«Հյուր սերվիս» ընկերության մասին

  • Ով ենք մենք, մեր առաքելությունն ու նպատակները
    Մեզ ճանաչելու և մեր էությունը բացահայտելու համար պետք է պարզապես իմանաս, որ մենք սիրում ենք Հայաստանը:
    Սիրում ենք անվերապահորեն:
    Սիրում՝ անսահման:
    Սիրում ենք այնքան շատ, որ ցավ ենք զգում այն մտքից անգամ, որ որևէ մեկը երբևէ կարող է այցելել Հայաստան և չսիրահարվել նրան այնպես, ինչպես մենք ենք սիրահարվել:

    Մեր առաքելությունը հենց դա է` անել ամեն ինչ, որ դու էլ սիրահարվես Հայաստանին:

    Սկսած քո առաջին քայլից մեր սուրբ հողի վրա,
    մեր երկրում քո առաջին արևածագից,
    առաջին անգամ իսկական ծիրան ու լավաշ համտեսելուց,
    Արարատի կողմ ուղղված քո առաջին հայացքից,
    քայլ առ քայլ,
    մինչև հրաժեշտի վերջին արցունքները
    մենք անում ենք լավագույնը, որ դու վայելես քո այցը, կտրվես առօրյա հոգսերից և սուզվես Հայաստանի հրաշալիքներում:

    Եվ ուրեմն՝
    մենք զբոսաշրջային գործակալություն չենք,
    մենք ծառայություն մատուցող ընկերություն չենք,
    մենք հյուրանոց չենք,
    մենք տուր օպերատոր չենք:
    Մենք պարզապես քո ընկերն ենք, և ուզում ենք քեզ ծանոթացնել քո կյանքի հերթական սիրո հետ:

    Բայց իմացած եղիր, մեկ անգամ Հայաստանին սիրահարվելիս, այլևս ընդմիշտ այդ սիրով ես ապրելու:
    Եվ երբ բռնկվես դու այդ սիրով, միայն այդ պահին մենք մեր նպատակը կհամարենք իրականացած:
  • Ինչպես սկսեցինք
    2001թ.-ին Հայաստանը նշում էր Քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն հռչակելու 1700 ամյակը: Այս նշանակալի իրադարձությանը մասնակցելու նպատակով 2001թ.-ին Հայաստան այցելեցին մոտ 90 000 զբսաշրջիկներ, ինչն աննախադեպ էր այդ տարիների համար և դարձավ Հայաստանում զբոսաշրջության սկզբնավորման կարևոր խթան: Բավականին դժվարություններ կային զբոսաշրջիկների այդպիսի հոսքերը պատշաճ ընդունելու համար, քանի որ շատ քիչ էին հյուրանոցներն ու զբսաշրջային ծառայություններ մատուցողները, իսկ ինտերնետի հնարավորությունները գրեթե բացակայում էին: Այցելուների մի մասը Հայաստան էր եկել պետական միջոցառումների շրջանակներում, մի մասը՝ ծանոթ-բարեկամների օգնությամբ, մի մասն էլ՝ նախօրոք «ավանդական խմբային ուղեգրեր» էին ձեռք բերել իրենց երկրներում գտնվող զբոսաշրջային ընկերություններից:

    Վերլուծելով զբոսաշրջիկների դժվարությունները` մտածում էինք. ի՞նչ պետք է անի զբոսաշրջիկը, եթե իր նախընտրած ժամկետում ցանկանում է գալ Հայաստան, գիշերել իր պահանջներին բավարարող հյուրանոցում կամ բնակարանում, շրջել իրեն հետաքրքրող վայրերում, ստանալ այցի ընթացքում անհրաժեշտ տարբեր ծառայություններ: Ինչպե՞ս պետք է գտնի, ընտրի և պատվիրի այդ ծառայությունները: Որոշեցինք ստեղծել այդպիսի հնարավորություններ առաջարկող ընկերություն, որ Հայաստան այցելողը կարողանա մինչև ժամանելը ստանա խորհուրդներ, ընտրի և պատվիրի այն բոլոր ծառայությունները, որոնց կարիքն ունենալու է Հայաստանում: Այստեղից հենց ծնվեց ընկերության անվանումը՝ «Հյուր սերվիս» – ծառայություններ Հայաստան այցելող հյուրերին:

    Այն գրանցվեց 2002թ.-ի հունիսի 25-ին: Առաջին գրասենյակը բացվեց նույն թվականի հուլիսին՝ Երևան քաղաքի Չարենցի փողոցում գտնվող, 20 ք. մ. մակերեսով մի սենյակում, 3 աշխատակիցներով: Գնեցինք 1 հատ «Pentium II» օգտագործված համակարգիչ, որոշ գրասենյակային գույք և սկսեցինք ձևավորել զբոսաշրջային ծառայություններ առաջարկող ինտերնետային էջ՝ հայերեն, անգլերեն, ֆրանսերեն լեզուներով: Այն սկսեց գործել մի քանի ամիս անց և առաջին զբոսաշրջիկը մեզ դիմեց 2002թ.-ի հոկտեմբեր ամսին ...
  • Մեր արժեքները
    • Նպատակասլացություն և նվիրվածություն
    • Ջերմություն և սիրալիրություն
    • Հոգատարություն և սրտացավություն
    • Թիմային աշխատանք և անհատական մոտեցում
    • Քաջալերանք և շարունակական կրթություն
    • Աշխատասիրություն և նախաձեռնողականություն
    • Արդյունավետություն և գերազանց որակ
    • Ստեղծագործականություն և նորարարություն
  • Մեր նվաճումները
    • «Հյուր սերվիս»-ը վաղուց դարձել է Հայաստանի առաջատար զբոսաշրջային ընկերություններից մեկը: Այն գործում է Երևանի 5 տարբեր գրասենյակներում, այդ թվում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում:
    • Մեր ընկերության ինտերնետային կայքն ասես Հայաստանի մասին զբոսաշրջային հանրագիտարան լինի՝ 7 լեզուներով և տարեկան 300 000 այցելուներով:
    • Ավելի քան 100 փորձառու և նվիրված աշխատակիցներով մեր թիմն ամեն օր բացում է դեպի հայկական հյուրընկալություն տանող դռներն աշխարհի գրեթե 180 երկրներից ժամանող հյուրերի առջև:
    • 2019թ.-ի ընթացքում ավելի քան 100 000 զբոսաշրջիկ օգտվել է մեր ընկերության ծառայություններից:
    • Մեր ընկերության տարեկան միջին աճը կազմում է շուրջ 15%:
    • Մեր տրանսպորտային կազմն ընդգրկում է ավելի քան 40 բարձրակարգ ավտոբուսներ, միկրոավտոբուսներ և ավտոմեքենաներ:
    • 2006թ.-ից սկսած ամեն տարի մենք կազմակերպել ենք հատուկ դասընթացներ, որոնց ընթացքում տարբեր լեզուների տիրապետող շուրջ 250 մասնագետներ դարձել են բարձրակարգ էքսկուրսավարներ:
    • 2018թ.-ից սկսած՝ մենք թողարկում ենք «I Armenia» երկլեզու անվճար զբոսաշրջային հանդեսը տարեկան 6 անգամ՝ բացառիկ տպաքանակով՝ 60 000 օրինակ: 
    • Անցած տարիների ընթացքում մենք բազմիցս պարգևատրվել ենք մեր հյուրերի, գործընկերների, ինչպես նաև կառավարության կողմից: Տարբեր մրցանակաբաշխությունների ժամանակ պատիվ ենք ունեցել արժանանալու «Հայաստանի լավագույն տուր օպերատոր» կոչմանը:
    • Հյուրերի կողմից հրապարակված հազարավոր կարծիքների շնորհիվ՝ «Հյուր սերվիս»-ը TripAdvisor համաշխարհային զբոսաշրջային մեգահարթակում առաջին տեղն է զբաղեցնում՝ Հայաստանյան բոլոր ներկայացուցիչների շարքում:
  • Մեր երազանքը
    Մենք ամեն րոպե հպարտորեն ներկայացնում ենք մեր Հայրենիքը՝ աշխարհի հինավուրց և գողտրիկ անկյուններից մեկը: Մենք լցված ենք հույսով, որ մեր հյուրերից յուրաքանչյուրը հերթական այցով կվերադառնա Հայաստան՝ ընկերների և բարեկամների հետ միասին: Մեր ամենամեծ երազանքն է, որ Հայաստանն ընդգրկված լինի աշխարհի բոլոր մարդկանց ճանապարհորդական ծրագրերում... Եվ ամեն օր մենք զգում ենք, թե ինչպես է մեր երազանքն իրականություն դառնում...
Տարածել՝
Facebook Twitter