Հայաստանի մասին
-
Պետական խորհրդանիշեր
Դրոշ Զինանշան Օրհներգ -
Աշխարհագրական տեղեկություններՀայաստանը գտնվում է Հարավային Կովկասում. հյուսիսից սահմանակից է Վրաստանին, հարավից՝ Իրանին, հյուսիս-արևելքից և հարավ-արևմուտքից՝ Ադրբեջանին, արևմուտքից՝ Թուրքիային:
Հայաստանի Հանրապետության տարածքը կազմում է 29 800 քառ. կմ, գտնվում է ծովի մակարդակից միջինը 1800 մ բարձրության վրա: Ամենաբարձր կետն Արագած լեռն է (4090 մ), իսկ ամենացածրը՝ Դեբեդ գետի կիրճը (400 մ):
Մայրաքաղաքը Երևանն է:
Ըստ 2019թ.-ի անցկացրած մարդահամարի տվյալների՝ բնակչության թիվը կազմում է 3 միլիոն, որից 1.1 միլիոնը ապրում է Երևանում: -
Կառավարում
- Նախագահը: Հանրապետության Նախագահը պետության գլուխն է: Նախագահն ընտրվում է յոթամյա ժամկետով և չի կարող վերընտրվել։ Նա իրականացնում է ներկայացուցչական գործառույթներ։ 2022թ.-ի մարտի 13-ին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից նախագահ է ընտրվել Վահագն Խաչատուրյանը:
- Օրենսդիր իշխանությունը: Հայաստանում բարձրագույն օրենսդիր մարմինը միապալատ Ազգային Ժողովն է: Ազգային Ժողովն ընտրվում է համաժողովրդական ընտրությունների միջոցով՝ 5 տարի ժամկետով:
- Գործադիր իշխանությունը: Հանրապետության Վարչապետը հանդիսանում է կառավարության գլուխը և ավագ նախարարը։ Վարչապետը նշանակվում է Հայաստանի նախագահի կողմից՝ Ազգային Ժողովի քվեարկության հիման վրա։ 2018թ.-ի մայիսի 8-ից ՀՀ գործող վարչապետն է Նիկոլ Փաշինյանը։
-
ԿրոնՀայաստանում պետական կրոնը քրիստոնեությունն է, որն ընդունվել է 301թ.-ին: Քրիստոնեությունն այստեղ ունի բավականին խոր ու ամուր արմատներ: Հայաստանում բնակվող հայերի գերիշխող մեծամասնությունը պատկանում է Հայ Առաքելական Եկեղեցուն: Եկեղեցու գլուխ կանգնած է Ամենայն Հայոց Կաթողիկոսը, որի նստավայրը գտնվում է Էջմիածնում:
-
ԼեզուՊետական լեզուն հայերենն է, որը հանդիսանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղ: Հայերենի այբուբենն արմատապես տարբերվում է մյուս լեզուների այբուբեններից: Պետական շենքերն ու հասարակական վայրերը հիմնականում ունեն նաև լատինատառ ցուցատախտակներ: Հայերենից բացի լայն կիրառություն ունեն նաև ռուսերենն ու անգլերենը:
-
ԴրամՀայկական դրամական միավորը կոչվում է «դրամ» (կոդը՝ AMD): Այն շրջանառության մեջ է դրվել 1993թ.-ից: Կան 1 000, 2 000, 5 000, 10 000, 20 000, 50 000, 100 000 արժեքների թղթադրամներ, ինչպես նաև 10, 20, 50, 100, 200, 500 արժողությամբ մետաղադրամներ: Տարադրամ կարելի է փոխանակել քաղաքում գտնվող բոլոր բանկերում և փոխանակման կետերում:
Տարադրամների այսօրվա մոտավոր փոխարժեքները՝6.79 AMD 402.93 AMD 417.78 AMD
Բոլոր տարադրամների ճշգրիտ փոխարժեքներին կարող եք ծանոթանալ՝ այցելելով ՀՀ Կենտրոնական Բանկի պաշտոնական կայք: -
ԲանկերՀայաստանի բանկային համակարգը ձևավորված է 17 առևտրային բանկերով, որոնց գործունեությունը վերահսկում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը: Երևանում բանկերն աշխատանքային օրերին բաց են հիմնականում ժամը 10:00-ից մինչև 16:00-ն, որոշ բանկեր աշխատում են նաև շաբաթ օրերին: Ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել ՀՀ Կենտրոնական Բանկի պաշտոնական կայք: Կանխիկացման կետեր (բանկոմատներ) կան Երևանի բոլոր կենտրոնական փողոցներում:
-
ԹռիչքներՀայաստանն ունի երկու հիմնական օդանավակայան՝ գլխավորը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանն է, որը գտնվում է Երևանի կենտրոնից ~12 կմ հեռավորության վրա, իսկ երկրորդը՝ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանն է: Աշխարհի ավելի քան 50 քաղաքներից իրականացվում են թռիչքներ դեպի Երևան և հակառակը, այդ թվում՝ Մոսկվա, Նովոսիբիրսկ, Սանկտ-Պետերբուրգ, Փարիզ, Վիեննա, Պրահա, Հռոմ, Միլան, Լոնդոն, Բեռլին, Վարշավա, Կիև, Աթենք, Բեյրութ, Թեհրան, Դուբայ, Շարժա, Դոխա և այլն:
-
ԿլիմաՀայաստանյան կլիման չոր արևադարձային է: Տարվա մեջ գերիշխում են հիմնականում արևաշատ օրերը (ավելի քան 300 օր՝ 1 տարվա ընթացքում): Այստեղ շոգ ամառներ են, ջերմաստիճանը տատանվում է +22C-ից +36C-ի միջև: Ձմեռները հիմնականում ցուրտ են՝ միջինը -15C-ից մինչև -1C: Բարձր լեռների գագաթները պատված են հավերժական ձնաշերտով, մինչդեռ դրանց ստորոտներին ծավալվում են ալպյան մարգագետինները:
Բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են լեռնադահուկային սպորտով և այլ ձմեռային մարզաձևերով, Հայաստանը ճիշտ ընտրություն է: Հայաստան այցելելու լավագույն սեզոնը համարվում է գարունը կամ աշունը, քանի որ այդ ժամանակ եղանակը մեղմ է, իսկ բնությունը՝ ոգեշնչող: Մինչդեռ, այն մարդկանց համար, որոնք գերադասում են արևը և տաք եղանակը, Հայաստանը կատարյալ է ամռան ընթացքում:
Ամենօրյա եղանակային կանխատեսումներին կարելի է ծանոթանալ հետևյալ ինտերնետային կայքում: -
Ժամային գոտիԳրինվիչի ժամանակ՝ +4 ժամ (GMT+4): 2012թ.-ից Հայաստանում ամառային և ձմեռային ժամանակների անցում չի կատարվում:
-
ՎիզաՀայաստան մուտքի իրավունք (վիզա) տրամադրում է տվյալ երկրում (կամ նրան մոտ) գտնվող Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունը: Վիզայի կարիք չունեն ԱՊՀ երկրների, ԵՄ պետությունների, ինչպես նաև Շենգենյան դրույթները կիրառող պետությունների քաղաքացիները: Մի շարք երկրների քաղաքացիներ վիզա կարող են ստանալ Հայաստան ժամանելուց անմիջապես հետո՝ սահմանային անցակետերում: Սովորաբար այդ գործընթացը տևում է ~20-25 րոպե:
Այն պետությունների քաղաքացիները, որոնց համար սահմանված է ՀՀ ժամանելու առանց մուտքի վիզայի ռեժիմ, ՀՀ տարածքում կարող են մնալ առավելագույնը 180 օր ժամկետով՝ մեկ տարվա ընթացքում, եթե ՀՀ միջազգային պայմանագրերով այլ ժամկետ սահմանված չէ:
Վիզայի ժամկետը լրանալիս անհրաժեշտ է երկարաձգել այն Անձնագրային և վիզաների վարչությունում (Երևան, Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 շենք): Ժամկետանց վիզայի դեպքում քաղաքացին ենթարկվում է տույժի:
Վիզա կարելի է ստանալ նաև նախքան ժամանումը՝ (էլեկտրոնային տարբերակով) դիմելով ՀՀ Արտաքին Գործերի Նախարարություն:
Վիզաների տրամադրման վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ՀՀ Արտաքին Գործերի Նախարարության ինտերնետային կայքում: -
Դեսպանություններ և հյուպատոսություններՀայաստանում դեսպանությունների և հյուպատոսությունների ցանկը ներկայացված է ՀՀ Արտաքին Գործերի Նախարարության պաշտոնական կայքում:
-
ՏրանսպորտԳործում են տրանսպորտի հետևյալ տեսակները.
- Մետրո: Երևանյան մետրոն ունի քաղաքի հյուսիսից-հարավ ձգվող մի երթուղի՝ 10 կայարաններով: Երթևեկության վարձը 100 AMD է:
- Ավտոբուս: Ավտոբուսները երթևեկում են գլխավոր ուղղություններով, վարձը՝ 100 AMD:
- Միկրոավտոբուս: 12-15 տեղանոց միկրոավտոբուսները երթևեկում են գրեթե բոլոր ուղղություններով, վարձը 100 AMD է:
- Տաքսի: Կան տաքսի ծառայության շատ գրասենյակներ, որոնք պատվերն ընդունում են հեռախոսով՝ առաջարկելով հարմարավետ ավտոմեքենաներ: Գինը 1 կմ-ի դիմաց 100 AMD է (նվազագույն ուղեվարձը՝ 600 AMD): Փողոցների խաչմերուկներում և մարդաշատ վայրերում նույնպես կարելի է գտնել տաքսիներ: Բացի այդ, կան հատուկ բջջային հավելվածներ, օրինակ «GG տաքսի», «Յանդեքս տաքսի», «Յու տաքսի» և այլն (հասանելի Android-ի և iOS-ի համար), որոնց միջոցով հնարավոր է տաքսի պատվիրել:
-
ԷլեկտրականությունԿենցաղում օգտագործվող էլեկտրականությունը 220 Վ, 50 Հց է, ինչպես գրեթե ողջ Եվրոպայում: Վարդակների ստանդարտը՝ CEE՝ հիմնականում առանց հողանցման: Տարբեր երկրների ստանդարտների փոխարկիչներ կարելի է գնել Երևանի գրեթե բոլոր խանութներում, որտեղ վաճառվում են կենցաղային սարքավորումներ և էլեկտրոնիկա:
-
ՀեռահաղորդակցությունՀայաստանի կոդը 374 է, իսկ Երևանինը՝ 10, 11, 12, 60:
Հայաստանից արտերկիր կարելի է զանգահարել՝ հավաքելով 00, երկրի կոդը, քաղաքի կոդը և հեռախոսահամարը:
Հայաստանի գրեթե ողջ տարածքում գործում են 3 բջջային օպերատորներ՝ «Բիլայն», «Վիվա Սելլ», «Յուքոմ», որոնց քարտերը կարելի է ձեռք բերել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից, այդ օպերատորների գրասենյակներից կամ մեծ խանութներից՝ ներկայացնելով անձնագրի պատճենը: Քարտերը ապահովում են 3G/4G կապ և գերարագ ինտերնետ: Բջջային հեռախոսից Երևանի քաղաքային ցանցի հեռախոսահամարներին զանգահարելիս պետք է հավաքել 0, քաղաքի կոդը, այնուհետև հեռախոսահամարը: -
Կարևորագույն հեռախոսահամարներ
- Հրշեջ ծառայություն – 101
- Ոստիկանություն – 102
- Շտապ բժշկական օգնություն – 103
- Գազի վթարային ծառայություն – 104
- Արտակարգ իրավիճակների արագ արձագանքման ծառայություն – 911, 101
- Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ – 108
- ՀՀ Օմբուդսմեն (մարդու իրավունքների պաշտպան) թեժ գիծ – 116
-
ՓոստատներՀայաստանում փոստատներն աշխատում են ամեն օր՝ ժամը 09:00-ից մինչև 19:00-ն, բացի կիրակի օրերից: Գլխավոր փոստատներից մեկը գտնվում է Հանրապետության Հրապարակում՝ Կառավարության շենքի դիմաց:
-
ԹեյավճարՀյուրանոցային ծառայությունը, ռեստորաններում տրվող հաշիվները, տաքսիների ուղեվարձերը, էքսկուրսավարի, վարորդի ծառայությունները և այլն Հայաստանում սովորաբար ներառում են սպասարկումը և հարկերը: Թեյավճարները պարտադիր բնույթ չեն կրում, սակայն հաճախ տրվում են՝ մատուցված որակյալ ծառայության համար գոհունակություն արտահայտելու նպատակով:
-
Տոներ և ոչ աշխատանքային օրերՀայաստանում տոնվում են թե աշխարհիկ, և թե եկեղեցական տոներ: Խանութներն ու ռեստորանները հիմնականում աշխատում են նաև տոն օրերին:
Ոչ աշխատանքային են հետևյալ տոնական օրերը.
- Ծննդյան տոներ և Ամանոր՝ (դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 6-ը),
- Բանակի օր՝ հունվարի 28,
- Կանանց միջազգային տոն՝ մարտի 8,
- Աշխատանքի օր՝ մայիսի 1,
- Հաղթանակի և խաղաղության տոն՝ մայիսի 9,
- Հանրապետության տոն՝ մայիսի 28,
- Սահմանադրության օր՝ հուլիսի 5,
- Անկախության տոն՝ սեպտեմբերի 21:
- Ոչ աշխատանքային է նաև ապրիլի 24-ը՝ Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրը:
-
ՓառատոններԱմեն տարի Հայաստանում անցկացվում են տարատեսակ փառատոններ՝ նվիրված ազգային խորհրդանիշներին, արտադրատեսակներին, ինչպես նաև մթերքին: Փառատոններին մասնակցելը հիանալի հնարավորություն է ծանոթանալու հետաքրքիր ավանդույթներին, համտեսելու ազգային ուտեստներ և պարզապես վայելելու բոլորովին նոր և աշխույժ մթնոլորտ: Փառատոնները հետաքրքիր են և տպավորիչ, ուղեկցվում են երգերով, պարերով ու երաժշտությամբ: Փառատոնների մասին մանրամասն տեղեկություններ ստանալու, ինչպես նաև դրանց մասնակցության պայմաններին ծանոթանալու համար կարող եք այցելել մեր կայքի Փառատոններ էջը:
-
ԽոհանոցՀայկական ավանդական խոհանոցն ունի ճաշատեսակների մեծ բազմազանություն: Թարմ բանջարեղենն ու միսն ամենասիրելի կերակուրների ցանկում են: Հայկական որևէ տոնակատարության սեղան անհնար է պատկերացնել առանց խորովածի, քյուֆթայի, հարիսայի, սպասի, դոլմայի, խաշլամայի կամ ղափամայի: Ճաշկերույթը նախատեսում է մեծ ծիսակատարություն՝ սկսած պատրաստման ընթացքից մինչև սեղանի շուրջ անցկացրած վերջին վայրկյանը: Երևանի բազմաթիվ ռեստորաններ առաջարկում են տեղական ուտեստների յուրահատուկ ընտրանի: Կարելի է ճաշակել նաև համաշխարհային ճանաչում ձեռք բերած տարբեր խոհանոցների ուտեստներ: Երևանի ռեստորանների, սրճարանների և ժամանցի վայրերի մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ մեր կայքի Ռեստորաններ էջից:
-
Հայտնի մարդիկ՝ Հայաստանի մասինԵրբ հայերը կանգնում են ձեռք-ձեռքի բռնած, ուս-ուսի տված և հողը ոտքի տակ տալիս թմբուկների ու ծիրանափողի ձայների ներքո, ավելի շուտ իմ պալատի սյուները փոշու հատիկների կվերածվեն, քան որևէ մեկը ի զորու կլինի նրանց կանգնեցնել:
Գայոս Հուլիոս Կեսար
Կարծում եմ, որ հրաբխային տուֆից կառուցված և վարդի պես ներդաշնակ Երևանը աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկն է:
Պաբլո Ներուդա, չիլիացի բանաստեղծ, Նոբելյան մրցանակի դափնեկիր
Աշխարհի երեսին չկա մեկ ուրիշ երկիր, որ այդքան հագեցած լինի հրաշքներով, ինչքան՝ հայերի երկիրն է:
Ջորջ Գորդոն Բայրոն, անգլիացի բանաստեղծ
Հայաստանը բիբլիական երկիր է: Նրա ընդերքում կյանք է եռում: Այդ է պատճառը, որ այստեղ գետինն այդքան ջերմ է, իսկ ջուրը՝ այդչափ տաք: Հայաստանի ընդերքում ես կյանքն եմ զգում:
Անդրեյ Տարկովսկի, սովետական շրջանի կինոռեժիսոր, սցենարիստ
Եթե ինձ հարցնեն, թե աշխարհում որտեղ կարելի է ականատես լինել անթիվ հրաշքների, ես կասեմ՝ Հայաստանում: Ակամայից զարմանում ես, թե ինչպես է հնարավոր աշխարհի այս փոքր անկյունում գտնել այս քանակով արձաններ և հանդիպել այսքան մեծ թվով մարդկանց, որոնք կարող են ողջ աշխարհի զարդն ու պարծանքը դառնալ:
Ռոքվել Քենթ, ամերիկացի նկարիչ, գրող
Հայաստանը քաղաքակրթության օրրան է, հին աշխարհի առաջատար և զարգացած երկրներից մեկը:Ֆրանց Վերֆել, ավստրիացի վիպասան, բանաստեղծ