Աջակցող ծառայություններ

  • Ամրագրման պայմաններ
    Աջակցող Ծառայությունների շրջանակում Ընկերությունը տրամադրում է սարքավորումներ և պարագաններ, տպագրական ծառայություններ, ինչպես նաև օժանդակող անձնակազմ:

    Պատվիրատուն պարտավոր է վերոնշյալ Ծառայություններից օգտվելու անհրաժեշտության դեպքում նախօրոք տրամադրել Պատվերի իրականացման համար անհրաժեշտ բոլոր տեղեկություններն ու մանրամասները:

    Կայքում ներկայացված Աջակցող Ծառայությունների Գները հաշվարկված են՝ հիմք ընդունելով, որ դրանք մատուցվելու են Երևանում: Որևէ այլ վայրում նշված Ծառայությունները մատուցելու դեպքում կարող են ավելանալ լրացուցիչ ծախսեր:

    - Սարքավորումներ և պարագաներ
    Սույն Ծառայության շրջանակներում Ընկերությունը Պատվիրատուին ժամանակավոր օգտագործման է տրամադրում աուդիո-վիդեո սարքավորումներ, համակարգչային և գրասենյակային տեխնիկա, ինչպես նաև միջոցառումների կազմակերպմանն անհրաժեշտ այլ պարագաներ (այսուհետ միասին նաև՝ «Սարքավորումներ և Պարագաներ»

    Ընկերությունը պարտավորվում է Սարքավորումները և Պարագաները օգտագործման իրավունքով տալ Պատվիրատուին պատշաճ վիճակում և պատվիրված քանակով:

    Պատվիրատուն պարտավորվում է դրանք ընդունելիս ստուգել և նախօրոք հայտնել Ընկերությանը որևէ անսարքության կամ Պատվերին չհամապատասխանելու մասին, հակառակ դեպքում զրկվում է հետագայում դրանք վկայակոչելու իրավունքից: Եթե պատվիրված Սարքավորումները և Պարագաները չեն համապատասխանում ներկայացված տվյալներին, չեն աշխատում կամ ունեն այլ էական թերություններ, Ընկերությունը պարտավոր է կատարել համարժեք փոխարինում, իսկ անհնարինության դեպքում՝ վերադարձնել վճարված գումարը:

    Պատվիրատուն պարտավորվում է օգտագործել Սարքավորումները և Պարագաները միայն դրանց օգտագործման համար պատվիրված ժամկետում և նպատակով:

    Պատվիրատուն չի կարող փոխանցել որևէ այլ անձի Սարքավորումների և Պարագաների օգտագործման իրավունքը՝ առանց Ընկերության նախնական գրավոր համաձայնության:

    Սարքավորումների և Պարագաների օգտագործման ժամկետի ավարտից հետո Պատվիրատուն պարտավորվում է դրանք վերադարձնել Ընկերությանը նույն վիճակում և քանակով, ինչպես ընդունել է (հաշվի առնելով բնական մաշվածությունը), իսկ կորստի, ոչնչացման կամ վնասման պարագայում՝ փոխհատուցել Ընկերության կրած վնասները և ծախսերը կամ պատշաճ կերպով վերականգնել կամ վերանորոգել դրանք սեփական միջոցներով:

    Սարքավորումների և Պարագաների տրամադրման դեպքում Ընկերությունն իրավունք ունի Պատվիրատուի կողմից վերոնշյալ պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով պահանջել դրանց շուկայական արժեքի չափով գումար՝ բանկային քարտից համապատասխան գումարի սառեցմամբ, կանխիկ վճարմամբ կամ բանկային փոխանցմամբ (Պատվիրատուի նախընտրությամբ): Նշված գումարը վերադարձվում է Պատվիրատուին Սարքավորումները և Պարագաները պատշաճ վիճակում և ժամանակին Ընկերությանը վերադարձնելու դեպքում:

    - Տպագրական ծառայություններ
    Սույն Ծառայության շրջանակում Ընկերությունն իրականացնում է Պատվիրատուի կողմից տրամադրված փաստաթղթերի, բրոշյուրների, թղթապանակների, վահանակների և (կամ) այլ նյութերի տպագրման ծառայությունների մատուցում (այսուհետ միասին նաև՝ «Տպագրություն»

    Պատվիրատուն պարտավորվում է Տպագրության համար բոլոր տեղեկությունները ճշգրիտ, բարձր որակով և պահանջվող ժամկետներում տրամադրել Ընկերությանը։

    Պատվիրատուն պարտասխանատվություն է կրում Տպագրությունից առաջ բոլոր նյութերի վերջնական հաստատման համար։ Ցանկացած աշխատանք, որը հաստատվել է և (կամ) տրվել է տպագրության, չի կարող փոփոխվել կամ լրացվել, իսկ դրա համար վճարված գումարը ենթակա չէ վերադարձման։

    - Օժանդակող անձնակազմ
    Սույն Ծառայության շրջանակում Ընկերությունն իրականացնում է թարգմանչի, հյուրընկալողի, լուսանկարչի և (կամ) տեսանկարահանողի (այսուհետ միասին նաև՝ «Օժանդակող Անձնակազմ») տրամադրման ծառայություններ։

    Պատվիրատուն պարտավորվում է պահպանել Օժանդակող Անձնակազմի աշխատանքի պայմանները տրված Պատվերի շրջանակներում, մասնավորապես՝ ժամկետները, ծավալները և առանձնահատկությունները։

    Սույն Ծառայության շրջանակում Պատվիրատուի կողմից էական փոփոխություններ կատարելու դեպքում վերջինս պարտավոր է այդ մասին տեղյակ պահել Ընկերությանը և նախապես համաձայնեցնել նրա հետ։

    Պատվիրատուն պարտավորվում է ապահովել Օժանդակող Անձնակազմի անվտանգությունը։

    Օժանդակող Անձնակազմը պարտավորվում է ապահովել մատուցվող Ծառայության ընթացքում հասանելի դարձած ցանկացած տեղեկատվության գաղտնիությունը, ցուցաբերել պատշաճ վարքագիծ և ճշտապահություն։
  • Չեղարկում և փոփոխում
    Աջակցող Ծառայությունների Պատվերը առանց Կանխավճարի հաստատված համարվել չի կարող:

    Սարքավորումների և Պարագաների տրամադրման, ինչպես նաև Օժանդակող Անձնակազմի Ծառայությունների (բացառությամբ գրավոր թարգմանության) Կանխավճարը կազմում է Պատվերի Գնի 30%-ը, ընդ որում Պատվերի մեկնարկից 72 ժամ առաջ չեղարկում կամ փոփոխություններ կատարելու դեպքում Կանխավճարը վերադարձվում է Պատվիրատուին, իսկ ավելի ուշ չեղարկելու կամփոփոխություններ կատարելու, ինչպես նաև չներկայանալու դեպքում՝ Կանխավճարը չի վերադարձվում:

    Տպագրության, ինչպես նաև գրավոր թարգմանության Ծառայությունների դեպքում Կանխավճարը կազմում է Պատվերի Գնի 100%-ը, որը չեղարկելու, փոփոխություններ կատարելու կամ չներկայանալու դեպքում չի վերադարձվում Պատվիրատուին և չի հաշվանցվում փոփոխված Պատվերի Գնից՝ անկախ չեղարկման ժամկետներից և հանգամանքներից։

    Հատուկ դեպքերում Ընկերությունն իրավունք ունի Պատվիրատուի հետ քննարկել և համաձայնեցնել Աջակցող Ծառայությունների չեղարկման կամ փոփոխությունների այլ պայմաններ՝ ելնելով կոնկրետ տվյալ Պատվերից:

    Աջակցող Ծառայությունների Վերջնավճարը Պատվիրատուն պետք է կատարի Ծառայության մեկնարկի օրը, եթե այլ պայմանավորվածություն չկա Ընկերության և Պատվիրատուի միջև:

    Ընկերությունն իրավունք ունի հաստատման մեջ ամրագրված Աջակցող Ծառայության փոխարեն Պատվիրատուին առաջարկել համարժեք կամ ավելի բարձրակարգ ծառայություն՝ ելնելով ամրագրված ծառայության համար ծագած խնդիրների պատճառով դրա տրամադրման անհնարինությունից: Եթե Պատվիրատուն հրաժարվում է ընդունել այդ առաջարկը, ապա Կանխավճարը վերադարձվում է նրան՝ առանց Ընկերության կամ Պատվիրատուի համար այլ պարտավորությունների առաջացման։
Տարածել՝