Հաճախ տրվող հարցեր

  • Ինչպիսի՞ն է եղանակը Հայաստանում:
    Հայաստանյան կլիման չոր արևադարձային է: Տարվա մեջ գերիշխում են հիմնականում արևաշատ օրերը (ավելի քան 300 օր՝ 1 տարվա ընթացքում): Այստեղ շոգ ամառներ են, ջերմաստիճանը տատանվում է +22C-ից +36C-ի միջև: Ձմեռները հիմնականում ցուրտ են՝ միջինը -15C-ից մինչև -1C: Բարձր լեռների գագաթները պատված են հավերժական ձնաշերտով, մինչդեռ դրանց ստորոտներին ծավալվում են ալպյան մարգագետինները: Բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են լեռնադահուկային սպորտով և այլ ձմեռային մարզաձևերով, Հայաստանը ճիշտ ընտրություն է: Հայաստան այցելելու լավագույն սեզոնը համարվում է գարունը կամ աշունը, քանի որ այդ ժամանակ եղանակը մեղմ է, իսկ բնությունը՝ ոգեշնչող: Մինչդեռ, այն մարդկանց համար, որոնք գերադասում են արևը և տաք եղանակը, Հայաստանը կատարյալ է ամռան ընթացքում: Ամենօրյա եղանակային կանխատեսումներին կարելի է ծանոթանալ հետևյալ ինտերնետային կայքում:
  • Որտեղի՞ց կարող եմ գտնել Երևանի/Հայաստանի ԱՆՎՃԱՐ ՔԱՐՏԵԶ:
    Երևանի և Հայաստանի ԱՆՎՃԱՐ ՔԱՐՏԵԶ կարող եք գտնել գրեթե բոլոր հյուրանոցներում, հոսթելներում, հյուրատներում, Երևանի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնում, ինչպես նաև մեր ընկերության բոլոր մասնաճյուղերում, այդ թվում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում գտնվող հատուկ տաղավարում:
  • Որտե՞ղ կարող եմ օգտվել ԱՆՎՃԱՐ WIFI-ից:
    Շատ հեշտ է գտնել ԱՆՎՃԱՐ WIFI ամբողջ Երևանի տարածքում, ներառյալ՝ մետրոյի կայարանները, ավտոբուսների կանգառները, սրճարանները, ռեստորանները, հյուրանոցները, հոսթելները, առևտրի կենտրոնները, գեղեցկության սրահները և այլն: ԱՆՎՃԱՐ WIFI-ից կարելի է օգտվել մեր ընկերության կողմից կազմակերպվող խմբային էքսկուրսիաների ընթացքում, ինչպես նաև մեր բոլոր մասնաճյուղերում:
  • Ի՞նչ տիպի հագուստ է նախընտրելի կրել եկեղեցիներ/վանական համալիրներ այցելելիս:
    Հայաստանի ցանկացած եկեղեցի կամ վանական համալիր այցելելիս նախընտրելի է հագնել հարմարավետ սպորտային կոշիկներ (անհրաժեշտ ճանապարհները ոտքով անցնելու համար), ինչպես նաև կրել ոչ թափանցիկ հագուստ: Ճիշտ կլինի կարճ շրջազգեստների և շորտերի փոխարեն տաբատ և սպորտային վերնաշապիկ ընտրելը:
  • Որտեղի՞ց կարելի է հուշանվերներ ձեռք բերել և ու՞ր կարելի է գնալ շոփինգի:
    Դուք կարող եք հուշանվերներ գնել «Վերնիսաժ»-ից, որը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակի մոտ: Վաճառքի դրված գրեթե բոլոր հուշանվերները ձեռքի աշխատանք են՝ պատրաստված կերամիկայից, փայտից, քարից, ապակուց... Որպես հուշ կարող եք տանել Ձեր հետ Հայաստանի խորհրդանիշներից մեկը՝ նուռ, ծիրան, խաչքարի փոքր օրինակ, եռագույն դրոշ, Արարատ լեռան փոքր օրինակ, ազգային երաժշտական գործիք՝ դուդուկ, նարդի, շախմատ և այլն: Այստեղ վաճառվում են արվեստի բազմաթիվ նմուշներ, գորգեր, ավանդական տարազ, պայուսակներ, զարդեր, սառնարանի մագնիսներ, բանալիների կախիչներ և նույնիսկ ազգային զարդանախշերով սպասք:

    Երևանում կան բազմաթիվ առևտրի կենտրոններ՝ «Դալմա Գարդեն Մոլ», «Երևան Մոլ», «Մեգամոլ» «Ռիո Մոլ», «Ռոսսիա Մոլ», «Տաշիր Սթրիթ», «Տաշիր», որտեղ կարելի է գտնել անհրաժեշտ ամեն ինչ՝ սկսած հագուստից, աքսեսուարներից, օծանելիքից մինչև գրքեր, խաղալիքներ և էլեկտրոնիկա:

    Գրեթե բոլոր փողոցներում կգտնեք սուպերմարկետներ. «ՍԱՍ», «Նոր Զովք», «Ծիրան», «Երևան Սիթի», «Պարմա», «Կրպակ», «Գուրմենիա» գաստրոմարկետ և այլն, որոնք առաջարկում են բազմազան արտադրատեսակներ, այստեղ վաճառվում է չրեղեն և հանրահայտ հայկական կոնյակների մեծ տեսականի: Սուպերմարկետները հիմնականում աշխատում են 24/7: Եթե ցանկանում եք փորձել տեղական մրգերը, բանջարեղենը, չրերը, ինչպես նաև զգալ իսկական հայկական համուհոտը, ապա անպայման այցելեք «Գում»-ի շուկա, որը գտնվում է «Տաշիր» առևտրի կենտրոնի մոտ:
  • Երևանում կա՞ն դեղատներ, որոնք բաց են 24 ժամ:
    Դեղատներ Երևանում կգտնեք ամեն քայլափոխի, նրանց հիմնական մասն աշխատում է ամենօրյա գրաֆիկով՝ 24 ժամ, այնպես որ վստահ եղեք՝ Դուք կգտնեք անհրաժեշտ դեղորայքը՝ հարկ եղած ժամանակ:
    Առո՛ղջ եղեք:
  • Ո՞ր ավիաուղիներն են թռիչքներ իրականացնում դեպի Հայաստան:
    Հայկական, Ռուսական և Ուկրաինական ավիաուղիներն իրականացնում են ուղիղ թռիչքներ ԱՊՀ-ի գրեթե բոլոր մեծ քաղաքներից: «Ֆլայ Դուբայ», «Էյր ֆրանս», «Աէրոֆլոտ», «Ասեման», «Ավստրիական ավիաուղիներ», «Չեխական ավիաուղիներ», «Սիբիր» և այլ ավիաընկերություններ իրականցնում են ուղիղ թռիչքներ Դուբայից, Փարիզից, Մոսկվայից, Թեհրանից, Վիեննայից, Պրահայից և այլ քաղաքներից: Թռիչքների չվացուցակը ներկայացված է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ինտերնետային կայքում:
  • Ի՞նչ վիզային քաղաքականություն ունի Հայաստանը:
    Հայաստան մուտքի իրավունք (վիզա) տրամադրում է տվյալ երկրում (կամ նրան մոտ) գտնվող Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունը: Վիզայի կարիք չունեն ԱՊՀ երկրների, ԵՄ պետությունների, ինչպես նաև Շենգենյան դրույթները կիրառող պետությունների քաղաքացիները: Մի շարք երկրների քաղաքացիներ վիզա կարող են ստանալ Հայաստան ժամանելուց անմիջապես հետո՝ սահմանային անցակետերում: Սովորաբար այդ գործընթացը տևում է ~20-25 րոպե:

    Այն պետությունների քաղաքացիները, որոնց համար սահմանված է ՀՀ ժամանելու առանց մուտքի վիզայի ռեժիմ, ՀՀ տարածքում կարող են մնալ առավելագույնը 180 օր ժամկետով՝ մեկ տարվա ընթացքում, եթե ՀՀ միջազգային պայմանագրերով այլ ժամկետ սահմանված չէ:

    Վիզայի ժամկետը լրանալիս անհրաժեշտ է երկարաձգել այն Անձնագրային և վիզաների վարչությունում (Երևան, Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 շենք): Ժամկետանց վիզայի դեպքում քաղաքացին ենթարկվում է տույժի:

    Վիզա կարելի է ստանալ նաև նախքան ժամանումը՝ (էլեկտրոնային տարբերակով) դիմելով ՀՀ Արտաքին Գործերի Նախարարություն:

    Վիզաների տրամադրման վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ՀՀ Արտաքին Գործերի Նախարարության ինտերնետային կայքում:
  • Արդյո՞ք Ձեր ծառայությունները ներառում են ապահովագրություն:
    Մեր ընկերության կողմից մատուցվող բոլոր տեսակի տրանսպորտային ծառայությունները ներառում են տրանսպորտային միջոցի և ուղևորների ապահովագրությունը Հայաստանում և Արցախում (ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում)։ Ինչ վերաբերում է ճանապարհորդական/առողջական ապահովագրությանը, ապա ցանկալի կլինի, որ նախօրոք՝ մինչ Հայաստան ժամանելը, դիմեք Ձեր երկրում ապահովագրությամբ զբաղվող որևէ ընկերության: Ամեն դեպքում, ապահովագրություն հնարավոր կլինի ձևակերպել նաև Ձեր՝ Հայաստան ժամանելուց հետո, օրինակ, Երևանում գործող «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերության միջոցով:
  • Ինչպե՞ս վարվել, եթե կորցրել եմ ուղեբեռս:
    Այն դեպքում, երբ «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ժամանելիս հայտնաբերում եք, որ Ձեր ուղեբեռը բացակայում է, անհրաժեշտ է մոտենալ կորած և գտնված իրերի բաժին ("Lost & Found") մինչև ժամանման սրահից դուրս գալը:
  • Որո՞նք են հայկական խոհանոցի ավանդական ճաշատեսակները:
    Ավանդական և ամենահայտնի հայկական ուտեստներն են տոլման, խորովածը, քյուֆթան, խաշը, սպասը, հարիսան, ղափաման: Հայկական ավանդական լավաշ հացը հանդիսանում է ցանկացած կերակուրի բաղկացուցիչ մասը:
  • Ինչպե՞ս պատվիրել սննդի առաքում:
    Դուք կարող եք պատվիրել ամեն տեսակի սնունդ՝ բանջարեղեն, մրգեր և աշխարհի տարբեր խոհանոցների ուտեստներ հետևյալ ինտերնետային կայքից. Menu.am: Գործում է առցանց վճարման տարբերակ:
  • Ի՞նչ համերգասրահներ, թատրոններ, կինոթատրոններ կարելի է այցելել Երևանում:
    Համերգասրահների, թատրոնների, կինոթատրոնների, առաջիկայում նախատեսվող համերգների, ներկայացումների, ինչպես նաև ֆիլմերի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել հետևյալ ինտերնետային կայքերում. Toms.am կամ Tomsarkgh.am:
  • Ե՞րբ կարող եմ տեսնել Հանրապետության հրապարակի երգող-պարող շատրվանների շոուն:
    Հանրապետության հրապարակը հիանալի տեղ է՝ վայելելու երգող-պարող շատրվանների շոուն: Սկսած մայիս ամսվա սկզբից մինչև աշնան կեսերը, ամեն օր՝ բացի երեքշաբթիից (սանիտարական օր) 20:00-23:00 այստեղ կարող եք լսել հայտնի մեղեդիներ, որոնք ուղեկցվում են հատուկ լուսաձայնային էֆեկտներով:
  • Արդյո՞ք ապահով է Երևանում զբոսնել ուշ գիշերով:
    Երևանը անվտանգ, խաղաղ և հանգիստ քաղաք է: 2018թ.-ին այն զբաղեցրել է 36-րդ տեղը "The Daily Meal"-ի «Աշխարհի 50 ամենաանվտանգ քաղաքներ»-ի ցանկում և 7-րդ տեղը՝ համաձայն 2019թ.-ի Համաշխարհային օրենքի և կարգի հաշվետվության:
  • Արդյո՞ք անձնագիրս ինձ մոտ պետք է լինի, երբ դուրս եմ գալիս քաղաք՝ զբոսնելու:
    Կարիք չկա Ձեր հետ անձնագիր վերցնելու, երբ դուրս եք գալիս քաղաք՝ զբոսնելու: Անձնագրի կարիք կլինի այն ժամանակ, երբ անհրաժեշտ լինի փոխանակել 100 000 AMD գերազանցող գումար: Ինչ վերաբերում է մեր ընկերության կողմից կազմակերպվող էքսկուրսիաներին՝ անձնագիրն անհրաժեշտ է վերցնել դեպի Գորիս, Արցախ և Վրաստան խմբային էքսկուրսիաների ժամանակ՝ հյուրանոց մուտք գործելիս և/կամ սահման հատելիս, նմանատիպ ուղղություններով անհատական էքսկուրսիաներին մասնակցելիս, ինչպես նաև ցանկացած էքսկուրսիայի ընթացքում, երբ նախատեսվում է գիշերակաց:
  • Ժամանցի ի՞նչ տեսակներ կան Երևանում երեխաների համար:
    Երևանը սիրում է բոլոր տարիքի երեխաներին:) Այստեղ նրանց սպասվում է ժամանցային գունառատ շարք. «Ջրաշխարհ», Երևանի կենդանաբանական այգի, Երևանի բուսաբանական այգի, Հաղթանակ զբոսայգի, Երևանի մանկական երկաթուղի, «Կապիտան Քիդի գանձերի կղզին», «Սիթիզեն», «Փլեյ Սիթի», «Օրանժ էլեֆանտ», «Գրանդ Քենդի» և շատ ավելին: Դիմեք մեզ, և մենք կապահովենք Ձեր երեխաների հետաքրքիր և ուրախ ժամանցը:
  • Ի՞նչ կառաջարկեք էքստրիմի սիրահարներին:
    Էքստրիմի սիրահարները կարող են վայելել Հայաստանի տարբեր մարզերում գործող անվտանգ, ապահով ճոպանուղիները, օդապարիկով թռիչքը, պարագլայդինգը, զիփլայնով, ինչպես նաև պարաշուտով թռիչքը: Մանրամասների համար խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ:
  • Ո՞րն է հայկական դրամական միավորը: Ո՞ր արտարժույթն է ավելի նպատակահարմար վերցնել Հայաստան ճանապարհորդելիս: Որտե՞ղ կարելի է տարադրամ փոխանակել:
    Հայկական դրամական միավորը կոչվում է «դրամ» (կոդը՝ AMD), և, ըստ օրենքի, բոլոր ապրանքներն ու ծառայությունները պետք է վճարվեն միայն հայկական դրամով: Դեբետային և կրեդիտային քարտերը լայն կիրառություն ունեն մայրաքաղաքում, բանկոմատներ կան Հայաստանի խոշոր քաղաքներում: Եթե նախատեսում եք այցելել հեռավոր շրջաններ, անպայման բավականաչափ կանխիկ գումար ունեցեք Ձեր հետ:) Ձեր բնակության երկրից Հայաստան ճանապարհորդելիս կարող եք բերել ցանկացած արտարժույթ. այն հնարավոր կլինի փոխանակել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում անմիջապես Ձեր ժամանման օրը, ինչպես նաև հանրապետության բոլոր բանկերում և փոխանակման կետերում: Անձնագրի առկայությունը 100 000 AMD և ավելի գումար փոխանակելիս՝ պարտադիր է:
  • Բջջային կապի ի՞նչ օպերատորներ կան Հայաստանում:
    Հայաստանի գրեթե ողջ տարածքում գործում են 3 բջջային օպերատորներ՝ «Բիլայն», «Վիվա Սելլ», «Յուքոմ», որոնց քարտերը կարելի է ձեռք բերել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից, այդ օպերատորների գրասենյակներից կամ մեծ խանութներից՝ ներկայացնելով անձնագրի պատճենը: Քարտերը ապահովում են 3G/4G կապ և գերարագ ինտերնետ: Բջջային հեռախոսից Երևանի քաղաքային ցանցի հեռախոսահամարներին զանգահարելիս պետք է հավաքել 0, քաղաքի կոդը, այնուհետև հեռախոսահամարը:
  • Որո՞նք են արտակարգ իրավիճակներում անհրաժեշտ հեռախոսահամարները:
    • Հրշեջ ծառայություն – 101
    • Ոստիկանություն – 102
    • Շտապ բժշկական օգնություն – 103
    • Գազի վթարային ծառայություն – 104
    • Արտակարգ իրավիճակների արագ արձագանքման ծառայություն – 911, 101
    • Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ – 108
    • ՀՀ Օմբուդսմեն (մարդու իրավունքների պաշտպան)՝ թեժ գիծ – 116
  • Ի՞նչ լարման և հաճախականության էլեկտրականություն է օգտագործվում Հայաստանում:
    Կենցաղում օգտագործվող էլեկտրականությունը 220 Վ, 50 Հց է, ինչպես գրեթե ողջ Եվրոպայում: Վարդակների ստանդարտը՝ CEE՝ հիմնականում առանց հողանցման: Տարբեր երկրների ստանդարտների փոխարկիչներ կարելի է գնել Երևանի գրեթե բոլոր խանութներում, որտեղ վաճառվում են կենցաղային սարքավորումներ և էլեկտրոնիկա:
  • Ո՞ր ժամային գոտում է գտնվում Հայաստանը:
    Գրինվիչի ժամանակ՝ +4 ժամ (GMT+4): 2012թ.-ից Հայաստանում ամառային և ձմեռային ժամանակների անցում չի կատարվում:
  • Ի՞նչ տեսակի քաղաքային տրանսպորտ է գործում Հայաստանում:
    Գործում են տրանսպորտի հետևյալ տեսակները.

    • Մետրո: Երևանյան մետրոն ունի քաղաքի հյուսիսից-հարավ ձգվող մի երթուղի՝ 10 կայարաններով: Երթևեկության վարձը 100 AMD է:
    • Ավտոբուս: Ավտոբուսները երթևեկում են գլխավոր ուղղություններով, վարձը՝ 100 AMD:
    • Միկրոավտոբուս: 12-15 տեղանոց միկրոավտոբուսները երթևեկում են գրեթե բոլոր ուղղություններով, վարձը 100 AMD է:
    • Տաքսի: Կան տաքսի ծառայության շատ գրասենյակներ, որոնք պատվերն ընդունում են հեռախոսով՝ առաջարկելով հարմարավետ ավտոմեքենաներ: Գինը 1 կմ-ի դիմաց 100 AMD է (նվազագույն ուղեվարձը՝ 600 AMD): Փողոցների խաչմերուկներում և մարդաշատ վայրերում նույնպես կարելի է գտնել տաքսիներ: Բացի այդ, կան հատուկ բջջային հավելվածներ, օրինակ «Ջի Ջի տաքսի», «Յանդեքս տաքսի», «Յու տաքսի» և այլն (հասանելի Android-ի և iOS-ի համար), որոնց միջոցով հնարավոր է տաքսի պատվիրել:
  • Ի՞նչ ժամանակացույցով է աշխատում հասարակական տրանսպորտը:
    Կարող եք պլանավորել Ձեր երթուղին Հայաստանում ավտոբուսով կամ գնացքով, ինչպես նաև ստանալ մանրամասն տեղեկություններ հասարակական տրանսպորտի ժամանակացույցերի մասին հետևյալ ինտերնետային կայքի միջոցով:
  • Կարո՞ղ եմ վարձակալել մեքենա՝ վարորդով: Եթե ցանկանամ ինքս վարել մեքենա, ինչպիսի՞ վարորդական վկայական պետք է ունենամ:
    Այո, իհարկե, կարող եք վարձակալել տարբեր տեսակի ավտոմեքենաներ, ամենագնաց, մինիվեն, միկրոավտոբուս կամ ավտոբուս վարորդով: Պայմաններին և գներին ծանոթանալու համար այցելեքմեր ինտերնետային էջի Ժամավարձով տրանսպորտ վարորդով բաժինը:

    Այն դեպքում, եթե նախընտրում եք ինքներդ վարել մեքենա, անհրաժեշտ է ունենալ գործող վարորդական վկայական՝ կազմված ռուսերենով կամ լատինատառով: Ավտովարձույթի համար կարող եք դիմել «Քարավան – Ավտովարձույթ» ընկերություն:
  • Հայաստանում կա՞ն տեսարժան վայրեր, որոնք հասանելի չեն անվասայլակ օգտագործող մարդկանց համար: Ինչպե՞ս կարելի է վարձակալել անվասայլակ:
    Հայաստանի տեսարժան վայրերի (եկեղեցիներ, վանական համալիրներ, քարանձավներ, ջրվեժներ և այլն) մեծ մասը, ցավոք, առհասարակ անհասանելի է կամ էլ դժվարամատչելի է անվասայլակ օգտագործող մարդկանց համար: Եթե ցանկանում եք վարձակալել անվասայլակ կամ այլ պարագաներ, կարող եք դիմել "Wheels On Wheels" ընկերությանը: Կոնտակտային հեռախոսահամար՝ +374 91 016 565:
  • Որտեղի՞ց կարող եմ բացիկ ուղարկել:
    Բացիկներ կարող եք գնել և ուղարկել «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ-ի բոլոր մասնաճյուղերից: Գլխավոր փոստատներից մեկը գտնվում է Հանրապետության հրապարակում՝ Կառավարության շենքի դիմաց, մեկ այլ մասնաճյուղ տեղակայված է Նալբանդյան փողոցում՝ անմիջապես մեր գլխավոր գրասենյակի դիմաց: Հայկական բացիկների և նամականիշների ակունքների և նշանակությունների մասին կարող եք կարդալ «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ-ի պաշտոնական ինտերնետային կայքում:
  • Հայաստանում հատկապես որտե՞ղ խորհուրդ կտաք անցկացնել ամառային/ձմեռային հանգիստը:
    Ամռանը Հայաստանում բնությունն իր ամենագեղեցիկ ծաղկունքն է ապրում Սևանում, Դիլիջանում, Ջերմուկում և Աղվերանում, իսկ ակտիվ ձմեռային հանգիստ անցկացնելու և ձմեռային սպորտաձևերով զբաղվելու լավագույն տարբերակներն են Ծաղկաձորն ու Ջերմուկը:

    Մարզերում գտնվող տարբեր հանգստավայրերի մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ հետևյալ հղումներով համապատասխանաբար՝ Սևան, Դիլիջան, Ջերմուկ, Աղվերան, Ծաղկաձոր:
  • Ի՞նչ տաք աղբյուրներ կան Հայաստանում, ինչպե՞ս կարող եմ այնտեղ գնալ:
    Հայաստանը հայտնի է Ջերմուկում, Արզնիում, Հանքավանում և Արզաքանում գտնվող իր տաք աղբյուրներով: Շնորհիվ բուժիչ հատկությունների՝ դրանք լայնորեն օգտագործվում են բժշկական նպատակներով: Տաք աղբյուրների մոտ կան բազմաթիվ առողջարաններ, որտեղ կարելի է ինչպես բուժում անցնել, այնպես էլ վայելել անտառների մաքուր օդը: Անհրաժեշտ է դիմել մեզ որպեսզի մենք կազմակերպենք Ձեր առողջ հանգիստը:
  • Հնարավո՞ր է արդյոք մի քանի օր ապրել Հայաստանի գյուղերից մեկում:
    Մենք սիրով կարող ենք կազմակերպել Ձեր համար այց հայկական գյուղեր, որտեղ հնարավորություն կլինի ծանոթանալ գյուղական առօրյային. թխել հայկական ավանդական լավաշ հացը թոնիրներում, պատրաստել պանիր, մածուն, մեղր, տնական գինի, սուջուխ, ընթրել տեղացիների հետ, ձիավարել և շատ ավելին: Հարկավոր է պարզապես դիմել մեզ, որպեսզի կարողանանք մշակել Ձեր համար գյուղական կյանքը բացահայտելու յուրօրինակ տարբերակ:
  • Հնարավո՞ր է մի քանի օր ապրել հայկական ընտանիքներում և ծանոթանալ տեղի կենցաղին:
    Մենք՝ հայերս, շատ հյուրընկալ ազգ ենք, և պատրաստ ենք ընդունել մեր ընտանիքում յուրաքանչյուրի: Եթե ցանկանում եք զգալ իսկական հայկական մթնոլորտը, ուսումնասիրել մեր ավանդույթներն ու սովորույթները, պարզապես դիմեք մեզ:
  • Որտեղի՞ց է բացվում լավագույն տեսարանը դեպի Արարատ լեռը:
    Կարող եք հիանալ բիբլիական Արարատ լեռ բացվող տեսարանով Խոր Վիրապ վանական համալիրից և Չարենցի կամարից մեր էքսկուրսիաների ընթացքում, ինչպես նաև Կասկադ համալիրի դիտակետից՝ Երևանում: Մեր կազմակերպության կողմից առաջարկվող Երևանի կենտրոնում գտնվող բնակարանների մեծամասնությունից ևս բացվում է տեսարան դեպի դյութիչ Արարատը:
  • Թույլատրելի՞ է արդյոք ծխելը ցանկացած վայրում:
    Կան բազմաթիվ բացօթյա և փակ հանրային վայրեր, սրճարաններ, ռեստորաններ և այլն, որտեղ կգտնեք ինչպես ծխողների, այնպես էլ չծխողների համար նախատեսված սրահներ: Հասարակական վայրերում ծխելն արգելելու միտումն օրեցօր աճում է, քանի որ Հայաստանում մենք առողջ ապագայի կողմնակից ենք: Ծխելն արգելված է տրանսպորտային միջոցներ վարելու ընթացքում: Որոշ հյուրանոցներում դեռ կան ծխողների համար նախատեսված սենյակներ:
  • Արդյո՞ք անվտանգ է ծորակի ջուր խմելը:
    Հայաստանն այն բացառիկ երկրներից է, որտեղ անվտանգ է ծորակից ջուր խմելը. այն հոսում է սկիզբ առնելով սարերի աղբյուրներից: Մինչևիսկ բոլոր քաղաքներում և գյուղերում կարող եք հանդիպել քարից հուշարձանի տեսքով ջրի փոքրիկ աղբյուրներ (պուլպուլակներ), որոնք անցորդներին ապահովում են անվճար խմելու մաքուր ջրով: Երևանի փողոցներում ցայտաղբյուրներն առաջին անգամ հայտնվել են 1920-ական թթ.-ին և ժամանակի ընթացքում մեծ տարածում գտել՝ կազմելով հայկական մշակույթի բաղկացուցիչ մասը:
Տարածել՝
Facebook Twitter