորում. այն ամենուր է։ Ամբողջ երկիրը թանգարան է՝ բաց երկնքի տակ, իսկ արահետները՝ միջանցքներն են։
- Ազատության զգացում՝ գագաթին. մոռացե՛ք դիտակետում լավ տեղ զբաղեցնելու համար արմունկներով ճանապարհ բացելու մասին։ Հայաստանում Ձեր ջանքերի դիմաց պարգևատրումը հաճախ խաղաղության լիարժեք զգացումն է։ Զգացողություն, որ վեհ կիրճը, թաքնված ջրվեժը կամ ընդարձակ լեռնային բարձրավանդակը գրեթե ամբողջությամբ Ձեզ են պատկանում։ Բարձունքում միայն Դուք եք, քամու շշուկը և աննկարագրելի տեսարանը:
- Կրակից ու հավատքից կերտված բնապատկեր. Հայաստանի ռելիեֆի բազմազանությունը տպավորիչ է։ Մեկ օրվա ընթացքում կարող եք ուսումնասիրել և հարավի արևով ողողված կարմիր կիրճերը, և Դիլիջանի Հայաստանի Փոքր Շվեյցարիա կոչվող զմրուխտե, մառախլապատ անտառները։ Կարող եք բարձրանալ հնագույն լեռների հրաբխային լանջերով և վայելել Սևանա լճի գեղեցիկ տեսարանները։
- Հայտնի հայկական հյուրընկալություն. թերևս Ձեր ճանապարհորդության ամենահիշարժան մասը ոչ թե լեռնագագաթներն են լինելու, այլ մարդիկ, որոնց հետ շփում կունենաք։ Տեղացիները Ձեզ կհյուրասիրեն անուշաբույր հայկական սուրճ, թարմ թխված լավաշ կամ պարզապես ջերմ ու անկեղծ կժպտան Ձեզ… հենց այսպիսի պահերն են, որ սովորական քայլարշավը դարձնում են անմոռանալի ճամփորդություն:
Անթերի երթուղու որոնում՝ Հայաստանում. քայլարշավներ՝ բոլոր արկածախնդիրների համար
Պատրա՞ստ եք գտնել Ձեր նախընտրություններին համապատասխանող արահետը։
Ներկայացնում ենք Հայաստանի ամենատպավորիչ քայլարշավային երթուղիներից մի քանիսը՝ ըստ տեսակների:
Տեսակ 1. Հայաստանի դասական երթուղիները
Այստեղ այն արահետներն են, որոնք ստեղծում են զբոսաշրջիկի և Հայաստանի բնության հմայքի հետ ամենավառ կապը:
Դիլիջանի ազգային պարկ. «Հայաստանի Փոքր Շվեյցարիա»
Դիլիջանի ազգային պարկ
Եթե Դուք բնության սիրահար եք, ցանկանում եք ուսումնասիրել մառախլապատ անտառներ, հեքիաթային վանքեր ու վայելել առվակների մեղմ շառաչը, ապա կարող եք ընտրել Դիլիջանի ուղղությունը: Այն կանաչ դրախտ է՝ հեռու բոլոր կիրճերից, որոնց կարելի է հանդիպել աշխարհի տարբեր անկյուններում:Առաջարկվող երթուղի. Պարզ լճից՝ Գոշավանք
Դժվարություն. Միջին
Հեռավորություն և ժամանակ. մոտավորապես 6.5-7.2 կմ մեկ ուղղությամբ / 2-4 ժամ
Նախատեսված է. բնության սիրահարների, հեքիաթային տեսարաններ որոնողների և խաղաղ հանգիստ փնտրողների համար
Ճանապարհորդությունը սկսվում է խաղաղ Պարզ լճի մոտից։ Այստեղից արահետը տանում է կախարդական անտառի խորքը։ Դուք կքայլեք ոլորապտույտ կածանով՝ անցնելով փայտե կամուրջներով, իսկ օդում կզգացվի խոնավ հողի ու դաշտային ծաղիկների բույրը։ Դե իսկ այս ուղու վերջում Ձեզ կսպասի 12-րդ դարի Գոշավանքը։ Երբ անտառից դուրս գալով կհայտնվեք այս վեհաշուք վանական համալիրի առջև՝ Ձեզ կթվա՝ մի աշխարհից մյուսն եք տեղափոխվել:
Գառնիի կիրճը և «Քարերի սիմֆոնիա»-ն
Քարերի սիմֆոնիան Գառնիի կիրճում
Երևանից կարճ հեռավորության վրա է գտնվում Հայաստանի երկրաբանական հրաշքներից մեկը՝ Գառնիի կիրճը՝ «Քարերի սիմֆոնիա»-ն: Նայելով կիրճին՝ թվում է, թե նրա մանրակրկիտ ձևավորված վեցանկյուն բազալտե սյուները հսկա քանդակագործի ձեռքի շնորքն են։
Առաջարկվող երթուղի. Գառնի տաճարից՝ «Քարերի սիմֆոնիա»Դժվարություն. թեթևից՝ միջին
Հեռավորություն և ժամանակ. մոտավորապես 4 կմ / 2 ժամ (երկկողմանի երթուղի՝ կիրճ իջնելով)
Նախատեսված է. պատմության սիրահարների, երկրաբանությամբ հետաքրքրվողների և նրանց համար, ովքեր ցանկանում են թեթև մեկօրյա ուղևորություն ունենալ
Զբոսանքը կսկսվի ամենահայտնի Գառնիի տաճարից՝ արահետով կիջնեք դեպի կիրճը։ Ջերմաստիճանը կնվազի, Ազատ գետի ձայնն ավելի լսելի կդառնա, և այդ պահին Դուք կտեսնեք «Քարերի սիմֆոնիա»-ն։ Սյուների մասշտաբն ու կատարյալ երկրաչափությունը պարզապես ապշեցնում են։ Այս երթուղին Հայաստանում առաջարկվող ամենայուրահատուկ ու տպավորիչ կարճ կիրճային երթուղիներից մեկն է։
Բազմագույն կիրճեր և երկրաբանություն
Հրեշտակների ձոր
Հրեշտակների ձոր. Վեդիի մոտ գտնվող այս կիրճը տպավորում է իր ատամիկների նմանվող, կավատիպ կարմիր պատերով։ 11 կմ երկարությամբ երկկողմանի երթուղին Ձեզ կտանի նեղ, գողտրիկ հատվածներով, որտեղ կարող եք ուսումնասիրել բարձր երկնքում սավառնող արծիվներին։Վարդագույն կիրճ. Ազատի ջրամբարի հյուսիսային ափին գտնվող այս կիրճի անվանումը լիովին արդարացված է. շուրջբոլորը զարմանալի վարդագույն ժայռեր են և քարե սյուներ։ Այն էրոզիայից առաջացած լանդշաֆտ է՝ փոքրիկ քարանձավներով ու ելուստներով, որտեղ ուսումնասիրելու բազմաթիվ նյութ կա:
Դժոխքի ձոր. անվանումը խաբուսիկ է։ Արարատի մարզի այս գոհարն առանձնանում է նեղ կիրճերով և եղանակային լավ պայմանների դեպքում՝ չափազանց գեղեցիկ տեսարաններով դեպի Արարատ լեռը:
Տեսակ 2. թաքնված գոհարներ՝ ջրվեժների սիրահարների համար
Դեպի թաքնված ջրվեժ արշավն ինքնին յուրահատուկ փորձառություն է: Առհասարակ, այն արշավները, որոնց ընթացքում նախատեսվում է նաև ջրվեժի այց, ամենահետաքրքիր արշավներն են համարվում:Լաստիվեր. գաղտնի դրախտը
Եթե իրական բացահայտումների սիրահար եք, ապա ընտրեք Լաստիվերի ուղղությունը։ Ճանապարհը Ձեզ կտանի դեպի թաքնված մի աշխարհ՝ լի քարանձավներով, ծառերի վրա կառուցված տնակներով ու գեղատեսիլ ջրվեժներով:
Առաջարկվող երթուղի. Լաստիվեր (երկկողմանի ուղղությամբ)Դժվարություն. միջին
Հեռավորություն և ժամանակ. մոտավորապես 7-8 կմ / 3-4 ժամ
Նախատեսված է. արկածախնդիր զբոսաշրջիկների, վայրի բնության գրկում լողալ սիրողների և բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են կտրվել առօրյայից և վայելել բնության շունչը:
Երթուղին կտրուկ տանում է դեպի անտառապատ կիրճը։ Ճանապարհին Դուք կանցնեք «Անապատ» կոչվող փոքրիկ քարանձավի մոտով, որտեղ ժամանակին ապրել են ճգնավորներ։ Այնուհետև կհասնեք կիրճի սրտին, որտեղ տպավորիչ ջրվեժը թափվում է բյուրեղյա մաքուր ավազանի մեջ։ Սա թարմանալու և լողալու համար հիանալի վայր է։ Դուք նույնիսկ կարող եք գիշերել ծառատներից մեկում՝ լավագույնս վայելելու Ձեր ժամանակը։
Լաստիվեր
Թռչկանի ջրվեժ. որոտացող հսկան
Թռչկանը մեղմ շիթերով հոսող ջրվեժ չէ։ Այն, ասես, որոտացող ջրային վարագույր լինի՝ Հայաստանի ամենաբարձր ջրվեժներից մեկն է։ Դեպի Թռչկան քայլարշավը Լոռու մարզի մարգագետիններով ու կիրճերով գեղեցիկ ուղևորություն է։ Մոտ 23 մ բարձրությունից իջնելով՝ գարնանը վերջինս անհավանական ուժգին հոսք ունի:
Թռչկանի ջրվեժ
Մանթաշի և Թաքնված ջրվեժներ
Մանթաշի ջրվեժ. համեմատաբար ավելի խաղաղ ու մեկուսացված ջրվեժ է՝ ճանաչված բնության հուշարձան: Վերջինիս մոտ կանգնելով՝ հնարավոր է դառնում վայելել բնության ոգեշնչող հմայքը:
Թաքնված ջրվեժ. դեպի Հաղարծնի վանքի մոտ տեղակայված մեկուսացված ու հմայիչ Թաքնված ջրվեժ այս կարճատև՝ մոտ 1.6 կմ երկարությամբ, զբոսանքը հիանալի տարբերակ է ընտանիքների համար՝ անտառի ոլորապտույտ կածաններով հետաքրքրաշարժ ժամանց անցկացնելու:
Տեսակ 3. Գրավել Հայաստանի գագաթները՝ դիպչելով երկնքին
Դժվարահաս բարձունքներ հաղթահարելու սիրահարների համար Հայաստանի լեռները մշտապես իրենց ուրույն տեղն ունեն: Ներկայացնում ենք ամենայուրահատուկ երթուղիները.Արագած լեռ. նվաճելով չորս գագաթները
Արագած լեռ
Հայաստանի ամենաբարձր կետը՝ Արագած լեռը, մեր երկրի իսկական խորհրդանիշներից է։ Վերջինս հանգած հրաբուխ է՝ չորս գագաթներով, որոնք ստեղծում են տպավորիչ խառնարանի եզր:Առաջարկվող երթուղի. Քարի լճից մինչև Հարավային գագաթ (3888 մ)
Դժվարություն. Դժվար (պայմանավորված բարձրությունով)
Հեռավորություն և ժամանակ. մոտավորապես 8-11 կմ / 4-6 ժամ (երկկողմանի ուղի)՝ հասնելով 680-750 մ բարձրության
Նախատեսված է. գագաթներ նվաճելու սիրահարների, անկրկնելի տեսարաններ վայելել ցանկացողների, ինչպես նաև լուրջ բարձրլեռնային մարտահրավեր փնտրողների համար
Երթուղին սկսվում է Քարի լճի մոտից։ Այստեղից դեպի Հարավային գագաթ տանող ճանապարհը հուսալի է՝ տեխնիկապես ոչ շատ բարդ, բայց վերելքներով լի։ Օդը համեմատաբար դառնում է ավելի ծանր, իսկ տեսարանները՝ յուրաքանչյուր քայլով ավելի լայնատարած։ Գագաթ հասնելով՝ Դուք կկարողանաք վայելել խառնարանի անկրկնելի համայնապատկերները, դե իսկ պարզ եղանակային պայմաններին՝ նաև դեպի բիբլիական Արարատ լեռը բացվող տեսարանները։ Հյուսիսային գագաթը (4090 մ) շատ ավելի բարդ փորձություն է. նախատեսված է փորձառու լեռնագնացների համար։
Գեղամա լեռներ, ճանապարհորդություն դեպի Վիշապի լիճ
Գեղամա լեռներ
Թրեքինգի սիրահարների համար լավագույն երթուղին է։ Գեղամա լեռնաշղթան հրաբխային գմբեթների լայն տարածք է. այստեղ իրապես ազատության զգացումն ապրելու հնարավորություն կա: Հնագույն ժայռապատկերներով ու անաղարտ խառնարանային լճերով պատված՝ այն համարվում է Հայաստանի լավագույն ուղղություններից մեկը՝ մի քանի օր տևողությամբ արշավների համար։ Աժդահակ լեռ (3597 մ) տանող ուղին ամենատպավորիչ գոհարներից մեկն է․ գագաթին է գտնվում անթերի կլոր ձևի, սառցե խառնարանային լիճը՝ «վիշապի լիճ»-ը։
Տարածաշրջանային այլ գագաթներ, որոնք արժե նվաճել
Խուստուփ լեռ
- Խուստուփ լեռ (3201 մ)․ դժվարանցանելի՝ 14 կմ երկարությամբ երթուղի նմանը չունեցող Սյունիքի մարզում: Հասնելով գագաթին՝ լեռնագնացները կկարողանան հիանալ բացվող տեսարաններով և ուսումնասիրել անհավանական կենսաբազմազանությունը։
- Արա լեռ (2577 մ)․ դասական 11 կմ երկարությամբ երթուղի՝ 870 մ բարձրության հավաքով. գտնվում է Կոտայքի և Արագածոտնի մարզերի սահմանագծին։
- Հատիս լեռ (2528 մ)․ Երևանից ոչ հեռու գտնվող հասանելի գագաթ․ 5.6 կմ՝ մեկ ուղղությամբ, այս երթուղին կպարգևի հիանալի տեսարաններ, հարմար տարբերակ է մեկօրյա արշավի համար:
- Արտանիշ լեռ (2460 մ)․ Ձեզ սպասվում է գեղեցիկ վերելք, որի ընթացքում, շատերի կարծիքով, բացվում են Սևանա լճի, թերևս, ամենահմայիչ համայնապատկերային տեսարանները։
Արտանիշ լեռ
Տեսակ 4. Հարմար զբոսանքներ և մշակութային երթուղիներ՝ նախատեսված ամբողջ ընտանիքի համար
Հայաստանը՝ երեխաներին քայլարշավներին ծանոթացնելու հիանալի ուղղություն է։ Այս արահետներն անցնելիս միասին կվայելեք երկրի մեղմ ռելիեֆը, հետաքրքիր պատմությունը, ինչպես նաև կբացահայտեք բազմաթիվ վայրեր, որտեղ կարելի է ընտանեկան ջերմ պիկնիկներ կազմակերպել:- Ճանաչողական զբոսանք (Լոռի)․ այս 6.3 կմ երկարությամբ երթուղին միացնում է անտառային արահետները «ՔՈԱՖ» սմարթ կենտրոնին։ Վերջինս կապված է սիրված հայ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի անվան հետ, ուստի զբոսանքը ստացվում է հետաքրքիր, հագեցած և ճանաչողական՝ բոլոր տարիքի մարդկանց համար։
- Մարտիրոսաց օղակաձև երթուղի (Վայոց Ձոր)․ 6.5 կմ երկարությամբ երկկողմանի հիանալի ուղղություն. այս զբոսանքը հատկապես կհավանեն պատմության սիրահարները: Կբացահայտեք կիսալքված գյուղը և ժայռի մեջ փորված, ապշեցնող Մարտիրոսաց վանքը։
Տեսակ 5. Կիրճերով արկածային արշավ՝ ադրենալինի սիրահարների համար
Հայաստանը ճիշտ ընտրություն է այդ թվում նրանց համար, ովքեր փնտրում են բնության մարտահրավերներ: Հարկավոր է պարզապես դիտարկել ոչ ստանդարտ արահետները:Սատանի կամուրջն ու Որոտանի կիրճը
Հայաստանի հարավային մարզում՝ Սյունիքում հոսող Որոտան գետը բացառիկ ու գեղեցիկ կիրճ է «հյուսել»։ Հենց այստեղ է գտնվում Սատանի կամուրջը՝ բնական տրավերտինային կամուրջ, որի տակ թաքնված է արկածների ամբողջ մի աշխարհ։ Սա Հայաստանի կանյոնինգի սիրտն է։
Մոռացեք սովորական զբոսանքի մասին. այստեղ Ձեզ սպասվում են ամենադժվարանցանելի ուղիները։ Հմուտ ուղեկցորդների հետ Դուք կարող եք պարանների օգնությամբ իջնել դեպի ջրվեժները, անցնել նեղ կիրճերով՝ հատուկ հագուստով, ինչպես նաև լողալ հանքային շերտերով հարստացած, ապարներից ձևավորված բնական ավազաններում։ Այս ամենը շատ լուրջ փորձառություններ են, որոնք պահանջում են համապատասխան հանդերձանք, ապահովության համակարգ, ինչպես նաև փորձառու մասնագիտական հմտություններ: Բոլոր դժվարանցանելի ուղիների վերջում Ձեզ են սպասելու անմոռանալի տեսարաններ:՝ ադրենալինի սիրահարների համար
Հայաստանով արշավների Ձեր ուղեցույցը
Պատրա՞ստ եք հավաքել Ձեր ուսապարկը։ Առհասարակ ճիշտ է նախապես հավաքել իրերը: Ներկայացնում ենք տեղեկություններ, որոնք օգտակար կլինեն արշավ պլանավորելիս:Հայաստանում արշավ կազմակերպելու համար ո՞րն է լավագույն ժամանակը
- Մայիս-հունիս. հիանալի ժամանակահատված է։ Ծաղկում են վայրի ծաղիկները, բլուրները դառնում են կանաչապատ, իսկ եղանակը տաք է, բայց՝ ոչ շատ շոգ։
- Հուլիս-օգոստոս. ամենահարմար ժամանակահատվածն է բարձրալեռնային երթուղիների համար, օրինակ՝ դեպի Արագած լեռ։ Ցածրադիր վայրերում կարող է շատ շոգ լինել։
- Սեպտեմբեր-հոկտեմբեր. ճիշտ շրջան է։ Աշնանային գույները հատկապես տպավորիչ են, օդը թարմ է, իսկ զբոսաշրջիկները թիվը՝ քիչ։
Ինչպե՞ս պլանավորել ուղևորություն՝ ըստ մարզերի
- Խիտ անտառների և վանքերի համար՝ ուղևորվեք Տավուշ և Դիլիջանի ազգային պարկ:
- Բարձրլեռնային գագաթների համար՝ Ձեր ընտրությունը Արագածոտնի մարզը պետք է լինի՝ Արագած լեռը:
- Կարմիր կիրճերի և հնագույն գինու մշակույթի համար՝ ուսումնասիրեք Վայոց Ձորը:
- Յուրահատուկ տեսարանների և կանյոնինգի համար՝ դիտարկեք Սյունիքի մարզի հարավային մասը:
- Սևանա լճի հիասքանչ տեսարանների համար՝ Գեղարքունիքի մարզը:
Արմաղան լեռ
Անհրաժեշտ իրերի ցանկ
- Թրեքինգի համար հարմար կոշիկներ:
- Տաք հագուստ ու ջրակայուն բաճկոն՝ անձրևից ու քամուց պաշտպանվելու համար։
- Արևապաշտպան իրեր՝ լայնեզր գլխարկ, արևային ակնոց և բարձր SPF պաշտպանությամբ քսուք։
- Ջուր՝ հնարավորինս մեծ քանակությամբ։ Երկար երթուղիների համար կարող եք նաև ջրի ֆիլտր վերցնել։
- Նավիգացիա՝ որոշ արահետներ նշագրված են, բայց շատերը՝ ոչ։ Ներբեռնեք օֆլայն քարտեզներ, օգտվեք HIKEArmenia հավելվածից, որն անվճար ու բավականին օգտակար ռեսուրս է։
Պատասխանատու մոտեցում արշավների ընթացքում
Երթուղիների մեծ մասի համար հատուկ կանոններ կամ թույլտվության անհրաժեշտություն չկա, բայց պահպանվող գոտիներում, օրինակ՝ Դիլիջանի ազգային պարկում, գործում են հստակ կանոններ։ Միշտ հետևեք «Հետք չթողնելու սկզբունքներ»-ին՝ Ձեզ հետ բերած ամեն ինչը հետ տարեք Ձեր հետ, ոչինչ մի թողեք: Մնացեք նշագրված արահետների սահմաններում, ինչպես նաև հարգալից վերաբերեք հնագույն ժառանգությանը. չի կարելի դիպչել խաչքարերին, բարձրանալ դրանց վրա: Նույնը վերաբերում է վանքերի պատերին:
Երթուղու համն ու հոտը. ի՞նչ ուտելիք վերցնել արշավներին
Հայկական արահետներով արշավների ընթացքում կարող եք վերցնել Ձեզ հետ լավաշ, տեղական պանիր և թարմ կանաչի։ Արշավն ավելի քաղցրացնելու նպատակով կարող եք ծիրանի չիր ևս վերցնել:
Քայլարշավ Հայաստանի կանաչ լեռնային արահետներով
- Արշավների համար լավագույն սեզոնները՝ գարուն (վայրի ծաղիկների սիրահարների համար), ամառ (բարձր գագաթներ նվաճելու համար) և աշուն (գույների բազմազանությունը վայելելու համար)։
- Սկսնակ՝ Գառնու կիրճ
- Միջին՝ Դիլիջան (Պարզ լճից՝ Գոշ լիճ)
- Փորձառու՝ Արագած լեռ (հարավային գագաթ)
- Քայլարշավի անհրաժեշտ պարագաները՝ կոշիկներ, շերտավոր հագուստ, արևապաշտպան քսուք և ջուր
Հայաստանի արահետները Ձեզ են կանչում
Քայլարշավ Հայաստանի վայրի լեռնային արահետներով
Հայաստանով արշավները պարզապես զբոսանք չեն՝ այլ զրույց՝ 3000 տարվա մշակույթի հետ, բարձրադիր լեռան մարտահրավեր և թանկ պարգև՝ թաքնված վանքի տեսքով, սառը լեռնային աղբյուրի ջրի համ և անծանոթ, բայց ջերմ ժպիտներ, ու դեռ շատ ավելին։
Այս արշավները փոքրիկ ճամփորդություններ են, որոնք էապես կփոխեն Ձեր կյանքը՝ որպես պատմության հուշ՝ հավերժ մնալով հիշողության մեջ։Իսկական ու անմոռանալի արկածները Ձեզ են սպասում այստեղ՝ Հայաստանում:
Հյուր սերվիսը Հայաստանում արշավների Ձեր վստահելի ուղեկիցը կլինի։ Ծանոթացեք մեր էքսկուրսիաներին և լավագույնս բացահայտեք մեր երկրի հմայքը: