Այն վայրում, որտեղ Քուռի բուռն հոսանքը գրկախառնվում է Արագվի գետի հանդարտ հոսքի հետ, իր դռներն է բացում հնագույն Մցխեթ՝ քրիստոնյա Վրաստանի առաջին մայրաքաղաքը և նրա հոգևոր ծննդավայրը։
Լեգենդի համաձայն, քաղաքը հիմնել է Մցխեթոսը՝ վրաց ժողովրդի նախահայր Քարթլոսի որդին, և այդ պահից նրա ճակատագիրը անքակտելիորեն միահյուսվել է երկրի պատմության հետ։ Այստեղ եկավ «հռիփսիմեական» նահատակների զոհասեղանից փրկված սուրբ Նինոն՝ իր հետ բերելով նոր հավատքի լույսը։ Նրա աղոթքներն ու հրաշքները՝ արքայազնի և թագուհի Նանայի բժշկումը, համոզեցին թագավոր Միհրանին ընդունել քրիստոնեությունը։ Նրա խորհրդով 4-րդ դարում կանգնեցվեց համեստ փայտյա եկեղեցի, որն ավելի ուշ Վախթանգ I Գորգասալ թագավորը փոխարինեց հոյակապ քարե բազիլիկայով։ Իսկ երբ այն 11-րդ դարում այն ավերվեց, նույն տեղում վեր հառեց վեհաշուք Սվետիցխովելի տաճարը՝ «Կենսատու Սյունը»՝ հավերժ գրվելով Վրաստանի հոգևոր տարեգրքում։
Կողքին կանգնած է Միհրան թագավորի մտահղացմամբ հիմնված և Գեորգի I-ի օրոք նոր շունչ ստացած Սամթավրո վանական համալիրը։
Այսօր Մցխեթն այլևս պարզապես պատմական հուշարձան չէ, այն կենդանի աղոթք է, որտեղ հին քարերի շունչը միահյուսվում է ներկայի զարկերին: