Սմբատաբերդը Հայաստանի ամենահին և կարևորագույն բերդերից մեկն է, որի պատմությունը սկիզբ է առնում դեռևս 5-րդ դարից։ 9-10-րդ դարերում այն նշանակալիորեն ամրապնդվել է և դարձել հզոր պաշտպանական կառույց, որն իր ռազմավարական դիրքի շնորհիվ վերահսկում էր Վայոց ձորի կարևոր տարածքները։ Բերդը բարձրանում է Արտաբույնք գյուղի արևելյան մասում և մինչ օրս զարմացնում է իր չափերով։
Սմբատաբերդի անվանումը պատված է լեգենդներով. ըստ մի վարկածի՝ այն կապված է Սյունիքի իշխան Սմբատ Օրբելյանի անվան հետ, ով համարվում է բերդի հիմնադիրը, իսկ մյուս վարկածով՝ այն կապվում է Սմբատ Ա Բագրատունի թագավորի հետ։ Պատմիչ Ստեփանոս Օրբելյանը հիշատակում է նաև Կապույտ բերդը, որը համարվում էր տարածաշրջանի ամենաազդեցիկ ամրոցներից մեկը, և շատ գիտնականներ այն նույնացնում են հենց Սմբատաբերդի հետ։
Մինչ այսօր պահպանվել են ամրոցի ավերակները, բնակելի շինությունների մնացորդները և անգամ ջրամբարները, որոնք պաշարումների ժամանակ ապահովում էին պաշտպաններին ջրով: Ամեն քարի մեջ պահպանված են դարերի ընթացքում այստեղ մղված մարտերի ու բուռն կյանքի շունչը։
2006-2007 թվականներին իրականացվել է բերդի այնածավալ վերականգնում, որը հնարավորություն տվեց պահպանել հուշարձանը ապագա սերունդների համար։ Այսօր Սմբատաբերդը ներկայանում է ոչ միայն որպես պատմական տեսարժան վայր, այլև որպես վայր, որտեղ առասպելներն ու իրականությունը միահյուսվում են հայկական անցյալի կենդանի վկայության մեջ։