Այլ Ծառայություններ

  • Չեղարկում և փոփոխում
    Ստորև ներկայացված են Պատվերի Կանխավճարի, Վերջնավճարի, չեղարկման, և փոփոխման պայմանները, որոնք կարող են կիրառվել Ձեր Պատվերի նկատմամբ՝ ըստ մատուցվող Ծառայության տեսակի։ Ծառայության մատուցմանը չներկայանալու դեպքում կիրառվում են չեղարկման պայմանները: Եթե Ծառայության տեսակն առկա չէ ստորև («Այլ Ծառայություններ»), ապա Կանխավճարի, Վերջնավճարի, չեղարկման և փոփոխման պայմանները նախօրոք քննարկվում և համաձայնեցվում են Պատվիրատուի հետ՝ ելնելով կոնկրետ տվյալ Պատվերից:

    Բնակատեղի Վարձակալման Ծառայություն

    Բնակատեղի Վարձակալման Ծառայության Պատվերը առանց Կանխավճարի հաստատված համարվել չի կարող: Կանխավճարը, որպես կանոն, կազմում է պատվիրված Բնակատեղի 2 օրվա Գինը։

    Հատուկ դեպքերում Ընկերությունը կարող է պահանջել Կանխավճարի այլ չափ և սահմանել Պատվերը չեղարկելու այլ պայմաններ՝ նախապես դրանք համաձայնեցնելով Պատվիրատուի հետ:

    Վերջնավճարը Պատվիրատուն պետք է կատարի Բնակատեղ մուտք գործելու պահին կամ ամենաուշը հաջորդ օրը, եթե այլ պայմանավորվածություն չկա Ընկերության հետ:

    Ընկերությունն իրավունք ունի հաստատված Բնակատեղի փոխարեն Պատվիրատուին առաջարկել համարժեք կամ ավելի բարձրակարգ այլ Բնակատեղ՝ ելնելով ամրագրված Բնակատեղում ծագած խնդիրների պատճառով դրա տրամադրման անհնարինությունից: Եթե Պատվիրատուն հրաժարվում է առաջարկված Բնակատեղից, ապա Կանխավճարը վերադարձվում է նրան՝ առանց Ընկերության կամ Պատվիրատուի համար այլ պարտավորությունների առաջացման։

    - Չեղարկում
    Պատվերը չեղարկելու կամ չներկայանալու դեպքում Կանխավճարը չի վերադարձվում Պատվիրատուին:

    - Վաղաժամ դադարեցում
    Բնակատեղի Վարձակալման Ծառայության Պատվերը կարող է վաղաժամ դադարեցվել ինչպես Պատվիրատուի նախաձեռնությամբ, այնպես էլ Ընկերության կողմից: Ընկերության կողմից վաղաժամ դադարեցում կարող է կատարվել միայն, եթե Պատվիրատուն խախտել է սույն Պայմաններով սահմանված պարտավորությունները:

    Պատվերը վաղաժամ դադարեցնելու դեպքում կատարվում է վերահաշվարկ. հաշվարկվում է փաստացի մատուցված Ծառայության ժամկետին համապատասխան Գինը և կիրառվում է տուգանք՝ Կանխավճարի չափով: Եթե Պատվիրատուի կատարած վճարումը ավելին է, քան վերահաշվարկով ստացված գումարը, ապա դրանց տարբերությունը վերադարձվում է Պատվիրատուին:

    - Ժամկետի երկարաձգում
    Բնակատեղի Վարձակալման Ծառայության ժամկետը կարող է երկարաձգվել Պատվիրատուի ցանկությամբ, եթե տվյալ Բնակատեղը հասանելի է երկարաձգված ժամանակահատվածում: Եթե տվյալ Բնակատեղը հասանելի չէ երկարաձգված ժամանակահատվածում, և Ընկերությունն առաջարկում է այլ Բնակատեղ, ապա կատարվում է առանձին հաշվարկ. երկարաձգման Գինը հաշվարկվում է առաջարկված Բնակատեղի համար՝ երկարաձգման ժամկետի օրերով:

    - Ժամկետի կրճատում և (կամ) տեղափոխում
    Բնակատեղի Վարձակալման Ծառայության Պատվերի ժամկետը կրճատելու և (կամ) տեղափոխելու դեպքում Կանխավճարը հաշվանցվում է ի օգուտ Պատվիրատուի, եթե այդ մասին Ընկերությունը տեղեկացվել է Պատվերի մեկնարկից առնվազն 10 օր առաջ։ Հակառակ դեպքում Կանխավճարը պահվում է ի օգուտ Ընկերության և չի հաշվանցվում փոփոխված Պատվերի Գնից:

    Հյուրանոցների Ամրագրման Ծառայություն

    Հյուրանոցի ամրագրման Պատվերը առանց Կանխավճարի հաստատված համարվել չի կարող: Անհատական Պատվերների դեպքում (ոչ ավելի քան 3 սենյակի ամրագրում) Կանխավճարը կազմում է յուրաքանչյուր սենյակի 1 գիշերվա Գինը։ Վերջնավճարը պետք է կատարվի Պատվերի մեկնարկի պահին, եթե այլ պայմանավորվածություն չկա Ընկերության հետ:

    Պատվերի մեկնարկից 72 ժամ առաջ չեղարկում կամ փոփոխություններ կատարելու դեպքում վճարված գումարն ամբողջությամբ վերադարձվում է Պատվիրատուին: Ավելի ուշ չեղարկելու կամ փոփոխություններ կատարելու, ինչպես նաև չներկայանալու դեպքում՝ պահվում է յուրաքանչյուր սենյակի 1 գիշերվա Գինը, իսկ մնացածը՝ վերադարձվում է Պատվիրատուին:


    Խմբային Պատվերների համար (3-ից ավելի սենյակների ամրագրում) կամ հատուկ դեպքերում Կանխավճարի, Վերջնավճարի, չեղարկման և փոփոխություններ կատարելու պայմանները նախօրոք քննարկվում և համաձայնեցվում են Պատվիրատուի հետ՝ ելնելով կոնկրետ տվյալ Պատվերից:

    Ընկերությունն իրավունք ունի ամրագրված հյուրանոցի և (կամ) սենյակի փոխարեն Պատվիրատուին առաջարկել համարժեք կամ ավելի բարձրակարգ այլ հյուրանոց և (կամ) սենյակ՝ ելնելով ամրագրված հյուրանոցում և (կամ) սենյակում ծագած խնդիրների պատճառով դրա տրամադրման անհնարինությունից: Եթե Պատվիրատուն հրաժարվում է ընդունել այդ առաջարկը, ապա Կանխավճարը վերադարձվում է նրան՝ առանց Ընկերության կամ Պատվիրատուի համար այլ պարտավորությունների առաջացման։

    Էքսկուրսիաներ և Տրանսպորտային Ծառայություններ

    - Խմբային Էքսկուրսիաներ
    Խմբային Էքսկուրսիան մեկնարկից առնվազն 24 ժամ առաջ չեղարկելու դեպքում Պատվիրատուին վերադարձվում է վճարված ամբողջ գումարը, իսկ ավելի ուշ չեղարկելու կամ չներկայանալու դեպքում՝ որևէ գումար չի վերադարձվում, այլ հնարավոր է միայն փոխանակում:

    Փոխանակում կատարելիս վերադարձված Էքսկուրսիայի արժեքի 20%-ը պահվելու է տուգանք, իսկ մնացած գումարը կարող է օգտագործվել այլ Էքսկուրսիաներ կամ Ծառայություններ ձեռք բերելու համար` միայն փոխանակման պահին: Վերջինները չեղարկելիս` կիրառվում են այդ Ծառայությունների չեղարկման կանոնները, բացի այդ, փոխանակումը համարվում է անվավեր և օգտագործված գումարը պահվում է որպես տուգանք:

    Եղանակային անբարենպաստ պայմանների կամ անհաղթահարելի ուժի (force majeure) ի հայտ գալու դեպքում, անվտանգության նկատառումներից ելնելով, Ընկերությունն իրավունք ունի փոխել, կրճատել կամ չեղարկել Էքսկուրսիան: Ընկերության կողմից Էքսկուրսիան չեղարկելու դեպքում Պատվիրատուին վերադարձվում է գնված Էքսկուրսիայի ամբողջ արժեքը:

    Եթե վերոհիշյալ հանգամանքների բերումով Ընկերությունն այցելվող վայրերը կամ Էքսկուրսիայի շրջանակներում մատուցվող ծառայությունները փոխարինել է համարժեք վայրերով կամ ծառայություններով, ապա որևէ պարտավորություն չի կրում Պատվիրատուի առջև և որևէ գումար չի վերադարձնում։ Ոչ համարժեք փոխարինման կամ կրճատման դեպքում Ընկերությունը Պատվիրատուին է վերադարձնում գնված Էքսկուրսիայի և փաստացի իրականացված Էքսկուրսիայի արժեքների տարբերությունը։

    - Պատվերով Էքսկուրսիաներ և Տրանսպորտային Ծառայություններ
    Առանց Կանխավճարի թե′ Պատվերով Էքսկուրսիայի, թե′ Տրանսպորտային Ծառայության Պատվերը հաստատված համարվել չի կարող:

    Եթե Պատվերը մեկնարկում է Երևանից, ապա Կանխավճարը կազմում է Պատվերի Գնի 15%-ը, ընդ որում, Պատվերը չեղարկելու կամ չներկայանալու դեպքում Կանխավճարը չի վերադարձվում Պատվիրատուին:


    Եթե Պատվերը մեկնարկում է Երևանից դուրս գտնվող վայրից, ապա Կանխավճարը կազմում է Պատվերի Գնի 100%-ը, ընդ որում, մեկնարկից 24 ժամ առաջ Պատվերը չեղարկելու դեպքում Պատվիրատուին վերադարձվում է Պատվերի Գնի 85%-ը, իսկ ավելի ուշ չեղարկելու կամ չներկայանալու դեպքում՝ որևէ գումար չի վերադարձվում:

    Հատուկ դեպքերում Ընկերությունը կարող է պահանջել Կանխավճարի այլ չափ և սահմանել Պատվերը չեղարկելու այլ պայմաններ՝ նախապես դրանք համաձայնեցնելով Պատվիրատուի հետ:

    Վերջնավճարը Պատվիրատուն պետք է կատարի Ծառայության մեկնարկից ոչ ուշ, եթե այլ պայմանավորվածություն չկա Ընկերության և Պատվիրատուի միջև:

    Հաստատված Պատվերը հետաձգելու դեպքում որևէ հավելյալ գումար չի գանձվում Պատվիրատուից, եթե այդ մասին Ընկերությունը տեղեկացվել է Պատվերի իրականացումից առնվազն 24 ժամ առաջ, իսկ ավելի ուշ տեղեկացվելու դեպքում՝ գանձվում է Պատվերի Գնի 10%-ի չափով տուգանք։

    Հաստատված Պատվերի մեջ ոչ էական (մինչև 10%) կրճատումների դեպքում վերահաշվարկ չի կատարվում, և որևէ գումար չի վերադարձվում Պատվիրատուին, իսկ էական կրճատում (ավելի քան 10%) կատարելու դեպքում Պատվիրատուին է վերադարձվում կրճատված մասի արժեքի 85%-ը, ընդ որում, երբեմն վերադարձվող գումարը կարող է չներառել երրորդ անձանց միջոցով մատուցվող ծառայությունների արժեքը (օրինակ՝ սնունդ, մուտքի տոմսեր, միջոցառումներ, ցուցադրություններ և այլն), եթե դրանք կրճատելու բավարար ժամանակ կամ հնարավորություն չի եղել, և (կամ) պայմանավորված է եղել երրորդ անձանց ծառայությունների մատուցման պայմաններով և կանոններով:

    Եղանակային անբարենպաստ պայմանների կամ անհաղթահարելի ուժի (force majeure) ի հայտ գալու դեպքում, անվտանգության նկատառումներից ելնելով, Ընկերությունն իրավունք ունի փոխել, կրճատել կամ չեղարկել հաստատված Պատվերը: Ընկերության կողմից Պատվերը չեղարկելու դեպքում Պատվիրատուին վերադարձվում է վճարված ամբողջ գումարը:

    Եթե վերոհիշյալ հանգամանքների բերումով Ընկերությունն այցելվող վայրերը կամ Պատվերի շրջանակներում մատուցվող ծառայությունները փոխարինել է համարժեք վայրերով կամ ծառայություններով, ապա Ընկերությունը որևէ պարտավորություն չի կրում Պատվիրատուի առջև և որևէ գումար չի վերադարձնում։ Ոչ համարժեք փոխարինման կամ կրճատման դեպքում Ընկերությունը Պատվիրատուին է վերադարձնում հաստատված Պատվերի և փաստացի իրականացված Պատվերի արժեքների տարբերությունը։

    Տուր Փաթեթներ

    Տուր Փաթեթների Ծառայության Պատվերի Կանխավճարը կազմում է Գնի 50%-ը: Առանց Կանխավճարի Պատվերը հաստատված համարվել չի կարող: Տուր Փաթեթի Վերջնավճարը կատարվում է Պատվերի մեկնարկի օրը:

    Տուր Փաթեթների Ծառայությունների շրջանակներում չեղարկումները և փոփոխությունները Հյուրանոցների Ամրագրման Ծառայությունների մասով կարգավորվում են սույն Բաժնի «Հյուրանոցների Ամրագրման Ծառայություն» ենթաբաժնում շարադրված պայմաններով և կանոններով, իսկ Տուր Փաթեթներում ներառված Էքսկուրսիաների, Տրանսֆերների և Սննդի Մատուցման Ամրագրման Ծառայությունների մասերով՝ համապատասխանաբար սույն Բաժնի «Խմբային Էքսկուրսիաներ» և (կամ) «Պատվերով Էքսկուրսիաներ և Տրանսպորտային Ծառայություններ» և «Սննդի Մատուցման Ամրագրման Ծառայություններ» ենթաբաժիններում շարադրված պայմաններով և կանոններով:

    Հատուկ դեպքերում Տուր Փաթեթների Կանխավճարների, Վերջնավճարների, չեղարկումների և փոփոխությունների պայմանները և կարգը Ընկերության և Պատվիրատուի կողմից քննարկվում և համաձայնեցվում են նախօրոք՝ ելնելով տվյալ Պատվերից:

    Գործնական Միջոցառումների Կազմակերպում

    Գործնական Միջոցառումների Կազմակերպման Ծառայությունների Պատվերը առանց Կանխավճարի հաստատված համարվել չի կարող:

    Դահլիճների Ամրագրման Կանխավճարի և Վերջնավճարի չափերը, չեղարկման և փոփոխություններ կատարելու պայմանները քննարկվում և հաստատվում են Պատվիրատուի հետ տվյալ Պատվերի շրջանակներում:

    Սարքավորումների և Պարագաների տրամադրման, ինչպես նաև Օժանդակող Անձնակազմի Ծառայությունների (բացառությամբ գրավոր թարգմանության) Կանխավճարը կազմում է Պատվերի Գնի 30%-ը, ընդ որում Պատվերի մեկնարկից 72 ժամ առաջ չեղարկում կամ փոփոխություններ կատարելու դեպքում Կանխավճարը վերադարձվում է Պատվիրատուին, իսկ ավելի ուշ չեղարկելու կամ փոփոխություններ կատարելու, ինչպես նաև չներկայանալու դեպքում՝ Կանխավճարը չի վերադարձվում:

    Տպագրության, ինչպես նաև գրավոր թարգմանության Ծառայությունների դեպքում Կանխավճարը կազմում է Պատվերի Գնի 100%-ը, որը չեղարկելու, փոփոխություններ կատարելու կամ չներկայանալու դեպքում չի վերադարձվում Պատվիրատուին և չի հաշվանցվում փոփոխված Պատվերի Գնից՝ անկախ չեղարկման ժամկետներից և հանգամանքներից։

    Հատուկ դեպքերում Ընկերությունն իրավունք ունի Պատվիրատուի հետ քննարկել և համաձայնեցնել Աջակցող Ծառայությունների չեղարկման կամ փոփոխությունների այլ պայմաններ՝ ելնելով կոնկրետ տվյալ Պատվերից:

    Գործնական Միջոցառումների Կազմակերպման Ծառայությունների Վերջնավճարը Պատվիրատուն պետք է կատարի Ծառայության մեկնարկի օրը, եթե այլ պայմանավորվածություն չկա Ընկերության և Պատվիրատուի միջև:

    Ընկերությունն իրավունք ունի հաստատման մեջ ամրագրված դահլիճի և (կամ) Աջակցող Ծառայության փոխարեն Պատվիրատուին առաջարկել համարժեք կամ ավելի բարձրակարգ դահլիճ և (կամ) ծառայություն՝ ելնելով ամրագրված դահլիճում և (կամ) ծառայության համար ծագած խնդիրների պատճառով դրա տրամադրման անհնարինությունից: Եթե Պատվիրատուն հրաժարվում է ընդունել այդ առաջարկը, ապա Կանխավճարը վերադարձվում է նրան՝ առանց Ընկերության կամ Պատվիրատուի համար այլ պարտավորությունների առաջացման։

    Սննդի Ամրագրման Ծառայություն

    Սննդի Ամրագրման Պատվերը առանց Կանխավճարի հաստատված համարվել չի կարող: Կանխավճարը կազմում է Պատվերի Գնի 100%-ը:

    Պատվերի մեկնարկից 24 ժամ առաջ չեղարկում կամ փոփոխություններ կատարելու դեպքում Կանխավճարի 85%-ը վերադարձվում է Պատվիրատուին, իսկ ավելի ուշ չեղարկելու, փոփոխություններ կատարելու կամ չներկայանալու դեպքում՝ Պատվիրատուին է վերադարձվում Կանխավճարի 15%-ը:

    Հատուկ դեպքերում Կանխավճարի, Վերջնավճարի, չեղարկման և ժամկետի փոփոխություններ կատարելու պայմանները նախօրոք քննարկվում և համաձայնեցվում են Պատվիրատուի հետ՝ ելնելով կոնկրետ տվյալ Պատվերից:

    Ընկերությունն իրավունք ունի Սննդի Ամրագրված Ծառայության փոխարեն Պատվիրատուին առաջարկել համարժեք կամ ավելի բարձրակարգ այլ Սննդի Ամրագրման Ծառայություն՝ ելնելով ամրագրված Ծառայության հետ ծագած խնդիրների պատճառով դրա տրամադրման անհնարինությունից: Եթե Պատվիրատուն հրաժարվում է ընդունել այդ առաջարկը, ապա Կանխավճարը վերադարձվում է նրան՝ առանց Ընկերության կամ Պատվիրատուի համար այլ պարտավորությունների առաջացման։
Տարածել՝