Խոր Վիրապ, Նորավանք, Քարահունջ, Որոտնավանք, Գորիս (գիշերակաց), Խնձորեսկի քարանձավեր, Սատանի կամուրջ, Տաթև, Տաթևեր ճոպանուղի, Շաքիի ջրվեժ, Հին Արենի գինու գործարան, Երևան

Խոր Վիրապի վանք, Նորավանք, Քարահունջ (Զորաց քարեր) աստղադիտարան, Որոտնավանք, Գորիս

1. Խոր Վիրապի վանք
Դիտել էջը
Խոր Վիրապի վանք
Խոր Վիրապը գտնվում է Արարատի մարզում: Այն Հայաստանում ամենահայտնի սրբավայրն է, քանի որ ուղղակիորեն կապված է քրիստոնեության տարածման պատմության հետ: Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակվել է 301թ.-ին` Գրիգոր Լուսավորչի ջանքերի շնորհիվ: Մինչ Տրդատ Երրորդ թագավորին հավատափոխ անելը` Լուսավորիչը բանտարկված է եղել ներկայիս Խոր Վիրապ վանքային համալիրի տարածքում գտնվող զնդանում: 17-րդ դարում կառուցված վանքային համալիրից բացվում է աննկարագրելի մի տեսարան դեպի Բիբլիական Արարատ լեռը:
2. Նորավանք
Դիտել էջը
Նորավանք
Հարյուրավոր քարանձավներով պատված ժայռերի կիրճը տանում է դեպի մի տեսարան, ուր ներկայացված է ճարտարապետության ու բնության ներդաշնակությունը: Հրաշալի ճարտարապետական լուծումներով ու շքեղ զարդաքանդակներով օծված Նորավանքը 13-րդ դարի հայ ճարտարապետության փայլուն օրինակներից է: Այն բաղկացած է Սբ. Կարապետ, Սբ. Լուսավորիչ եկեղեցիներից և իր ձևի կատարելությամբ աչքի ընկնող Սբ. Աստվածածին երկհարկ եկեղեցուց:
3. Քարահունջ (Զորաց քարեր) աստղադիտարան
Դիտել էջը
Քարահունջ (Զորաց քարեր) աստղադիտարան
Գիտական հետազոտություններն ապացուցել են, որ Քարահունջը (Զորաց Քարեր) հանդիսանում է աշխարհի ամենահին աստղադիտարաններից մեկը՝ թվագրվելով մ.թ.ա. 6-5-րդ հազարամյակներով: Զարմանալիորեն ճշգրիտ դասավորված հսկայական քարերից շատերն ունեն անցքեր, որոնք օգտագործվել են աստղային դիտարկումների համար: Քարահունջից ոչ շատ հեռու հայտնաբերված ժայռապատկերներն ապացուցում են, որ նախնադարյան մարդը Հայաստանում քաջատեղյակ էր աստղագիտությունից:
4. Որոտնավանք
Դիտել էջը
Որոտնավանք
Որոտնավանքը միջնադարյան վանական համալիր է, գտնվում է Սյունիքի մարզում` Որոտան գետի կիրճի եզրին։ Վանքը հիմնադրվել է 1000 թ.-ին Սյունաց թագուհի Շահանդուխտի կողմից։ Բաղկացած է Սբ. Գրիգոր, Սբ. Ստեփանոս, Սբ. Կարապետ եկեղեցիներից, գավթից, սյունասրահներից, հյուրատնից, օժանդակ շինություններից, պարսպից, ինչպես նաև գերեզմանատնից: Համաձայն պատմիչ Ստեփանոս Օրբելյանի` Որոտնավանքի Սբ. Գրիգոր միանավ եկեղեցին (այժմ` ավերակ) հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը, իսկ վերակառուցել` Հայր Ստեփանոս ճգնավորը: Վաղ միջնադարում եկեղեցին հայտնի է եղել օձի խայթոցը բուժելու իր զորությամբ և դարձել նշանավոր ուխտատեղի:
5. Գորիս
Դիտել էջը
Գորիս
Սյունիքի մարզի գլխավոր քաղաքներից մեկը Գորիսն է: Այս այգի-քաղաքը, չնայած տեղանքի խիստ թեքվածությանը և ձորակներով կտրտված լինելուն, ունի շատ օրինակելի հատակագիծ: Քաղաքը շրջապատված է կանաչապատ ու անտառածածկ լեռներով, որոնց կողքին դեպի երկինք են խոյանում յուրօրինակ բրգաձև ժայռերը: Շնորհիվ իր բնության յուրահատկության` Գորիսը համարվում է «Զանգեզուրի գեղեցկուհին»:

Խնձորեսկի քարանձավեր, Սատանի կամուրջ, Տաթևի վանք, Տաթևեր ճոպանուղի, Շաքիի ջրվեժ, Հին Արենի գինու գործարան, Երևան

1. Խնձորեսկի քարանձավեր
Դիտել էջը
Խնձորեսկի քարանձավեր
Խնձորեսկը գտնվում է Գորիս քաղաքից 8 կմ հեռավորության վրա: Գյուղը հայտնի է իր բնական քարե գորգերով: Հին Խնձորեսկը տարածված է լեռնահովտի երկու լանջերին, որոնց վրա բնակավայրերի կառուցման համար հարթ տարածություններ չեն եղել, այդ պատճառով էլ մարդիկ օգտագործել են քարանձավները: Սյունիքի ազգային ազատագրական շարժման ժամանակ (1722-1730թթ.), իր աշխարհագրական անառիկ դիրքի շնորհիվ, Խնձորեսկը Սյունիքի համար ծառայել է որպես միջնաբերդ: Խնձորեսկում է թաղված հայոց սպարապետ Մխիթարը, վերջինիս կողքին՝ որդին՝ Ահարոնը, և Սյունաց մեծ տիկինը՝ Գոհարը:
Վերջերս Խնձորեսկում բացվել է մի եզակի կառույց՝ ճոճվող կամուրջ, որի երկարությունը 160 մ է, բարձրությունը ձորի ամենախոր կետից՝ 63 մ, լայնությունը՝ 1.5 մ: 14 տ քաշ ունեցող այս կամրջով միաժամանակ կարող են անցնել 700 մարդ: Կամուրջը կապում է հին Խնձորեսկի երկու ափերը, որտեղից հրաշալի տեսարան է բացվում:
2. Սատանի կամուրջ
Դիտել էջը
Սատանի կամուրջ
Սատանի կամուրջը տրավերտիններից գոյացած բնական կամուրջ է, որը գտնվում է Սյունիքի մարզում` Որոտան գետի վրա: Երկարությունը ~30 մ է, լայնությունը՝ 50-60 մ: Կամրջի շրջակայքում կան բազմաթիվ լեռնային աղբյուրներ, որոնց ջրերը գունավորել են ձորի պատերը վարդագույն, դեղին և կանաչ գույներով: Սատանի կամրջի վրայով է անցնում Գորիս-Տաթև ավտոճանապարհը: «Սատանի կամուրջ» անվան հետ կապված կան տարբեր վարկածներ: Այսպես, օրինակ, կա վարկած, որ ավելի քիչ ջուր է մտնում կամրջի տակ, քան դուրս է գալիս: Դա պայմանավորված է նրանով, որ վերևից հանքային ջրեր են կաթկթում:
3. Տաթևի վանք
Դիտել էջը
Տաթևի վանք
Զանգեզուրի ճարտարապետական կոթողների մեջ Տաթևի վանքը չունի իր համազորը: Սա միջնադարյան Հայաստանի ամենահարուստ վանքային համալիրն է եղել: Բացի հոգևոր կենտրոն լինելուց, Տաթևը նաև Սյունյաց թագավորության քաղաքական կարևոր հենակետն էր: Վանքի ռազմավարական ձեռնտու դիրքը և անառիկությունը նպաստավոր պայմաններ են ստեղծել այստեղ պաշտպանական ամուր կառույցներ ստեղծելու համար: Քաղաքական ոչ բարենպաստ պայմաններում արտաքին աշխարհի հետ կապի միջոց էին ծառայում վանական համալիրի տարածքում եղած բազմաթիվ գաղտնուղիները:
4. Տաթևեր ճոպանուղի
Դիտել էջը
Տաթևեր ճոպանուղի
2010թ.-ի հոկտեմբերի 16-ին Տաթևի վանքի զանգերը բարձր էին ղողանջում` ազդարարելով Տաթևի միջնադարյան վանական համալիրը վերականգնելու ծրագրի մեկնարկն ու «Տաթևի թևեր» կոչվող ճոպանուղու բացումը: Ճոպանուղին (5.7 կմ) կառուցվել է 11 ամիսների ընթացքում: Այն անցնում է Որոտան գետի կիրճի և փարթամ անտառներով ծածկված բլուրների միջով, հիմնված է 2 տերմինալների միջև տեղակայված 3 աշտարակների վրա: Տերմինալներից մեկը գտնվում է Հալիձոր գյուղին նայող բլրի վրա, իսկ մյուսը` Տաթևի վանքի մոտ` դեպի համանուն գյուղը տանող ճանապարհին:
Միաժամանակ 2 խցիկներ են գործում` շարժվելով հակառակ ուղղություններով: Ճոպանուղին ընդամենը 6 մալուխ ունի (երեքական՝ յուրաքանչյուր խցիկի համար), ինչը համապատասխանում է նախագծի տեխնիկական մասնագրերին (կամ առանձնահատկություններին): Կպահանջվի ~11 րոպե, որպեսզի ճոպանուղին միաժամանակ 30 ուղևոր տեղափոխի Հալիձոր գյուղից դեպի հոյակերտ Տաթևի վանքը:
5. Շաքիի ջրվեժ
Դիտել էջը
Շաքիի ջրվեժ
Հայաստանի հարավում` Սիսիանից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա է գտնվում Շաքիի ջրվեժը: Սյունիքի գողտրիկ անկյուններից մեկում պարփակված այս ջրվեժն ականատեսներին ներկայանում է իր աննկարագրելի գեղեցկությամբ: Այստեղ օդը լցված է ջրի մեղրածոր երաժշտությամբ, որը, միանալով լեռնային բնության համայնապատկերին, վերածվում է բնական կտավի:
6. Հին Արենի գինու գործարան
Դիտել էջը
Հին Արենի գինու գործարան
Վայոց Ձորը և, մասնավորապես Արենի գյուղը, հազարամյակներ շարունակ եղել է հայկական գինեգործության օրրանը: «Հին Արենի» գինու գործարանում վարպետորեն ցուցադրվում են հայկական խաղողի պատմական և տեղական տեսակները: Գինեգործության պատմական ավանդույթներն այստեղ յուրովի համադրված են ժամանակակից սարքավորումների հետ: «Հին Արենի» գինու գործարանը հնարավորություն ունի մշակելու 250 տոննայից ավել խաղող:
7. Երևան
Դիտել էջը
Երևան
Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է, քաղաք, որ 29 տարով մեծ է Հռոմից: Թվագրվում է մ.թ.ա. 782թ.-ով, հիմնադրվել է հինավուրց Էրեբունի ամրոցի տեղում՝ կառուցված Արգիշտի Առաջինի կողմից: Երևանը հաճախ կոչում են «վարդագույն քաղաք», քանի որ այստեղ շատ շենքեր կառուցված են վարդագույն տուֆից: Մայրաքաղաքը տուրիստական հայտնի ուղղություններից մեկն է՝ շնորհիվ բազմաթիվ տեսարժան վայրերի, ակտիվ գիշերային կյանքի, հրաշալի թանգարանների, ինչպես նաև գեղեցիկ զբոսայգիների:

Ներառված է

  • Փորձառու վարորդներ
  • Օդորակիչով մեքենաներ
  • Շշալցված ջուր
  • Մեկնարկը (ավարտը) Երևանում ցանկացած վայրից
  • Տրանսպորտային միջոցի և ուղևորների ապահովագրություն
  • Լրացուցիչ կանգառներ երթուղում
  • Վարորդի/էքսկուրսավարի գիշերակացը և սնունդը

Ներառված չէ

  • Գիշերակաց հյուրանոցում
  • Զգալի շեղումներ երթուղուց
  • Ալկոհոլային խմիչքներ՝ ճաշով տարբերակն ընտրելու դեպքում
  • Աուդիոգիդեր
  • WiFi տրանսպորտում
  • Հիացեք դեպի Բիբլիական Արարատ լեռը բացվող դյութիչ տեսարանով
  • Տեսեք յուրահատուկ երկհարկանի վանք
  • Բացահայտեք աշխարհի հնագույն աստղադիտարաններից մեկի գաղտնիքները
  • Ուսումնասիրեք հայտնի ճոճվող կամուրջը՝ անտառների և առեղծվածային քարանձավների խաչմերուկում
  • Զգացեք կիրճերի յուրատեսակ մթնոլորտը
  • Նստեք Գինեսի ռեկորդների գրքում գրանցված աշխարհի ամենաերկար ճոպանուղին
  • Վայելեք բնության ոգեշնչող մեղեդին
  • Համտեսեք հայկական անկրկնելի գինին

*հարկ կլինի 365 աստիճան ոտքով իջնել՝ Խնձորեսկ հասնելու համար