Ստեփանավանի Դենդրոպարկը եզակի է ողջ Հարավային Կովկասում: Այն վայր է, որտեղ բնական անտառը վերածվել է կենդանի բուսաբանական հրաշքի։ Այստեղ աշխարհի տարբեր ծայրերից բերված էկզոտիկ և հազվագյուտ ծառատեսակները համախմբված են տեղական անտառային բուսաշխարհի հետ՝ ստեղծելով նմանը չունեցող բնապատկեր։ Այսօր պարկում աճում է շուրջ 500 տեսակ բույս, այդ թվում՝ հսկայական կալիֆոռնիական սեքվոյաներ և բացառիկ եղևնիներ։
Այգու արահետներով քայլելիս անմիջապես զգացվում է օդի յուրահատուկ բույրը՝ հագեցած փշատերևների եթերայուղերով, որոնք հատկապես օգտակար են շնչառական խնդիրներ ունեցող մարդկանց համար։ Դենդրոպարկը դարձել է ոչ միայն գիտության և բնապահպանության կենտրոն, այլև մի հանգրվան, որտեղ մարդը կրկին միանում է բնությանը։ Հին ծառերի ստվերը, տերևների մեղմ շրշյունը և թռչունների բազմաձայն երգը յուրաքանչյուր այց դարձնում է ուղևորություն դեպի հանգստություն ու ներդաշնակություն։
Այգու սիրելի խորհրդանիշներից մեկն է փայտե կամուրջը, որի հետ կապված է մի հիանալի ավանդույթ: Մասնավորապես, ասում են երբ առաջին անգամ անցնում ես պետք է ցանկություն պահել՝ և այն անպայման կիրականանա։ Այս խորհրդանշական արարողությունը զբոսանքին կախարդանք է հաղորդում՝ դարձնելով այն փոքրիկ հրաշք։ Ստեփանավանի Դենդրոպարկը ավելին է, քան բուսատեսակների հարուստ հավաքածու: Այն բնության սրբավայր է, որտեղ բնությունը միաժամանակ և՛ բուժող է, և՛ գաղտնիքների պահապան։